Սուրբ Գիրքը չընթերցողների մասին

Բաժին՝ Մաս Ե.
«Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, Ես էլ քեզ կմերժեմ» (Օսեե Դ 6):

Ինչո՞ւ ենք անփույթ հոգևորի նկատմամբ և Սուրբ Գրքի ընթերցվածքներին ուշադրություն չենք դարձնում, որի պատճառով Աստված հակառակվելով՝ տանջում է մեզ։ Որովհետև մենք օտարոտի հոգով ծանրաբեռնեցինք մեր միտքը և խարխափում ենք, ինչպես խավարում։ Մեկը որովայնին է ծառայում՝ իբրև խուժուդուժ տիկնոջ, և սպասավորում՝ ինչպես Աստծուն, (մեկը) պարծենում է անառակությամբ, ուրիշը չի ճանաչում պոռնկության տռփանքը և, մարմնի ցանկությամբ գերված, խոզի օրենքով թավալվում է ցեխի մեջ, մեկ ուրիշը ծառայում է կռապաշտությանը և կործանող արծաթին, իբրև տիրոջ՝ հարկ է տալիս, իսկ ոմանք էլ հետևելով ատելությանը, ոխակալությանը, նախանձին, եղբորը զրպարտելուն կամ էլ անօրինություններին, անձնատուր են լինում մարմնականին՝ զրկվելով ճշմարիտ Հոգուց, այսինքն՝ Սուրբ Գրքի ընթերցանությունից։ Եվ չեն իմանում, որ բոլոր չարիքներն անուսությունից են ներս թափանցում և ապականում հոգին։ Այսպիսի ժանտ մարդիկ ոչ միայն չեն ընթերցում, այլև (Ս. Գիրք ընթերցելն) ավելորդ գործ են համարում։

Արդ, այսպիսիք ողբի ու արտասուքների են արժանի, քանզի, կույր լինելով, զրկվում են արդարության Արեգակի ճառագայթներից և պատժվում (Սարգիս Շնորհալի)։

Ինչպես որ արհեստն իր գործերով է կատարյալ լինում, և արհեստավորը, որքան էլ հմուտ լինի, առանց գործերի ոչնչի չի կարող հասնել, այդպես էլ քրիստոնեությունը, որ ամենամեծ արհեստն է, իր գործերով կարող է կատարյալ լինել։ Իսկ քրիստոնեության գործիքը Աստվածաշունչ Մատյանի խոսքերն են. պետք է և պատշաճ է բոլորին դրանք այնքան իմանալ, որ ուրիշներից սովորելու կարիք չզգացվի, քանզի անսուտ է Քրիստոսի խոսքը. «Փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ» (Մատթ. Է 7)։ Սակայն շատերը բազում պատճառներ են բերում, ինչպես՝ երեխաներին մեծացնելը, կանանց հոգսերն հոգալը, թագավորական հարկերը, և այդ իսկ պատճառով հանձն չեն առնում այդպիսի աշխատություն։

Ուստի, աղաչո՜ւմ ենք, որ երբ ուրիշներից խոսքերը լսելիս լինեք, հոժարությա՛մբ մտապահեք, գեթ այնչափ, որչափ որ հոգ եք տանում նյութական բաներ կուտակելու մասին։ Թեպետ անհարիր է այս (համեմատությունը), սակայն նույնքան սեր ցուցաբերեք խոսքը լսելու հանդեպ, քանզի Սուրբ Գրքի չիմացության պատճառով բյուրավոր չարիքներ են պատահում։ Ինչպես որ ոչ ոք չի կարող առանց լույսի ուղիղ գնալ, այդպես էլ նրանք, ովքեր չեն հայում աստվածային Գրքերի ճառագայթներին, հանապազ մեղանչում են (Բարսեղ Վարդապետ Ճոն)։

Ավետարանը նկարագրությունն է նոր Մարդու հատկությունների, որը երկնավոր Տերն է (Ա Կորնթ. ԺԵ 48)։ Այս նոր Մարդը բնությամբ Աստված է։ Իր սուրբ ցեղի մադկանց, ովքեր հավատում են Նրան և Նրանով կերպարանափոխվում, Նա շնորհով դարձնում է աստվածներ։

Դուք, որ թավալվում եք մեղքերի գարշահոտ ու կեղտոտ ճահճում, հաճելի եք գտնում այն։ Բարձրացրե՛ք ձեր գլուխները, նայե՛ք ջինջ երկնքին. այնտեղ է ձեր տեղը։ Աստված ձեզ պարգևում է աստվածների արժանապատվություն, իսկ դուք, մերժելով այդ արժանապատվությունը, ընտրում եք այլ բան՝ կենդանիների արժանապատվություն, այն էլ՝ ամենապիղծ։ Ուշքի՛ եկեք։ Թողե՛ք ժանտահոտ ճահիճը, սրբագործվե՛ք մեղքերի խոստովանությամբ, մաքրագործվե՛ք ապաշխարության արտասուքներով, զարդարվե՛ք խանդաղատանքի արցունքներով, վե՛ր կացեք հողից, բարձրացեք երկի՛նք. ձեզ այնտեղ կտանի Ավետարանը։ «Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք», այսինքն՝ Ավետարանը, որտեղ Քրիստոսն է, «հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք» (Հովհ. ԺԲ 36) (ս. Իգնատի Բրյանչանինով)։

Արդյոք մաքո՞ւր եք դուք, արդյոք սուրբ և կատարյա՞լ եք առանց Ավետարանն ընթերցելու և այս հայելու մեջ նայելու կարիքը չունե՞ք։ Թե՞ շատ այլանդակ եք հոգով և վախենում եք ձեր այլանդակությունից. «Մոտեցե՛ք Տիրոջն ու լո՛ւյս առեք, և թող ձեր երեսը չամաչի (Սաղմ. ԼԳ 6) (ս. Իոան Կրոնշտադտսկի)։

Անմիտ է նա, ով չի իմանում Աստծո կամքը և ըստ իրեն իմաստուն է, ով գործում է սեփական մտածողությամբ՝ հավատով չհամապատասխանեցնելով (իր գործերը) Տիրոջ խոսքերին։

Նախ՝ նրա մտածողության մեջ ոչինչ չի համարվի բարի և ոչինչ չի խորհի սկզբունքների մասին, եթե նախապես Տիրոջ պատվիրաններով չիմաստնանա Աստծո կամքի համապատասխան թե՛ խոսքերի և թե՛ գործերի մեջ… Քանզի. «Մենք անձամբ մեզնից որևէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողությունը» (Բ Կորնթ. Գ 5), Ով մարդուն գիտությունը սովորեցրեց (ս. Բարսեղ Կեսարացի) (1

Սիրով ջամբե՛նք հոգևոր ստինքների խոսքի կաթը և հոժարությամբ զմայլվենք Սուրբ Հոգու պարգևներով, որպեսզի չմնանք ինչպես մի անմշակ ու անարդյունք անդաստան, որ միշտ սերմանվում է և սերմնակորույս լինում. զո՜ւր աշխարանք և ընդունա՜յն հոգնություն։

Այսպիսին են ցրված միտք ու զբաղված բարք (ունեցողները), որոնց մոտ սպառվել է աստվածային կտակարանների ունկնդրության սերը, որոնք շրջում են աշխարհում, ինչպես կույրն ու ակնազուրկը։ Քանզի կամ բնավ չեն ընթերցում և կամ ինչ որ ընթերցում են` ոչ թե սիրով ու փափագով, այլ` որպես հարկադիր մի բան և պարտքերի հատուցում։ Քանզի ոչինչ (ավելի) ողորմելի չէ, քան Սուրբ Գրքի հանդեպ սիրո և աստվածային պատվիրանների վերծանության բաղձանքի սպառումը (Խոսրով Անձևացի)։

«Արմատավորված նախապաշարումներից է այն կարծիքը, ըստ որի՝ Աստվածաշունչը ծայրեծայր կարդալը և՛ ձանձրալի է, և՛ անօգուտ, – գրում է մի հեղինակ։ Այս նախապաշարման ազդեցության ներքո ես մինչև 35 տարեկան դառնալս չէի համարձակվում ձեռնամուխ լինել Կենաց Գրքի ուսումնասիրությանը, թեպետ այդ ընթացքում ընթերցել էի բազում գրքեր, որոնք իսկապես և՛ ձանձրալի էին, և՛ անօգտակար։ Հիմա, երբ արդեն կարդացել եմ, համոզված կերպով ասում եմ, որ Սուրբ Գիրքն ընթերցելը ձանձրալի չէ և ծայրաստիճան օգտակար է, որ Կենաց Գրքի չիմացությունը ամոթալի տգիտություն է քրիստոնեական ժողովուրդների մտավորականության համար, և որ հենց այստեղ է ամփոփված մարդկային բանականությանը մատչելի ամենակուռ աշխարհայացքը, ամենավսեմ տեսլականը և ամենակատարյալ բարոյականությունը» (2

Աստծու խոսքի ունկնդրությունն ու ընթերցանությունը թե՛ անցյալում և թե՛ այսօր դիմադրության է հանդիպում, այն է` լսողներն ու ընթերցողները չեն կատարում Աստծու խոսքը, չեն ուղղվում, որով առավել են դատապարտվում. «Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի» (Ղուկ. ԺԲ 47): Նման թյուրիմացության դեմ առարկել է դեռևս Տիմոթեոս Ալեքսանդրացին. «Եթե չենք էլ կատարում, ապա չենք էլ կարող մեր անձերը չհանդիմանել նրա համար, որ լսելով չենք հնազանդվում: Սեփական անձի հանդիմանությունը փրկության մասն է: Հոգևոր ընթերցանության օգտակարությանը կասկածողներն անտեսում են այն հանգամանքը, որ խոսքը հազվադեպ է գործում շոշափելի կերպով, «օրինապահությամբ», այլ գրեթե միշտ քիչ-քիչ, աստիճանաբար, աննկատ, ինչպես սնունդն ու օդն են կազդուրում հիվանդին։ Հեթանոսական խավարի երկրում Դանիել մարգարեն սիրում էր բացել դեպի Երուսաղեմ նայող պատուհանը։ Այնպես էլ մենք, որ նանրությամբ գերված հոգի ունենք, պետք է ուղղենք աչքն այնտեղ, որտեղ փայլում է Աստծո լույսը, և խոնարհեցնենք ականջը դեպի Աստծո խոսքը» (3):

Ասացե՛ք ինձ, ձեզնից ո՞վ է, որ քրիստոնեական Գիրքը տանը ձեռքն առնելով՝ ուշադրությամբ կարդում է այն և ջանում ճանաչել Աստվածաշունչը։ Ոչ ոք չի կարող այդ բանն ասել իր մասին։ Շաշկի ու զառեր շատ շատերի մոտ կգտնեմ, իսկ Աստվածաշունչ ոչ ոք չունի, բացառությամբ քչերի։ Վերջիններս էլ նման են Գիրքը չունեցողներին. նրանք թաքցնում են այն ինչ-որ տեղ կամ պահում պահարանում և հոգ չեն տանում այն կարդալու մասին։ Ո՞րն է դրա օգուտը, – ասացե՛ք ինձ։ Աստվածաշունչը մեզ չի շնորհված այն բանի համար, որ ունենանք այն որպես գիրք, այլ որպեսզի դրոշմենք այն մեր սրտերում։

Իսկ ինչպես են նրանք արդարացնում իրենց այս հանցանքը։ «Ես, – ասում է, – վանական չեմ, կին ունեմ, երեխաներ, տան հոգսերն եմ քաշում»։

Ահա թե ինչն է ամեն բան վարակում և կործանում. դուք կարծում եք, թե միայն վանականնե՞րն են պարտավոր կարդալ Աստվածաշունչը։ Ընդհակառակը, դուք նրանցից առավե՛լ դրա կարիքն ունեք։

Հատկապես ձեզ՝ աշխարհականներիդ է հարկավոր այս բժշկությունը, քանզի ապրում եք աշխարհում և ամեն օր հարվածներ ստանում. մեկ կինդ է քեզ զայրացնում, մեկ՝ տղադ վրդովեցնում ու ցասումդ առաջ բերում, մեկ՝ հետապնդում է հակառակորդդ, մեկ՝ նախանձում ընկերդ… Հաճախ կա՛մ սպառնում է դատավորը, կա՛մ աղքատությունն է ընկճում, կա՛մ հարազատիդ կորուստն է վշտացնում, կա՛մ երջանկությունն է հպարտացնում, կա՛մ էլ դժբախտությունն է ճնշում քեզ։ Կարճ ասած՝ մեզ ամեն կողմից պաշարում են բազում պատուհասներ ու անախորժություններ, որոնք անխուսափելիորեն մղում են հոգսերի, շփոթվելու, վշտանալու, անհանգստանալու, մեծամտելու։ Ամեն կողմից մեզ վրա են սուրում այնքան նետեր, որ անընդհատ Սուրբ Գրքի զրահի կարիքն ունենք, …քանզի անհնար է, անհնար է, ասում եմ, որ որևէ մեկը փրկված լինի, կամ կարողանա փրկվել առանց Ս. Գրքի ընթերցանության (ս. Հովհաննես Ոսկեբերան)։

Եթե հարցնելու լինեմ, ասացեք ինձ, թե ով այստեղ ներկաներիցդ կկարողանա թեկուզ մի սաղմոս կամ որևէ այլ սուրբգրային հատված անգիր ասել։ Ոչ ոք։ Եվ զարմանալին միայն դա չէ, այլև այն, որ դուք՝ հոգևոր գործերում պղերգներդ, սատանայականի նկատմամբ ավելի արագվազ եք, քան հուրը։ Եթե հանկարծ մեկի մտքովն անցնի հարցնել ձեզ դիվական երգերի, անառակ ու տրփալի եղանակների մասին, ապա կհամոզվի, որ շատերն են քաջատեղյակ ու հաճույքով երգում դրանք։ Իսկ ինչպես են արդարանում, եթե մեղադրելուց լինես այդ բանում։ Ես, ասում է, վանական չեմ, կին ու երեխաներ ունեմ և տան հոգսերն եմ հոգում։ Ողջ չարիքն էլ հենց նրանից է, որ կարծում եք, թե իբր Ս. Գրքի ընթերցանությունը վայել է միայն վանականներին, այնինչ դուք նրա կարիքն անհամեմատ ավելի շատ ունեք։ Այս բժշկությունը մանավանադ հարկավոր է աշխարհականի համար, ով ապրում է աշխարհում և ամեն օր նորանոր հարվածներ ստանում։ Ուստի Աստվածաշնչի ընթերցանությունն ավելորդ բան համարելը անհամեմատ ավելի վատ է, քան այն չընթերցելը։ Այդպիսի միտքը սատանայական ներշնչանք է։

————————————————-

(1) Ինչպես վկայում են սուրբ հայրերը, ճշմարտապես Աստծո կամքը փնտրող քրիստոնյայի առաջին հատկանիշն է, սեփական մտածումներն ու կարծիքները մի կողմ դրած, Աստծո խոսքի հավատարիմ սերտմանն ու յուրացմանը տրվելը: (Տիգրան Խաչատրյան, Գանձասար, Ա հատոր, էջ 143):

(2) Как читать Библию? Москва, 1996, стр. 22.

(3) Как читать Библию? Москва, 1996, стр. 22-23.

Հատկորոշիչներ՝ գիրք, ընթերցել, սուրբ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Աստվածաշունչը և աղանդները

«Այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ...

Աստվածաշունչը և մյուս գրքերը

«Եղբայրնե՛ր, ձեզ համար այս բանը օրինակ բերեցի իմ...