Աստվածաշունչը և մյուս գրքերը

Բաժին՝ Մաս Ե.
«Եղբայրնե՛ր, ձեզ համար այս բանը օրինակ բերեցի իմ անձով և Ապողոսի անձով, որպեսզի մեզնից սովորեք ավելի բան չիմանալ, քան ինչ որ կա Գրվածքներում, որպեսզի ոչ մի մարդ, ավելի, քան ընկերը, չգոռոզանա ընկերոջ վրա» (Ա Կորնթ. Դ 6):

Թող [ոչ ոք] բացի Աստվածաշունչ գրքերից բնավ որևէ բան չկարդա: Ինչի՞ համար է պետք Սուրբ Հոգու փոխարեն պիղծ հոգով լցվել: Որովհետև ով ինչ խոսքի մեջ որ վարժվում է, դրա հոգին էլ ընդունում է, թեև այդ բանում նա վտանգ չի տեսնում, ինչպես որ տեսնում են փորձառուները (ս. Բարսեղ Կեսարացի):

 Նախնիների օրենքներն ամբողջությամբ պահենք. չփորձենք լուծարել Աստծո օրենքները և հաստատել մեր ավանդությունը… Երուսաղեմի ավետարանիչնե՛ր, բարձրացրե՛ք ձեր ձայները, մի՛ վախեցեք ավանդություններից (ս. Ներսես Լամբրոնացի)։

 Գիտելիք ձեռք բերելու համար կարդալը մի բան է, իսկ խրատի համար կարդալը՝ մի այլ բան։ Առաջին դեպքում շատ է ընթերցվում, իսկ երկրորդ դեպքում շատ ընթերցել պետք չէ. հենց որ կարդացածից ինչ-որ բան ընկնում է սրտի մեջ, կանգ առ և մտածի՛ր՝ փորձելով նաև պարզաբանել և ավելի խորացնել այդ միտքը սրտիդ մեջ։ Սա նույնն է, ինչ այն դարձնել Աստծո մասին խոկալու առարկա։ Այս եղանակով կսնուցեք և կաճեցնեք ձեր հոգին, ոչ թե կլցնեք այն, ինչպես պարկը (ս. Ֆեոֆան Զատվորնիկ)։

 Ավետարանը տարբեր է այլ գրքերից, որովհետև կրթում է սիրտն ու հոգին։ Կաթից ավելի սննդարար կերակուր է այն, Գողգոթայի խաչի փեթակի մեջ պատրաստված մեղրն է, իբրև նոր մանանա (Խրիմյան Հայրիկ)։

 Ավետարանն այն Գիրքն է, որից ավելի բարձր մտավորական արտադրություն լույս եկած չէ (Մաղաքիա արք. Օրմանյան)։

 Աշխարհում Սուրբ Գրքից ավելի հստակ գիրք բնավ չկա։ Սուրբ Գիրքը մյուս ուրիշ գրքերի հետ այն համեմատությունն ունի, ինչպես արևը՝ հասարակ ճրագի հետ։ Ս. Գրքից բնավ դուրս մի՛ եկեք. եթե նրա մեջ մնանք, այն ժամանակ իրական կյանքը պիտի շահենք (Մարտին Լյութեր)։

 Եղբայրնե՛ր, սրտի լսելիքով որսացե՛ք Փրկչի յուրաքանչյուր ավետարանական խոսքը և պահե՛ք սրտում. այդ մարդկային խոսք չէ, որն հաճախ լինում է սուտ, դատարկ, անզոր և մոլորեցնող, այլ Աստծո խոսք է, ճշմարտության խոսք, ամենազոր խոսք։ Տիրոջ յուրաքանչյուր խոսքը կյանք է մեզ համար, և Փրկչի շուրթերով ասված բոլոր խոսքերը կկատարվեն, մինչև վերջին հովտը (1). ոչինչ չի անցնի (ս. Իոան Կրոնշտադտսկի)։

 Կարդալով աշխարհիկ ստեղծագործություններ, ամսագրեր ու թերթեր՝ դու հետաքրքրվում ես արտաքին աշխարհի իրադարձություններով։ Մի՛ անտեսիր ներաշխարհդ ու հոգիդ. նա ավելի մոտ է քեզ ու ավելի թանկ։ Ամենից շատ ու ամենից հաճախ ընթերցիր Ավետարանն ու սուրբ հայրերի գրվածքները, քանզի քրիստոնյայի համար Աստվածաշունչ Գրքեր չընթերցելը մեղք է (ս. Իոան Կրոնշտադտսկի)

 Անհրաժեշտ է նշել, որ կրոնին նվիրված բոլոր գրքերը չեն, որ նույն նշանակությունն ունեն քրիստոնյայի հոգու և կյանքի նպատակի համար, որ է Սուրբ Հոգու ստացումը։ Կարելի է մտքերով սնել գիտակցությունը՝ առանց սրտի զգացմունքներին դիպչելու, սակայն այդ այնքան էլ օգտակար չէ քրիստոնյայի համար սիրտը կրքերից ու մոլություններից մաքրագործելու և սրտում քրիստոնեական առաքինություններ վերահաստատելու առումով։

Հարկ է հիշել Պողոս առաքյալի խոսքերը. «Գիտությունը հպարտացնում է, բայց սերը՝ հաստատում» (Ա Կորնթ. Ը 1)։

Սրտի նշանակությունը մոռացող և աստվածաբանական հարուստ ու բազմակողմանի գիտելիքներ ձեռք բերել տենչացող քրիստոնյաներին պետք է զգուշացնել, որ այստեղ զուտ մտահայեցողական կյանքի վտանգ կա։ Վարդապետ Սաֆրոնին ծեր Սիլուանի մասին իր գրքում քրիստոնյայի հոգու համար հաճախ ամուլ այս աշխատանքի մասին ասում է. «Խորագիտակ աստվածաբանը ծերի գրվածքների մասին թերևս ասի. «Ես այստեղ աստվածաբանական մտքերի հարստություն չեմ տեսնում, ինչպես նաև դավանաբանական իմացություն»։ Նա այդպես կարտահայտվի այն պատճառով, որ նրա ոգեղինությունը պատկանում է հոգևոր կյանքի այլ ոլորտի»։

Աստվածաբան ռացիոնալիստը զբաղված է բազում խնդիրներով և փորձում է դրանց լուծումը գտնել բանական մտահայեցողության ոլորտում։ Նրա իրական հոգևոր փորձառությունը մեծ չէ. այն բանականության ոլորտից է, ոչ թե Աստծո հետ կենդանի հաղորդակցությունից։

Իր լայն գիտական էրուդիցիան և խորը մտածական փորձառությունը նա համարում է հոգևոր հարստություն և այնքան բարձր է դասում, որ ամեն մի ուրիշ փորձառություն նրա աչքում մղվում է երկրորդ պլան։

Աստծո հետ հաղորդակցություն փնտրող, Աստծով ապրող իրապես հոգևոր մարդու համար ակնհայտ է ռացիոնալիստի հրապուրանքի միամտությունը։ Նա ինչ-որ առումով տարակուսում է, չի հասկանում, թե ինչպես խելացի մարդը կարող է բավարարվել սեփական անհիմն կռահումներով և վերացական կառույցներով։

Այստեղ անհրաժեշտ է հիշել նաև այն, թե որքան խիստ էր արտահայտվում ծեր Վարսանովի Օպտինսկին այն աստվածաբանական գիտությունների մասին, որոնք դասավանդվում էին իր ժամանակի (XXդ. սկզբի) ճեմարաններում և հոգևոր ակադեմիաներում։ Նա ասում էր. «Հոգո՛վ ընթացեք, տեսե՛ք, թե ճեմարաններում ու հոգևոր ակադեմիաներում ի՜նչ անհավատություն, նիհիլիզմ ու մեռելություն կա. և այս ամենը առանց զգացմունքի ու հասկանալու անգիր անելու պատճառով է։ Սանի համար տարօրինակ է, անհասկանալի է միայնակ եկեղեցի գնալը, մի անկյունում կանգնելը, լաց լինելը, խանդաղատվելը. այդ ամենը խորթ է նրան (Նիկոն Օպտինսկի):

——————————————

(1) Հովտ, նշանախեց` եբրայերենի փոգրագույն նշանագիրը: Փխբ.` կետ, նշան:
Հատկորոշիչներ՝ աստվածաշունչ, գիրք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Աստվածաշունչը և աղանդները

«Այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ...

Սուրբ Գիրքը չընթերցողների մասին

«Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն...