Սուրբ Եվստրատիոսը, Օգսենտիոսը, Եվգենիոսը, Ովրեստեսը և Մարդարիոսը թեև հայտնի են հունական անուններով, սակայն հայազգի վկաներ են Սեբաստիա քաղաքից, որոնք հալածվել և նահատակվել են Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի հալածանքների շրջանում: Այս հալածանքները հատկապես սաստիկ են եղել կայսրության ծայրամասերում` այդ թվում և Փոքր Հայքում ու Կապադովկիայում:
Փոքր Հայքի Սատախ քաղաքի զինվորական հրամանատարը Եվստրատիոսին այրում է խարույկի վրա այն բանի համար, որ վերջինս հալածող Լիսիային անվանարկել էր որպես հեթանոս և մերկացրել նրա կռապաշտությունը: Անմարդկային տանջանքների ենթարկվելով` նահատակվում են նաև Օգսենտիոս քահանան, Եվստրատիոսի ընկեր Եվգենիոսը, նրա ծառաներից Մարդարիոսը և Ովրեստես անունով մի զինվորական, ում վզին խաչ էին նկատել:
Հայ Եկեղեցին ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակը տոնում է Հիսնակաց 3-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, 1. 1-9
Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ։
Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը։
Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը եւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխին եւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին։
Նավում, 2. 1-7
Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով. քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին։ Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար։ Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում։ Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին։ Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ։ Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում։
Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 5. 1-5
Ուրեմն, հաւատով արդարացուած, խաղաղութիւն ունենանք Աստծու հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որի միջոցով էլ կարողացանք, հաւատով, մերձենալ այն շնորհին, որի մէջ եւ կանք ու պարծենում ենք Աստծու փառքի յոյսով։ Եւ ոչ միայն այսքանը. այլեւ պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում, համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս։ Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ։
Ավետարան ըստ Մատթեոսի, 5. 1-12
Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.
– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։
– Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։
– Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։
– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։
– Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։
– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։
– Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։
– Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։
– Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։
Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԲԿ. Պահք: Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի։
Օրհ. Մրտ. բկ. Շնորհեա մեզ։ Հրց. Մրտ. բձ. Բ. Ընդ սուրբս քո: Մնկ. եւ Հմբ. բկ. Որ զհուր սիրոյ։ Ժմտ. Ի տաճարի։ Ճշ. շրկ. բկ. Յիշեա զմեզ:
0 կարծիք