Վարուժան ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Մանկավարժ. գիտ. թեկնածու -----------------------------------
ԱՆԴՐԵԱՍ ԱԳՈՒԼԵՑՈՒ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
17-րդ դարի սկզբներին դեռևս շարունակվող թուրք-պարսկական ավերիչ պատերազմների հետևանքով Հայաստանում պահպանվում էր քաղաքական անապահով իրավիճակը։ 1604 թ. շահ Աբասի կազմակերպած բռնագաղթը երկիրը հասցրել էր կաթվածահար դրության, իսկ հետագա տարիներին տեղի ունեցող կռիվները, սովը, անիշխանությունն ու կամայականությունները նորանոր վերքեր էին պատճառում արյունաքամ եղած ժողովրդին և խեղում նորանոր ճակատագրեր։
Այդպիսի մի պատմություն պահպանվել է Ա. Դավրիժեցու գրքում, որտեղ պատմիչը ցնցող պատկերներով ներկայացնում է բռնակալ արքայի հերթական չարագործությունը, որին մարտիրոսական մահով զոհ է գնում երիտասարդ քահանա Անդրեաս Ագուլեցին։ Նրա ծնողները նախիջևանցի էին։ Քաղաքը ժամանակին ենթարկվել էր շահ Աբասի դաժանություններին, որի հետևանքով շատ բնակիչներ բռնագաղթեցվել էին Պարսկաստանի Ֆահրապատ քաղաք։ Սակայն տեր Անդրեասի ծնողները, քիչ թվով նախիջևանցիների հետ մի կերպ փրկվելով, պատսպարվել էին Ագուլիսում։ Այստեղ էլ Անդրեասը կրթություն է ստանում, սովորում է «եկեղեցական ամբողջ ուսմունքը», ապա ձեռնադրվում քահանա։
Նրա պատանեկությունը համընկավ Սյունյաց աշխարհում հոգևոր-մշակութային զարթոնքի հետ, որի նախաձեռնողներն էին ժամանակի մեծահամբավ վարդապետներ Մովսես Տաթևացին և Պողոս Մոկացին։ Նվիրյալ հոգևորականները մեծ գործ էին կատարում եկեղեցական կարգերը բարենորոգելու և կրթալուսավորական ասպարեզը վերածնելու ուղղությամբ։
Նրանց եռանդուն գործունեության մասին Ա. Դավրիժեցին գրում է. «Իսկ երկու վարդապետները՝ Պողոսն ու Մովսեսը, հավատքի ամոլներ լինելով, շրջեցին մեր Արևելյան աշխարհի բոլոր գավառները, ամենքին քարոզում էին ճշմարտությունը, շինում էին եկեղեցիներ, կարգում էին քահանաներ, հաստատում էին դպրոց, սովորեցնում էին մանուկներին»։
Դպրոցաշինությունը հատկապես անհրաժեշտ էր «մեր հավատի և կրոնի հաստատության համար»։ Առաջնորդվելով այդ համոզմունքով՝ Մովսեսն ու Պողոսը դպրոցներ էին բացում մի շարք բնակավայրերում՝ Աստապատում, Շոռոթում, կարգում ուսուցիչներ, որոնք տեղերում իրականացնում էին ազգասեր վարդապետների կրթալուսավորական ծրագրերը։
«Այդպես էլ,- շարունակում է Դավրիժեցին,- Ագուլիս գյուղում դպրոց բաց արին և մանուկների համար ուսուցիչ նշանակեցին տեր Անդրեասին»։ Ագուլիսի դպրոցում հավաքվում են 50-60 աշակերտներ, որոնց տեր Անդրեասը «ուսուցանում էր մեր Եկեղեցու ընդհանուր ուսմունքը»։
Շուտով Արարատյան դաշտում վերսկսվում են պատերազմական գործողությունները։ Թուրքական զորքը Օքուզ Ահմադ փաշայի գլխավորությամբ պաշարում է Երևանի բերդը, որին օգնության է շտապում շահ Աբասը։ Երկու և կես ամիս անհաջող մարտեր մղելուց հետո թուրքերը, նեղվելով պարենի պակասից ու վերահաս ցրտերից, նահանջում են Կարին։ Վերադառնում է նաև շահ Աբասը. նա նախ մտնում է Նախիջևան, ապա Ագուլիս, ուր և իրականացնում է հերթական ոճրագործությունը։ Պարսից գահակալի Ագուլիս մտնելը նշանավորվում է բնակիչների կողմից կազմակերպված ճոխ ընդունելությամբ ու հանդեսներով։ Դրանով բավարարություն էր տրվում շահի փառասիրությանը։ Նա որտեղ էլ մտներ, տեղի բնակիչներն ընդառաջ էին ելնում նրան և պատվում։ Այստեղ էլ բոլորը, զարդարված «ազնիվ ու թանկագին» զարդերով, դուրս էին եկել դիմավորելու և նրան հյուրասիրում էին քաղցրահամ մրգերով, համադամ ուտելիքներով, ծաղկահամ գինիներով։ Գինին շահին մատուցում էին «վայելչահասակ ու գեղեցկատես մանուկներն ու աղջիկները»՝ ոսկե բաժակով։ Այդ ամենին ուղեկցում էին գուսանների ու երգիչների գեղեցիկ կատարումները։ Ընդունելությանն ու հանդեսին առանձին շուք էր տալիս հոգևոր դասը։ Եկեղեցականները, «հագած շուրջառ ու ժամաշապիկ, առած խաչ, Ավետարան, բարձրացրած խաչվառ, խունկերով, մոմերով, զանգակներով ու ծնծղաներով», դուրս էին եկել շահին դիմավորելու և այդպես առաջնորդեցին մինչև իջևանատեղը։ Նրանց հետ էին նաև դպրոցի աշակերտները՝ իրենց ուսուցիչ տեր Անդրեասի ղեկավարությամբ։ Նրանք նույնպես հագել էին եկեղեցական շապիկներ, բռնել մոմակալներ ու մոմեր։
Մինչ քահանաները երգելով գնում էին շահի առջևից, վերջինս ուշադիր հայացքով զննում էր դիմավորողներին։ Հանկարծ նրա հայացաքը կանգ է առնում տեր Անդրեասի աշակերտների վրա, և նա զայրույթով նկատում է, որ նրանց կուլակները՝ գագաթի մազերը, ածիլված են։ Մ. Օրմանյանը գրում է, որ «կուլակ ըսվածը եկեղեցականներուն գագաթին վրա, ավել կամ նվազ մեծությամբ ածիլված բոլորակ մասն է, որ լատիններու հետևողությամբ սկսված է գործադրվիլ…. հայոց մեջ, թեպետ ոչ միշտ և ոչ ամեն տեղ»։ Մեկ ուրիշ դեպքում գուցե դա չնկատվեր, բայց որովհետև շահ Աբասը տարված էր «չարահուշ մտքերով», ուստի անմիջապես մտածեց, որ այդ արվել է հատուկ դիտավորությամբ, որպեսզի «մանուկները նրա աչքին վայելչագեղ չերևան, և շահին հաճելի չլինի, որ նրանցից չվերցնի»։
«Բարբարոսությունը կատաղում է,- գրում է Լեոն,- երբ զոհը, փրկվելու համար, հանդգնում է դեռ խորամանկություններ բանեցնել»։ Այս դիպուկ բնորոշումը, որում նկատի էին առնվում բռնակալի վայրենաբարո և անասնական կրքերը, ավելի են բորբոքվում Ագուլիսի մահմեդական բնակիչների՝ քրիստոնյաների դեմ ուղղված չարախոսությունների հետևանքով, և շահ Աբասը հրամայում է անմիջապես գտնել ու մահապատժի ենթարկել մանուկների մազերն ածիլել տված մարդուն։ Հրամայվում է՝ եթե դա արել են ծնողները, ապա նրանց «սպանել և ունեցվածքները հափշտակել, իսկ մանուկներին վերցնել թագավորի ծառայության մեջ»։ Սկսվում են հարցաքննությունները. քննվում է նաև աշակերտների ուսուցիչ տեր Անդրեասը։ Տեսնելով, որ բազմաթիվ մարդիկ մահվան են մատնվելու, երեխաներն էլ ենթարկվելու են պիղծ անարգանքի, Անդրեասը վճռում է գնալ ինքնազոհողության և խոստովանում է, որ ինքն է ածիլել տվել երեխաների մազերը։ Ա. Դավրիժեցին ասում է, որ նա վարվեց Ավետարանի պահանջի համաձայն. «Լավ է, որ մի մարդ մեռնի ժողովրդի համար» (Հովհ., ԺԸ 14)։
Անդրեասին կալանավորում են և տանջանքների ենթարկում։ Իբրև փրկության պայման՝ առաջարկվում է մատնել մեղավորին կամ էլ ուրանալ քրիստոնեական հավատը և դառնալ մահմեդական։ Խիզախ նահատակը կտրականապես մերժում է տանջողներին և հաստատապես կանգնում «քրիստոնեության՝ մեր հավատի անշարժ հիման վրա»։ Գայթակղեցնելու նպատակով շահ Աբասը նրան «պարգևներ ու մեծություն» է խոստանում, սակայն տեր Անդրեասն անդրդվելի էր. «Ձեր դատարկ խոստումները չեմ ընդունում,- ասում է նա,- և իմ ճշմարիտ հավատը չեմ ուրանում»։ Այդ ժամանակ բռնակալը հրամայում է մահապատժի ենթարկել նրան։ Ագուլիսի և Ցղնայի խոջաները քահանային փրկելու համար մեծ գումար են առաջարկում, իսկ ցղնացի խոջա Անձրևի կինը, որին շահ Աբասը հարգում էր և անվանել էր նրան մայր, ընկնելով թագավորի ոտները, թողություն է աղերսում։ Սակայն դա էլ չի օգնում, իսկ տեր Անդրեասն էլ մինչև վերջ հավատարիմ է մնում իր հավատին։ Բնորոշ է, որ այս ողբերգական պահին որդուց նույնն են պահանջում նաև նրան տեսության եկած ծնողները. «Մեր քաղցրիկ որդյակ, որ ստանձնեցիր քահանայության կարգ և եղար Քրիստոսի զինվոր, երբեք չուրանաս Քրիստոսին և լինես Քրիստոսի ատողների զինվոր. չթողնես Քրիստոսի լուսապայծառ հավատը և ժամանակավոր կյանքի համար զրկվես հավիտենական կյանքից, այլ հիշիր Քրիստոսի ճշմարիտ մարտիրոսներին, որոնց պատմությունը, մշտապես կարդալով, պատմում էիր մեզ, համբերիր, ինչպես նրանք, որպեսզի նրանց պսակին արժանանաս» (Դավրիժեցի)։
Չկարողանալով հավատափոխ անել տեր Անդրեասին՝ շահ Աբասի հրամանով նրան դաժանորեն սպանում են։ Նրա նահատակությունը տեղի է ունենում 1617 թ. նոյեմբերի 18-ին։ Նահատակի մարմինը թաղվում է Ագուլիսի սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցում։ Նրա շիրիմը դառնում է ուխտատեղի, և սուրբ հռչակված խիզախ նահատակը մնում է ժողովրդի հիշողության մեջ։ Այս իրադարձությունից մոտ կես դար հետո իր պատմությունը շարադրած Ա. Դավրիժեցին տեղեկացնում է, որ «այժմ էլ այնտեղ թաղված են նրա ոսկորների պատվական նշխարները՝ բոլոր քրիստոնյաների բարեխոսության համար»։ 19-րդ դարում պատմական այս իրադարձությունը գեղարվեստորեն մշակվեց Մուրացանի կողմից՝ դառնալով «Անդրեաս երեց» պատմական վիպակի սյուժեն։
Անդրեաս Ագուլեցու սխրանքը՝ հավատի համար սուրբ նահատակությունը առանձնահատուկ երևույթ էր։ Այն ոչ թե կրոնական մոլեռանդության հետևանք էր, այլ ողջամիտ հոգևորականի գիտակցված ինքնազոհողություն՝ հանուն իր ժողովրդի ու հայադավան Եկեղեցու։ Այն միաժամանակ բողոքի յուրօրինակ դրսևորում էր՝ ուղղված պարսկական բռնակալության դեմ և իր ցնցող դրամատիզմով արտացոլում էր հայ մարդու ճշմարիտ էությունը։
---------------------------------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
0 կարծիք