Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Աբրահամը և Խորենը,
Սուրբ Կոզման և Դամիանոսը։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Սողոմոնի Իմաստությունը, 5. 16-18
Բայց արդարները պիտի ապրեն յաւիտեան. նրանց վարձը Տիրոջից է, եւ նրանց խնամքը Բարձրեալից: Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայութեան վայելչութիւնն ու գեղեցիկ թագը, քանի որ Տէրն իր աջով նրանց հովանի եւ իր բազկով նրանց պաշտպան է լինելու: Տէրը պիտի սպառազինուի իր նախանձախնդրութեամբ եւ պիտի զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրէժ լուծելու համար։
Երեմիա մարգարեի ողբը, 3. 22-56
Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում։ Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր։ Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ։ Աստուած բարերար է նրանց հանդէպ, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ, քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի։ Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը։ Միայնակ ու լռիկ նա կնստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը։ Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ. իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կը կրի շատ նախատինքներ, բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի։ Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան. Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժելեւ նուաստացնել մարդու որդիներին։ Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները, երբ դատարանում անիրաւում է մարդուն, « Տէրը չի՞ տեսնում։ Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց։ Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝ «Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»։ Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։ Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը, մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները։ Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար։ Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն. քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ։ Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ։ Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած։ Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին։ Իմ աչքերը լցուեցին արցունքով, բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը։ Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար։ Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին, իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ, գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»։ Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր, եւ դու լսեցիր իմ ձայնը։ Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ։
Պողոս Առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին, 3. 10-15
Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից։ Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն։ Իսկ չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին։ Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար. գիտես, թէ ումից ես սովորել, որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մէջ է։
Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 16-22
Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ։ Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման։ Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով։ Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն։ Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն։ Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԴԿ. Սրբոցն Աբրահամու, Խորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային:
Օրհ. Մրտ. դկ. Զարիական մահ: Հրց. ակ. Ա. Սուրբ Աստուած: Մնկ. դկ. Որք եկեալ եմք։ Ժմտ. Ի տաճարի։ Ճշ. շրկ. դկ. Այսօր եկեղեցի։ Հմբ. դկ. Երրորդութեանն սիրօղ։
0 կարծիք