Սուրբ Խաչի տոնին հաջորդող 6-րդ կիրակի

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

«Ատելությունը չարիք է» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, 20. 2 – 21. 6

Ահա այդ ժամանակ Տէրը խօսեց Ամոսի որդի Եսայու հետ եւ ասաց. «Գնա՛ ու քուրձդ հանի՛ր քո մէջքից եւ հողաթափերդ արձակի՛ր քո ոտքերից»: Այդպէս էլ արեց՝ քայլելով մերկ ու բոկոտն: Եւ Տէրն ասաց. «Ինչպէս որ իմ ծառայ Եսային քայլեց մերկ ու բոկոտն, այդպէս երեք տարի եգիպտացիների եւ եթովպացիների համար հրաշքներ ու նշաններ պիտի լինեն: Թող հասկանան, որ այդպէս Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու ամօթոյքը բաց, խայտառակելով եգիպտացիներին: Եւ պարտութեան մատնուած եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, որոնց վրայ յոյս էին դրել, եւ որոնք նրանց համար զօրութիւն էին»: Ապա այն օրը այդ կղզու բնակիչները պիտի ասեն. «Ահաւասիկ մենք մեր յոյսը դրել էինք սրանց վրայ, ապաւինել սրանց օգնութեանը, բայց սրանք իրենց անձն անգամ չկարողացան փրկել Ասորեստանի արքայից, իսկ մենք ինչպէ՞ս պիտի փրկուենք»:

Ինչպէս անապատով անցնող մրրիկ, այդպէս նա եկաւ անապատային երկրից: Ահաւոր էր եւ սարսափելի այն տեսիլքը, որ երեւաց ինձ: Անարգողն անարգում է, անիրաւը՝ անիրաւութիւն գործում: Ինձ վրայ յարձակուեցին էլամացիք, ինձ վրայ եկան պարսից պատգամաւորները: Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում: Ահա թէ ինչու մէջս սարսուռ ընկաւ, ցաւերը բռնեցին ինձ, ինչպէս ծննդկան կնոջը: Փախայ, որպէսզի չլսեմ, շտապեցի, որպէսզի չտեսնեմ: Միտքս շուարեց, յանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկաւ: Նայի՛ր, թէ ինչ դիտաւորութիւն ունես. սեղա՛ն պատրաստիր, կե՛ր, խմի՛ր: Եկէ՜ք, իշխաննե՛ր, պատրաստեցէ՛ք ձեր վահանները, քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. «Ինքդ անձամբ գնա դէ՛տ եղիր, ինչ որ տեսնես՝ կը պատմես»:

Պողոս Առաքյալի նամակը գաղատացիներին, 4. 3-18

Նոյնպէս եւ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում: Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք: Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու: Այն ժամանակ, մինչ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք ի բնէ աստուածներ չէին, իսկ այժմ որ ճանաչեցիք Աստծուն, մանաւանդ որ Աստուած էլ ճանաչեց ձեզ, ինչպէ՞ս էք վերադառնում նորից դէպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնց, նորից, ուզում էք ձեզ գերի դարձնել: Պահում էք յատուկ օրեր, ամիսներ, եղանակներ եւ տարիներ: Վախենում եմ, որ մի գուցէ ի զուր եմ աշխատել ձեզ համար: Եղէ՛ք՝ ինչպէս ես, քանզի ես էլ ձեզ նման եղայ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել: Դուք գիտէք, որ տկար մարմնով աւետարանեցի ձեզ առաջին անգամ, եւ չանարգեցիք ու չար համարհեցիք այն փորձութիւնները, որ կրում էի իմ մարմնի վրայ. այլ իբրեւ Աստծու հրեշտակ ընդունեցիք ինձ, իբրեւ Քրիստոս Յիսուս: Իսկ արդ, ո՞ւր է ձեր երանութիւնը: Վկայում եմ ձեզ. եթէ հնար լինէր, ձեր աչքերը կը հանէիք ու կը տայիք ինձ: Հիմա ինչո՞ւ թշնամի դարձայ ձեզ, որ ճիշտը խօսեցի: Նրանք բարի դիտաւորութեամբ չէ, որ հետաքրքրւում են ձեզանով, այլ ուզում են արգելք լինել ձեզ, որպէսզի նախանձախնդիր լինէք իրե՛նց համար: Բայց լաւ է մի՛շտ նախանձախնդիր լինել բարի բաներին եւ ոչ թէ միայն այն ժամանակ, երբ ձեր մէջ եմ:

Ավետարան ըստ Ղուկասի, 4. 14-23

Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց: Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից: Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ: Եւ նրան տուին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»: Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում գտնուողների բոլորի աչքերը նրա վրայ էին սեւեռուած: Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»: Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»: Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կ՚ասէք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»: Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ, քո գաւառում»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† ԳՁ. Զ. կիր. զկնի Ս. Խաչի։

Օրհ. գձ. Օգնական ընդունելի: Հրց. դձ. Յորժամ ի խաչին: Մեծ. դձ. Մայր լուսոյ: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. գձ. Զթագաւորն Քրիստոս։ Հմբ. գձ. Իւղաբեր, Այսօր յարութիւն եւ Ի խաչանիշ:

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ