Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Հաղորդության անհրաժեշտությունը,
«Արգելքներ» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Եսայի մարգարե, 17.7-14
Այն օրը մարդն իր յոյսը դնելու է իր Արարչի վրայ, եւ նրա աչքերը պիտի նայեն Իսրայէլի սրբին: Այլեւս չպիտի ապաւինեն մեհեաններին եւ ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց իսկ մատները պատրաստեցին, այլ ապաւինելու են Իսրայէլի սրբին. ո՛չ իրենց սրբազան կոթողներին են նայելու, ո՛չ էլ իրենց գարշելի կուռքերին:
Այն օրը քո քաղաքները պիտի լքուեն ու աւերակ դառնան, ինչպէս որ Իսրայէլի զաւակների երեսից անհետացան ամորհացիներն ու խեւացիները: 10 Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն եւ չյիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհաւատ տունկ եւ անհաւատ սերմ պիտի տնկես: Այն օրը, երբ տնկես, պիտի մոլորուես: Եթէ անգամ կանուխ սերմանես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը, երբ կտակելու ես, ինչպէս հայրն է ժառանգութիւն թողնում իր որդիներին: Վա՜յ ձեզ, բիւրաւոր ազգերի բազմութիւննե՛ր, այնպէս պիտի խռովուէք, ինչպէս ալեկուտակ ծովը. բիւրաւոր ազգերի ալիքները պիտի շառաչեն ջրերի նման: Բիւրաւոր ազգերը նման են յորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տէրը նրանց պիտի խեղճացնի եւ հալածի հեռու, հեռու: Յարդի մղեղի պէս նրանք պիտի քշուեն քամուց, անիւի փոշու նման փոթորկից հողմացրիւ պիտի արուեն: Երեկոյեան դէմ սուգ պիտի անեն, առաւօտը չբացուած այլեւս գոյութիւն չեն ունենալու: Այս է ձեր աւարառուների բաժինը, եւ ժառանգութիւնը նրանց, որոնք կողոպտում էին ձեզ:
Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 13. 5-13
Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ. չգիտէ՞ք, թէ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կը լինէիք անպիտան: Բայց յոյս ունեմ, թէ կ՚իմանաք, որ մենք անպիտան չենք։ Եւ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ո՛չ որպէսզի մենք ընտիր երեւանք, այլ որպէսզի դուք բարին գործէք, հոգ չէ, թէ մենք անպիտան թուանք, քանի որ չենք կարող հակառակել ճշմարտութեանը, այլ պաշտպան ենք ճշմարտութեան: Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, եւ դուք զօրաւոր էք: Նոյն բանի համար էլ աղօթում ենք, որ դուք հաստատուն լինէք: Ուստի հեռուից գրում եմ այս բանը, որ, երբ գամ, խստութեամբ չվարուեմ Տիրոջ ինձ տուած իշխանութեամբ, որ շինելու համար է եւ ոչ՝ քանդելու: Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղէք, հաստատո՛ւն մնացէք, մխիթարուեցէ՛ք, միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ: Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով. բոլոր սրբերը ողջունում են ձեզ: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սէրը եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեզ հետ լինեն: Ամէն:
Ավետարան ըստ Մարկոսի, 11. 27-33
Դարձեալ Երուսաղէմ եկան. եւ մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները եւ ծերերը ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցէ՛ք ինձ, եւ ես ձեզ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»: Նրանք իրար միջեւ խորհում էին ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ նրան չհաւատացիք, իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում». որովհետեւ բոլորը գիտէին, թէ Յովհաննէսը մարգարէ էր: Պատասխան տուեցին եւ Յիսուսին ասացին՝ չգիտենք. եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
† Դ. կիր. զկնի Ս. Խաչի:
Օրհ. դձ. Օրհնեսցուք զՏէր: Հրց. Յար. դձ. Բ. Որ բարեբանեալդ ես: Մեծ. դձ. Աստուծածին գերագոյն: Ժմտ. Միածին Որդի։ Ճշ. շրկ. դձ. Թագաւոր Քրիստոս։ Հմբ. դձ. Ահագին:
0 կարծիք