Ա. Բարեկենդանի կիրակի
[Ծննդ. Բ]
Երջանկություն
Մարդկային կորած, բայց անկողոպտելի ժառանգությունը
«Յորում ցնծայր զուարճացեալ Անտխրական խնդութեամբ» (Շարական)
Հատկանշական է, որ Մեծ պահքը, ապաշխարանքի և ինքնազրկանքի այդ շրջանը, սկսվում է երջանկության գաղափարին ընծայված մի հիշատակությամբ: Եվ սա` պարզապես հիշեցնելու համար, որ մարդը երջանիկ է ծնվել և, ի վերջո, սահմանված է երջանիկ ճակատագրի համար: Մեծ պահքը հիշեցնում է, թե մարդն ինչո՞ւ և ինչպե՞ս է կորցրել այդ հոգեվիճակը և ապա մի առ մի մատնանշում նրան վերատիրանալու կերպերն ու միջոցները:
Ըստ Հայաստանյայց Եկեղեցու, պահքի բոլոր շաբաթների կամ շրջանների նախընթաց օրը, միակ բացառությամբ Ծննդյան պահքի, միշտ կիրակի է լինում և կոչվում բարեկենդան: Ըստ այսմ, Մեծ պահքի նախընթաց օրն էլ կոչվում է Մեծ կամ Բուն բարեկենդան: Բարեկենդան, ավելի ճիշտ` բարեկենդանություն, նշանակում է բարի կյանք, այսինքն` ուրախ, զվարթ և շեն ապրել, բոլորիս ծանոթ սովորական բացատրությամբ` երջանիկ լինել: Երբ միմյանց հետ երջանկության բաժակ ենք պարպում, ասում ենք` «բարեկենդանություն»: Այս իմաստով Բարեկենդանը հակադիրը, ավելի ճիշտ` նպատակն է Մեծ պահքի:
Բուն Բարեկենդանը թեև Մեծ պահքի հաշվեհամարում չկա, բայց, ըստ օրացույցի, կազմում է նրա վեց կիրակիներից առաջինը` իբրև «Ա քառասնորդաց», այսինքն` քառասուն օրերի շրջանի առաջին կիրակի:
Բարեկենդանը միաժամանակ հիշատակն է մարդկային առաջին երջանկության, որը մեզ պատկերանում է Աստվածաշնչի առաջին էջերում` Ադամի և Եվայի «դրախտային» կյանքով: Այս իրողությունը թեև չի նշված օրացույցում, բայց հաստատվում է օրվա շարականներում:
Պետք է գիտենալ, որ հաճախ շարականներն օրվա տոնի իմաստի նկարագրի ավելի ճիշտ ցուցանիշներ են, քան տոնի օրացուցային անունը: Ահավասիկ Բարեկենդանի օրվա «Օրհնություն» կոչվող հատուկ շարականի առաջին երկու տները.
Բանն որ ընդ Հօր յէութեան,
Եւ համագոյ Սուրբ Հոգւոյն,
Զպատկերն իւրական խառնեալ
Ընդ հողանիւթ բնութեանս,
Զոր զարդարեալ փառօք
Եդ ի դրախտին փափկութեան:
Յորում ցնծայր զուարճացեալ
Անտխրական խնդութեամբ,
Քանզի զԱստուած տեսանէր
Միշտ խոնարհեալ ի դրախտին,
Յորմէ զլուսոյն ճառագայթ
Տպաւորէր ի յինքեան:
Թարգմանություն.
Բանը (1), որ Հոր հետ նույնն է էությամբ,
Եվ Սուրբ Հոգու հետ` գոյությամբ,
Իր պատկերը խառնեց մեր հողանյութ բնությանը
Եվ այն, փառքով զարդարած,
Եդեմական դրախտի մեջ դրեց:
Այնտեղ հրճվալից ցնծում էր
Տխրություն չճանաչող ուրախությամբ,
Քանզի միշտ տեսնում էր Աստծուն,
Ով Իր վեհ բարձունքից իջնում էր դրախտ,
Ումից ճառագայթող լույսը
Թափանցում էր նրա Անձը:
Իսկ Աստվածաշնչում մեր նախածնողների «դրախտային» կյանքը նկարագրված է հետևյալ պարզագույն բառերով. «Աստված դրախտ տնկեց Եդեմում` արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տեր Աստված երկրից բուսցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր, դրախտի կենտրոնում` կենաց ծառը և տնկեց նաև բարու ու չարի գիտության ծառը: Գետ էր բխում Եդեմից, որպեսզի ոռոգեր դրախտը… Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն… Ադամն ու իր կինը մերկ էին ու չէին ամաչում» (հմմտ. Ծննդ. Բ գլուխ):
Ինչպես երևում է, թե՛ Աստվածաշնչի և թե՛ վերոհիշյալ շարականի հատվածներում «երջանկություն» և «երջանիկ» բառերը չեն գործածված, բայց առկա է գոհունակ և զվարթ այն հոգեվիճակը, որը սովոր ենք արտահայտել այդ բառերով:
Ի՞նչ է երջանկությունը
Եթե այս հարցը տանք, կստանանք այնքան այլազան պատասխաններ, որքան մարդկանց այդ հարցը տվել ենք: Այս պատասխաններն էլ երբեմն իրարից հակասական են լինում: Ինչը երջանկություն է նկատվում մեկի համար, մյուսի համար դժբախտություն է: Մեկն իր երջանկությունը որոնում է խաղամոլության, հաշիշամոլության և սպառող ու այլասերող այլ հաճույքների մեջ, ուրիշ մեկի համար նման կյանքն անդարմանելի դժբախտություն է: Մեկի համար երջանկությունն աշխատանքի մեջ է, և չի կարող ըմբռնել, թե ուրիշներն ինչպես կարող են երջանկություն գտնել ծուլության ու անգործության մեջ: Ըստ մեր կարծիքի` երջանկության լավագույն սահմանումը տալիս են մանուկները` եթե ոչ խոսքով, գեթ գործերով: Մանուկը բնականից երջանիկ է, եթե կուշտ է և զբաղմունք, այսինքն` խաղալիք, ունի ու որևէ ցավ չունի:
Սրանում բոլոր մանուկները գրեթե միաձայն են (անշուշտ, խոսքը հոգեպես առողջ, նորմալ մանուկների մասին է): Եվ նկատելի ու մատնանշելի հանգամանք է, որ չշփացած մանուկը չի մտահոգվում իր ուտելիքի ու խաղալիքի որակով, քանակով և տեսակով: Որքան ժամանակ նրա քիմքը հանդուրժում է` գոհ է կերածով: Խաղալիքի լավին ու վատին էլ չի նայում. ավելի պոչը կամ ավազի դեզը բավական են նրան ինքնամոռացության ոլորտները փոխադրելու համար, որը նրա համար երջանկության նախապայման է:
Դժբախտաբար, սակայն, երջանկության այս տարրական պայմանները մանկան համար նույնը չեն մնում, այլ նրա հետ մեծանում և փոխվում են: Ֆիզիկական այս նախնական պահանջների կողքին ծնվում և աճում են իմացական, ընկերային ու ընտանեկան նոր պահանջներ, որոնք եթե չգոհացվեն, ապերջանկությունը կսողոսկի մարդու կյանքից ներս: Իսկ երբ տարիքն իր զենիթին է հասնում և սկսվում վայրէջքը, մեջտեղ են գալիս ֆիզիկական ու հոգեկան անկարողություններ, որոնք պատճառ են դառնում, որ երջանկության կապույտ թռչունը չկարողանա թառել մարդու կյանքի ծառին: Քչով գոհանալու և իր բնական ու պարզ պահանջների որակով և տեսքով չմտահոգվելու մանկական այս հոգեվիճակը եթե մանկան հետ նորմալ աճեր, և մեջտեղ չմտնեին արհեստական կարիքներ ու այլասերված ախորժակներ, մարդ արարածը մինչև իր կյանքի վերջը գրեթե չպիտի կորցներ երջանիկ լինելու տրամադրությունը և հնարավորությունը: Այսօր, սակայն, մեր պահանջները ոչ միայն բազմապատկված են, այլ նաև դրանց մեծագույն մասը կա՛մ այլասերված և կա՛մ արհեստական է: Մի պահ թողնենք «մոլություն» կոչվողները, որոնց մարդն այնքան մոլեգին կերպով է ցանկանում, և որոնք այնքան խենթ ձևով է «վայելում», ամենասովորական ու անմեղ նկատվող մեր հաճույքների մեծ մասը, հանապազօրյա սիգարետից և սուրճից մինչև կինոթատրոններն ու առտնին խաղաթղթի սեղանները, այլասերված սովորություններ են: Հագուստկ ապուստի գրեթե բոլոր բծախնդրությունները, «մոդա» կոչվող բռնակալ հրեշը, ժամերով ուտելխմելը արհեստական պահանջներ են: Ստույգ է, սրանք վատառողջ ինչ-որ հաճույք մարդուն մի պահ պատճառում են, բայց տևական երջանկություն երբեք չեն կարող պարգևել: Ընդհակառակը, կարող են ծնունդ տալ դրամական տագնապների և ֆիզիկական անհանգստությունների, և մինչև իսկ մարդուն իր բանականությունից ու արժանապատվությունից մերկացնելով` կարող են վերածել եսակենտրոն կենդանի «ռոբոտի»: Անտարակուսելի է, որ սակավապետ մարդիկ և բնության հետ հաշտ ու ներդաշնակ ապրող ընկերություններն (հասարակություններ, թարգմ.) ավելի հավանականություն ունեն գոհունակ և երջանիկ ապրելու, քան բազմապահանջ զանգվածները: Ըստ այսմ, հնօրյա հովիվ ժողովուրդները քանի դեռ կռիվ չունեին արոտավայրի կամ ջրհորի համար, երջանիկ լինելու բոլոր բնական պայմաններն ունեին` բացօթյա առողջ կենցաղ, սննդարար ուտելիք, բրդից կամ մորթուց հագնելիք և այլն, և այլն: Նույնպես և հողագործ հավաքականությունները. քանի դեռ միմյանց հետ սահմանային վեճեր կամ հասարակաց առվից իրենց արտերը ոռոգելու խնդիրներ չկային, ապերջանիկ լինելու զորավոր պատճառներ էլ չունեին: Այսքան պարզ կամ նախնական կացությունը, սակայն, երկար ժամանակի համար չէր սահմանված: Մարդիկ աճեցին, բազմացան ու լցրեցին երկիրը` ըստ սուրբգրային աստվածային պատգամի (Ծննդ. Ա 28): Պետություններ ծնվեցին ու կայսրություններ կազմվեցին, որոնք կաշկանդեցին մարդկային բնատուր կամ աստվածատուր ազատությունը, որը բնական երջանկության նախապայմանն է: Մարդկային բնազդական առողջ կրոնական ըմբռնումը, թե տեսանելի տիեզերքի ետևում կա բանական, արարչագործ և նախախնամող մի էություն, այլասերվեց կռապաշտական, բնապաշտական ու հեթանոսական այլ կրոններով, և վերջապես վրա հասավ «քաղաքակրթություն» ասված հրեշը` իր անհագուրդ ու անվերջանալի պահանջներով: Կյանքը գրեթե խաթարվեց, այսինքն` քաղաքները, ուր սկսեցին հավաքվել մարդկանց մեծ զանգվածներ, և որոնց ծնունդը եղավ վերոհիշյալ չակերտված բառը, իրենց կապը գրեթե խզեցին բնության հետ, որի անբաժան և ամբողջացնող մասն է մարդ արարածը: Այս խզումը պատճառ եղավ, որ մարդը զրկվի բնատուր երջանկությունից և հարկադրվի ստեղծել արհեստական միջոցներ` փոխարինելու համար այդ կորուստը: Այսպես ծնվեցին թատրոնները և կրկեսները, որոնցից մեկը կամ մյուսը այս կամ այն շրջանում եթե ազնվական վայելքի նպատակներին իսկ հատկացված եղան, խորքում և նպատակով նույնը մնացին` իրական և բնական երջանկությունից զրկված մարդուն ժամանակավոր ու զգացահույզ հաճույք պարգևել:
Սրանց հաջորդեցին ավելի ցածրերը և վնասակարները, գինետներ և հանրատներ` մնացած բոլորով հանդերձ, նույն նպատակով:
Ներկայում մարդկությունը հասել է այնպիսի մի վիճակի, ուր այլևս գրեթե անհնար է վերադառնալ սակավապետ կյանքին և բնության հետ հաշտ ապրելու պայմանին, ինչը համազոր է ասելու, որ մարդն անվերադարձ կորցրել է իր բնատուր երջանկությունը… Բայց չի կորցրել այն վերստին ունենալու կամ նրան վերադառնալու իր բնատուր ձգտումը:
Հաջորդ կիրակին մեզ կբացատրի, թե մարդն ինչո՞ւ և ինչպե՞ս է կորցրել իր երջանկությունը:
Շարական Բարեկենդանի (Բ. պատկեր)
Այսօր յօրինակ նախաստեղծին Ադամայ,
Որ դրախտին փափկութեան ուրախանայր ընդ հրեշտակս,
Ցնծասցուք և մեք ի յօրհնութիւնս հոգևորս:
Այսօր ի խորհուրդ աստուածաստեղծ նախահօրն,
Որ ի պտղոյն ադենայ ճաշակելով զուարճանայր,
Ճաշակեսցուք և մեք զպատուիրանս Աստուծոյ:
Այսօր ի տիպ պատմուճանին առաջնոյ,
Որով պճնեալ զարդարիւր ի փառս մարդն առաջին,
Զարդարեսցուք և մեք աստուածային օրինօք:
Ցնծա՛ , Մարիամ, արեգական արդարութեան արևելք.
Եւ աղաչեա զառ ի քէն զծնեալն Աստուած վասն մեր,
Զի դարձուսցէ վերստին զմեզ ի դրախտին ժառանգութիւն:
Թարգմանություն.
Այսօր նախաստեղծ Ադամի նման,
Որ դրախտում ուրախանում էր հրեշտակների հետ,
Մենք էլ հրճվենք հոգևոր օրհներգությամբ:
Այսօր աստվածաստեղծ մեր նախահոր հետ,
Որ Եդեմի պտուղներից ճաշակելով ուրախանում էր,
Մենք էլ ճաշակենք ԱՍՏԾՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ:
Այսօր անմեղության առաջին պատմուճանով,
Որով պճնված` փառավորապես զարդարված էր առաջին մարդը,
Նաև մենք զարդարվենք Աստվածային օրենքով:
Ցնծա՛, Մարիամ, արդարության արեգակի արևելք.
Եվ քեզնից ծնված Աստծուն աղաչիր մեզ համար,
Որ դրախտի ժառանգությանը վերստին արժանի անի մեզ:———————————————– (1) Բանը, բանականություն բառի արմատը, Ավետարանի և աստվածաբանության մեջ գործածվում է Քրիստոսի համար` իբրև «Բանն Աստուած» կամ «Բանն Աստուծոյ»: Բոլորիս ծանոթ է Հովհաննեսի Ավետարանի աստվածաբանական նախերգանքը. «Ի սկզբանէ էր Բանն, և Բանն էր առ Աստուած. և Աստուած էր Բանն» (հեղ.):
0 կարծիք