Սուրբ Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակի օր

Բաժին՝ Օրեր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Դավիթ մարգարե,

Սուրբ Հակոբոս Տյառնեղբայր։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Թագավորների երկրորդ գիրք, 5. 1-10

Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն, Դաւթի մօտ, ու խօսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք։ Անցեալում, երբ Սաւուղը մեր թագաւորն էր, դու էիր իսրայէլացիներին առաջնորդողը եւ ի մի հաւաքողը։ Տէրը քեզ ասաց. «Դու պիտի հովուես Իսրայէլի իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայէլի առաջնորդը»»։ Իսրայէլի բոլոր ծերերը եկան Քեբրոն, արքայի մօտ, եւ Դաւիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում, Տիրոջ առջեւ։ Նրանք Դաւթին թագաւոր օծեցին ամբողջ Իսրայէլի վրայ։ Դաւիթը երեսուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քառասուն տարի թագաւորեց. եօթը տարի վեց ամիս թագաւորեց Քեբրոնում Յուդայի երկրի վրայ եւ երեսուներեք տարի Երուսաղէմում՝ ամբողջ Իսրայէլի ու Յուդայի երկրի վրայ։ Դաւիթն իր զօրքով գնաց Երուսաղէմ, այդ երկրում բնակուող յեբուսացիների դէմ։ Դաւթին ասացին, թէ՝ «Դու այստեղ չես մտնի, քանզի կոյրերն ու կաղերը քեզ դէմ են կանգնել եւ ասում են. «Դաւիթն այստեղ թող չմտնի»»։ Դաւիթը գրաւեց Սիոնն ու նրա ամրոցը, որ Դաւթի քաղաքն է։ Այդ օրը Դաւիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել յեբուսացիներին, թող սրով յարձակուի կաղերի, կոյրերի եւ Դաւթի անձն ատողների վրայ»։ Դրա համար է, որ ասում են. «Կոյրերն ու կաղերը չպէտք է մտնեն Տիրոջ տունը»։ Դաւիթն ապրեց ամրոցում, եւ այն կոչուեց Դաւթի քաղաք։ Նա շուրջանակի, ծայրից ծայր քաղաք շինեց եւ իր համար էլ տուն կառուցեց։ Դաւիթը գնալով հզօրանում էր, եւ ամենակալ Տէրը նրա հետ էր։

Մնացորդների երկրորդ գիրք, 2. 1-11

Սողոմոնը հրամայեց կառուցել Տիրոջ տունը եւ իր թագաւորական պալատը։ Նա հաւաքեց եօթանասուն հազար բեռնակիրներ, լեռներում աշխատող ութսուն հազար քարհատներ եւ նրանց վրայ վերակացուներ՝ երեք հազար վեց հարիւր մարդ։ Սողոմոնը Տիւրոսի արքայ Քիրամի մօտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Դու իմ հայր Դաւթին օգնել ես՝ մայրի փայտ ես տուել բնակութեան տուն շինելու համար։ Արդ, ես նոյնպէս, նրա որդին, իմ Տէր Աստծու անուան տուն եմ շինում, որ այն Նրան նուիրաբերեմ, Նրա առջեւ խունկ ծխեմ, շարունակ առաջաւորութեան հաց ու ողջակէզներ մատուցեմ ամէն առաւօտ ու երեկոյ, ամէն շաբաթ օրերին, ամսամուտներին եւ մեր Աստծու տօներին։ Եւ սա պէտք է յաւիտեան կատարուի Իսրայէլում։ Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի մեր Տէր Աստուածն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները։ Եւ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի եթէ երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրա փառքը, ես նրա համար ի՞նչ տուն կարող եմ կառուցել։ Ես կարող եմ նրա համար կառուցել մի տուն, ուր միայն խունկ կը ծխեն։ Արդ, ինձ մօտ ճարտար մարդ ուղարկի՛ր, որ գիտենայ մշակել իմ հայր Դաւթի հաւաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մէջ, որ իմանայ քանդակներ պատրաստել Հրէաստանում ու Երուսաղէմում գտնուող իմ վարպետների հետ։ Ինձ Լիբանանից ուղարկի՛ր մայրի, սարդենի եւ թեղենի փայտեր, որովհետեւ գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի։ Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ, որ ինձ համար մեծ քանակութեամբ փայտ պատրաստեն, որովհետեւ այն տունը, որ կառուցելու եմ, պէտք է լինի մեծ ու փառաւոր։ Քո ծառաներին, փայտ կտրող գործաւորներին իբրեւ ռոճիկ կը տամ քսան հազար քոռ ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար չափ գինի եւ քսան հազար չափ ձէթ»։ Տիւրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով եւ այն ուղարկեց Սողոմոնին. «Քանի որ Տէրը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ նրանց վրայ թագաւոր կարգեց»։

Եզեկիել մարգարե, 34. 23-27

Դատելու եմ խոյ առ խոյ ու նրանց վրայ մի հովիւ եմ կարգելու՝ իմ ծառայ Դաւթին, եւ նա հովուելու է նրանց։ Նա է նրանց համար հովիւ լինելու, իսկ ես՝ Տէրս, լինելու եմ նրանց Աստուածը, եւ իմ ծառայ Դաւիթն էլ՝ իշխան նրանց մէջ։ Սա ես՝ Տէրս խօսեցի։ Դաւթի հետ խաղաղութեան դաշինք եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից։ Եւ իմ հօտերը ապահով բնակուելու են անապատում եւ ննջելու են անտառներում։ Իմ լերան շուրջը նրանց օրհնութիւն եմ տալու, ձեզ էլ անձրեւ եմ տալու. եւ անձրեւներն օրհնաբեր են լինելու։ Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զօրութիւնը։ Իրենց երկրներում նրանք խաղաղ ու ապահով են բնակուելու։ Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ խորտակեմ նրանց վզի լուծը։ Փրկելու եմ նրանց իրենց ստրկացնողների ձեռքից։

Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակից, 1. 1-12

Յակոբոսը՝ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն։ Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք։ Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, – եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։ Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը. որովհետեւ արեւը ծագեց՝ խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ։ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին։

Ավետարան ըստ Մատթեոսի, 22. 41-46

Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան ասացին՝ Դաւթի։ Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»։ Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ։ Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳՁ. Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն։

Օրհ. դձ. Յաղթող գտաւ, իւր սարօքն։ Թագ. յաւիտ.՝ Այսօր դասք։ Մեծ. դձ. Առաւօտ խաղաղութեան։ Մնկ. դձ. Օրհնեցէք զՏէր։ Զկնի Տէրն յետ ստեղծմանին երգ՝ Մաքրապէս եւ Յուրախութիւնս (ծանր ասա): Ժմտ. Տէր որ հիմնեցուցեր: Ճշ. շրկ. դձ. (Ողորմեա) Անսկիզբն Աստուած: Սրբ. Ամենակալ: Յերեկոյին՝ Լոյս զուարթ։ Ս. Աստուած՝ որ յարեար։ Հմբ. աձ. Սուրբ ես Տէր եւ Ի քէն հայցեմք։ Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: