Պահքի մասին ընդհանրապես

«Եվ արդ,- ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձե՛ք Ինձ ձեր

ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով» (Հովել, Բ. 12):

Միաստվածության երեք կրոններն էլ` մովսիսականությունը, քրիստոնեությունը և մահմեդականությունը, ունեն և կիրարկում են պահեցողության օրենքը: Սակայն պահքը հատկապես քրիստոնեական կրոնի մեջ է ստացել իր գերագույն կարևորությունը և միջին դարերում իր խստագույն գործադրության գագաթին հասել: Այդ դարերի պահեցողությունն օրացույցների մեջ գոյություն ունեցող մի կանոն կամ անհատական խղճի հարց չէր միայն, այլ եկեղեցական և ընկերային (սոցիալական կամ հասարակական, թարգմ.) ամենախիստ մի օրենք էր, որին, լիներ Արևելքում, թե Արևմուտքում, հավաքաբար ենթարկվում էին բոլոր քրիստոնյաները: Վա՜յ պահքը լուծողին. թե՛ հանրային կարծիքը և թե՛ օրենքը լախտի հարվածի նման կիջնեին նրա գլխին: 350-ական թվականներին Գանգրայում գումարված ժողովի 20-րդ կանոնն ասում է. «Չափահաս և մարմնով առողջ այն մարդը, ով քրիստոնյա անունն է կրում և քառասնօրյա պահքը մինչև վերջ չի պահում, նզովյալ լինի»:

Այսօր, սակայն, թե՛ եկեղեցիների օրենքներում և թե՛ անհատ քրիստոնյաների առօրյա կյանքում պահեցողությունը խորագույն տեղատվություն է կրում: Այս տեղատվությունն սկսվեց միջնադարի վերջերին, Արևմուտքում և շարունակվում է ցայսօր: Նախ Հռոմի քահանայապետերը շինարարական կամ պատերազմական գործողությունների համար նյութական միջոցներ հայթայթելու նպատակով պահեցողության խստություններից ազատ մնալու արտոնություններ շնորհեցին ազնվապետական ընտանիքներին, պայմանով, որ նրանք որոշ գումարներ հատկացնեն Հռոմի աթոռին: Ապա այս տեղատվությունը հզոր թափ ստացավ Վերածնունդով ու մանավանդ բողոքականության ծագումով, իսկ մեր ժամանակներում հրապարակ իջած ազատականության, հեղափոխությունների, անհավատության և կրոնական անտարբերության ծավալումով իր լրումին հանգեց: Այնպես որ, այսօր ընկերային հին կարգերի և մտայնությունների գրեթե իսպառ փլուզումով պահքն էլ իր նախկին փայլը կորցրեց, առանց, սակայն, կիրարկությունից բոլորովին դադարելու:

Պահեցողությունից հրաժարումն այն աստիճան համատարած է, որ Հայաստանյայց Եկեղեցու բարձրագույն իշխանությունը 35 տարիներ առաջ (1) Հայ Եկեղեցու «Բարեկարգության» վերաբերյալ իր զեկույցի մեջ ասում էր. «Կյանքն ինքնին լուծել է պահքի խնդիրը…»:

Սակայն, հակառակ այս իրողության, պահքը չպետք է դադարի իր կրոնական արժեքը և կարևորությունը պահելուց: Երբ կրոնական ինչ-ինչ կարևոր սկզբունքներ և հավատալիքներ, օրինակ` աղոթքը, ապաշխարանքը, հաղորդությունը և նմանները, ընկերային լայն խավերի մեջ կորցնում են իրենց գործնական կիրարկումները, ինչպես մեր ներկա ժամանակներում է, երբեք չի նշանակում, որ դրանք ըստ ինքյան նաև իրենց կարևորությունը և արժեքն են կորցնում: Երբ Աստծո Հոգուց այլևս պարպված որոշ աստվածաբաններ հայտարարում են, թե «Աստված մեռած է» կամ միլիոնավոր զանգվածներ չեն իսկ անդրադառնում Նրա գոյությանը, երբեք չի նշանակում, որ Աստված արդարև դադարել է գոյություն ունենալուց և գործելուց: Նույն հանգամանքն է պահեցողության դեպքում:

 —————————————–

(1) Այսինքն` 1936 թ., քանի որ սույն գիրքն արևմտահայերեն առաջին անգամ հրատարակվել է 1971 թ., որից և կատարվել է այս թարգմանությունը:

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ