Սուրբ Խաչի 7-րդ կիրակի։ Սուրբ Խաչի գյուտի տոն։

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Ս. Խաչի գյուտի տոն,

Ներբող Աստվածընկալ Սուրբ Խաչին (Դավիթ Անհաղթ),

Երկնքի ճանապարհը (Շավիղ Զ),

Խաչակնքում,

Թևավոր խոսքեր խաչի մասին,

«Տեր, մի նշան ցույց տուր» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Սողոմոնի իմաստության գիրք, 14. 1-8

Դարձեալ. եթէ մէկը, նաւ բարձրանալով, կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով, օգնութեան է կանչում այդ փայտին, որն աւելի տկար է, քան նաւի տախտակը, քանի որ թէեւ նաւը ստեղծուել է շահի ցանկութիւնից, եւ ճարտարապետն էլ իմաստութեամբ է կառուցել, սակայն քո նախախնամութիւնն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետեւ դու ես, որ ծովի մէջ ճանապարհ եւ ալիքների մէջ ապահով շաւիղ ես տուել՝ ցոյց տալով, թէ ամէն ինչից կարող ես փրկել մինչեւ իսկ նրան, ով ծով է մտել նոյնիսկ առանց փորձ ունենալու: Բայց դու կամենում ես, որ քո իմաստութեան գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին եւ, շրջելով ալիքների վրայով, փրկւում աննշան լաստի շնորհիւ: Արդարեւ, հէնց սկզբից, երբ կործանւում էին ամբարտաւան հսկաները, աշխարհի յոյսը, ապաւինելով լաստանաւին եւ ղեկավարուելով քո ձեռքով, փրկուեց, որ աշխարհի վրայ սերունդ լինի, քանզի օրհնեալ է այն փայտը, որով արդարութիւն է լինում, եւ անիծեալ է ձեռակերտ կուռքը, ինչպէս նաեւ այն շինողը, որովհետեւ նա կերտեց, իսկ այս եղծանելին աստուած անուանուեց:

Եսայի մարգարե, 33. 22 – 34. 1

Տէրն է մեր հայրը, Տէրն է մեր դատաւորը, Տէրն է մեր իշխանը, Տէրն է մեր թագաւորը, Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ: Կտրուեցին քո պարանները, որովհետեւ չդիմացան, կայմն էլ թեքուեց եւ չի բացելու առագաստը ու չի պարզելու դրօշը մինչեւ կորստեան մատնուելը: Այնուհետեւ բազում կաղեր աւարառութիւն պիտի կատարեն: Ժողովուրդը, որ բնակւում է դրանց մէջ, չպիտի ասի, թէ՝ տանջուեցինք, որովհետեւ նրա մեղքերին թողութիւն է լինելու:

Մօ՛տ եկէք ու լսեցէ՛ք, ո՛վ հեթանոսներ, ակա՛նջ դրէք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրը՝ իր մէջ գտնուողների հետ, աշխարհը՝ իր մէջ ապրող ժողովուրդների հետ:

Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 1. 18-24

Որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծու զօրութիւն, քանի որ գրուած է. Պիտի կործանեմ իմաստունների իմաստութիւնը եւ հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ: Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր՝ բանգէտը, ո՞ւր՝ այս աշխարհի քննողը: Չէ՞ որ Աստուած յիմարացրեց այս աշխարհի իմաստութիւնը. քանզի աշխարհն իր իմաստութեամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստութեամբ: Աստուած էլ հաճեց փրկել հաւատացեալներին այդ քարոզութեան յիմարութեամբ: Իսկ որովհետեւ հրեաները նշան են հայցում, եւ հեթանոսները իմաստութիւն են փնտռում, մենք քարոզում ենք խաչուած Քրիստոսին՝ ի գայթակղութիւն հրեաների եւ ի յիմարութիւն հեթանոսների, բայց նրանց համար, որ կանչուած են, հրեաներ թէ հեթանոսներ, Քրիստոսը Աստծու զօրութիւնն ու Աստծու իմաստութիւնն է:

Ավետարան ըստ Մատթեոսի, 24. 27-36

«Որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի: Ուր որ դիակն է, այնտե՛ղ կհաւաքուեն արծիւները: Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն: Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը: Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է: Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն: Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Է. կիր. զկնի Ս. Խաչի։ Գիւտ Ս. Խաչի։

Ի տեղի Հանգստեան շարականի՝ Այսօր անճառ եւ Տարածեալ։ Աւտրն. Խաչելութեան։ Նորոգող։ Երգ՝ Տրտմահաղորդ։ Օրհ. աձ. Հրաշակերտ եւ զօրեղ, իւր սարօքն (յատեանն)։ Յորժամ երգեսցեն զԳ. տունն Հարցի, խընկարկեսցեն Ս. Սեղանոյն եւ ժողովըրդեանն։ Ս. Աստուած՝ որ խաչեցար։ Ժմտ. Առաջի պատուական։ Ճշ. շրկ. բձ. Այսօր խնդրի։ Սրբ. Ով է որպէս։

Յերեկոյին՝ Ս. Աստուած՝ որ խաչեցար։ Հմբ. բձ. Ապաւինեցաք։ Քրզ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա։

, , , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ