Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Ադրիանոսը և իր կինը՝ Անատոլան,
Սուրբ Ելևթյուրոսը։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Երեմիա մարգարեի Ողբը, 3. 22-56
Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում։ Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր։ Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ։ Աստուած բարերար է նրանց հանդէպ, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ, քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի։ Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը։ Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը։ Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ. իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կկրի շատ նախատինքներ, բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի։ Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կողորմի նրան. Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժելեւ նուաստացնել մարդու որդիներին։ Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները, երբ դատարանում անիրաւում է մարդուն, « Տէրը չի՞ տեսնում։ Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց։Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝ «Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»։ Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։ Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը, մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները։ Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար։ Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն. քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ։ Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ։ Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած։ Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին։ Իմ աչքերը լցուեցին արցունքով, բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը։ Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար։ Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին, իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ, գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»։ Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր, եւ դու լսեցիր իմ ձայնը։ Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ։ Դու մօտեցար, որպէսզի ինձ օգնես, եւ ասացիր, թէ՝ «Այն օրը, երբ ինձ կանչես, չվախենաս»։
Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 8. 18-27
Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ, որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար, քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. եւ ոչ միայն այսչափ. այլ եւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը, որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ, իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն՝ համբերութեամբ սպասում ենք դրան: Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով: Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխօսում սրբերի համար: Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով։
Ավետարան ըստ Հովհաննեսի, 16. 1-4
«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ, մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԳԿ. Սրբոցն Անդրիանոսի եւ կնոջ նորա Անատօլայ, Թէոդորոսի եւ Ելեւթիւրոսի վկայիցն։
Օրհ. գկ. Այսօր հրեշտակաց: Հրց. Մրտ. աձ. Զքեզ արդար։ Մնկ. գկ. Ընդ զուարթունս։ Ժմտ. Ի տաճարի։ Ճշ. շրկ. գկ. Ճգնաւորք։ Հմբ. գկ. Այսօր մարտիրոսաց։
0 կարծիք