Չմտածված ներողամտությունը բարոյալքման ուղի է հարթում

Հարցազրույց հոգեբան Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:

Ներելով՝ ինքդ էլ կազատվես չարության խայթից։

– Հոգեբանության մեջ ներողամտությունն ի՞նչ կատեգորիա է, կարո՞ղ է դիտվել որպես բարոյական զգացմունք։

– Ներողամտությունը կարելի է համարել անձի բնավորության գիծ կամ դիտարկել որպես վարքային ձև։ Անշուշտ, ներողամտությունը դրական առանձնահատկություն է, որովհետև հիշաչարությունը, վրեժխնդրությունը դեպի ագրեսիվություն են տանում։ Պետք է դիտարկել տարբեր տեսակետներից։ Ասենք, միջանձնային հարաբերություններում եղել են կենսափորձի ինչ-որ դրվագներ, որտեղ դիմացինն ինչ-որ պատճառներով մեղանչել է, մեզ հիասթափեցրել է։ Հարց է ծագում. մարդուն ներե՞լ, թե՞ չներել։ Եթե պարզ մոտենանք, ներելը լավ է՝ ներենք, շարժվենք առաջ։ Իսկապես, եթե մարդը հիասթափության ցավն իր մեջ երկար է կրում, թշնամանքի զգացողությունը երկար է մնում դիմացինի նկատմամբ, սա շատ լուրջ հոգեկան տառապանքների տեղիք է տալիս, և լավ է, եթե մարդը ներում է, հարաբերություններն էլ բարի հունով շարունակվում են։ Այս իմաստով ներողամտությունը նաև հոգեկանի ինքնապաշտպանական նշանակություն ունի, որովհետև երբ ներում ես դիմացինին, ինքդ էլ ազատվում ես վրեժխնդրության, ինչ-որ չարության խայթից։ Դիտենք նաև մյուս կողմից։ Իմ կարծիքով, արժե ներել և շարունակել հարաբերություններն այն դեպքում, երբ դիմացինն իր այդ վարմունքով ուղղակի վրիպում է թույլ տվել, չարամտորեն չի արել. բոլորս ինչ-ինչ հանգամանքների բերումով կարող ենք այնպիսի քայլեր կատարել, որոնց համար հետո կզղջանք, մեղքի զգացում կունենանք. սա, իհարկե, կախված է մարդու բարոյական հասունության մակարդակից։ Պատկերացնենք՝ վրիպել ենք, զղջացել ենք, և դիմացինը մեզ համառորեն չի ներում, ժխտում է մեզ և մեր գոյությունը. սա շատ ծանր վիճակ է։ Ուրեմն՝ կարծում եմ, որ ներելուց առաջ արժե լավ խորամուխ լինել այն արարքի դրդապատճառների մեջ, որը մեզ հանգեցրել էր ներել-չներելու վիճակին։ Եթե մարդը վրիպել է, հիմնական վարքի ուղղվածություն չէ մեր նկատմամբ, այդ դեպքում, իհարկե, պետք է լայնախոհ լինել, քննարկել,պարզել հարցերը, ներել… Բայց պատկերացրեք՝ չարամիտ արարքի համար մարդուն ներում ես։ Հոգեբանության մեջ շատ հետաքրքիր բան կա. նույնիսկ կարելի է այսպես ասել՝ մարդուն լկտիացնելու մեխանիզմներ։ Եթե մարդն արժանի չէ ներման, եթե նա ագրեսիվորեն այնպիսի քայլի է դիմել, որն ավերածությունների է բերում, երբ նրան ներում ենք, իհարկե, նախ հնարավորություն ենք տալիս ուղղվելու, զարգանալու, բայց եթե շատ չարամիտ արարք էր և իրեն ներում ես, ինքն, իհարկե, ընդունում է այդ շնորհը, բայց ինքը քեզ համարում է հիմար, թույլ մարդ և հաջորդ անգամ կրկին կդիմի նման քայլերի, մեկ անգամ էլ ես ներում՝ ավելի լայն դաշտ ես ստեղծում նրա համար՝ հոգեբանորեն ռեգրեսիա ապրելու, բարոյապես փչանալու, այսինքն՝ չմտածված ներողամտությամբ, երբ բոլոր գործոնները հաշվի չենք առել, կարող ենք ամեն ինչ տանել դեպի ավելի վատը, քան եթե չներեինք։ Մարդը կարող է նաև ներել և չշարունակել հարաբերությունները՝ հոգու խորքում փիլիսոփայական հայացք նետելով կատարվածին։

– Դա լիարժե՞ք ներում կլինի։

– Լիարժեք չի լինի, ուղղակի կարող ես նրա նկատմամբ խորն ագրեսիվություն չզգալ, չարամիտ մտքեր չունենալ։ Բանաստեղծի տողերն եմ հիշում. «Թեթև է արդեն ներելը, բայց անհնար է սիրել»։ Այսպես էլ է լինում, և կարծում եմ՝ արժանապատիվ է. ոչ թե վրեժխնդիր լինել, այլ հասկանալ, շրջվել ու հեռանալ։

– Կարո՞ղ ենք դա համարել այն ներքին աշխատանքը, որը կպահանջվի նաև այն դեպքերում, երբ շարունակաբար նեղացնողը, ցավ պատճառողը, յոթանասունյոթ անգամ ներվողը չի զղջում, ներողություն չի խնդրում։ Նման դեպքում հոգեբանական ինչպիսի՞ պրոցեսներ պետք է ապրել՝ ի վերջո ներելու համար։

– Եթե նպատակը դրված է, որ անպայման պիտի ներեմ … Մարդն ընդհանրապես անընդհատ լարված վիճակներում չի մնում, ներքին պաշտպանական մեխանիզմներ են արթնանում, որոնք մեզ հանում են լարվածության մեջ պահող հարաբերություններից։ Վերջին հաշվով, եթե դու անընդհատ ներում ես, բայց դիմացինդ շարունակում է նույնը, արդեն ներողի ինքնագնահատականն է սկսում ընկնել. գուցե նա ոչ թե մեծահոգաբար ներող է, այլ պարզապես թույլ է … Նման դեպքում շարունակաբար ներելով՝ ինքդ քո անձը քայքայում ես, նրան էլ՝ լկտիացնում։ Ավելի լավ է՝ մարդը պատժի ինչ-որ չափաբաժին ստանա, դրանով ավելի լավը դառնալու ուղի ցույց կտանք նրան։

– Իսկ մարդն ի՞նչ չափով կարող է իրեն իրավունքներ վերապահել՝ պատիժ որոշելու հարցում։

– Պատժի շատ նուրբ հոգեբանական ձևեր կան, և մեր առօրյայում դրանք անընդհատ կիրառում ենք։ Օրինակ՝ դիմացինին զրկել մեր լավ վերաբերմունքից, մեր սիրուց, դա հոգեբանական մեծագույն պատիժներից մեկն է։ Իսկ ինչո՞ւ իրավունք չունենք, եթե մեզ վիրավորել են, ցավ են պատճառել հանիրավի։ Պատժի հոգեբանական այդ ձևը շատ արդյունավետ է։ Եթե մարդուն զրկես սիրո նման բարիքից, ինքը գուցե սթափվի, հասկանա, թե ինչ է կորցնում, վերլուծի կատարվածը և ավելի մաքրված, բարոյապես ավելի բարձր վիճակում դուրս գա այդ իրադրությունից, գիտակցի՝ այդ հարաբերություններն այնքան թանկ են, որ ստոր արարքներ չի կարելի կատարել։ Ինչո՞ւ չէ. ինչպես դիմացինին սիրելու, խրախուսելու իրավունքներ կվերապահենք մեզ, այդպես էլ՝ պատժի, արգելքների, սահմանափակումների. դրանք բարոյականացնող նշանակություն ունեն։ Եթե անընդհատ ընդառաջ ենք գնում մարդկանց՝ մեզ զոհելով, և եթե նրանք բարոյապես հասուն չեն, ապա կարող են ընկալել որպես սովորական մի բան … Շատ կարևոր է՝ մարդը հասկանա, որ դա ինքնազոհաբերման արդյունք էր, եթե ոչ՝ մեկն անընդհատ դառնում է աղբյուր, որից շարունակ պետք է ստանալ, իսկ մի օր երբ այդ մարդը սպառվում է, հոգնում տարբեր պատճառներով, դիմացինը միանգամից ագրեսիվ է դառնում. այսինքն՝ այստեղ շատ կարևոր է էմպաթիա՝ ուրիշի վիճակի մեջ մտնելու ունակություն ունենալը, որը մարդկային ամենաբարձր կարողություններից մեկն է։

– Ներողամտության քրիստոնեական պատվիրանը, որ եթե աջ ծնոտին ապտակում են՝ ձախն էլ մեկնել, ինչպիսի՞ կամքի ուժ է պահանջում. արդյո՞ք դա թուլամորթության դրսևորում է, թե՞ հակառակը։

– Քրիստոնեության պարագայում շատ խորը մարդասիրական արժեքներ են առաջ քաշվում։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, միշտ չէ, որ զիջումների գնալով՝ դիմացինին լավ բան ենք անում։

Կրոնական զգացմունքների մեջ ընդհանրապես վախի տարր կա։ Շատերը ինչ-որ վատ արարք չեն կատարում՝ երբեմն պարզ պատճառով. ուղղակի պատժից են վախենում։ Աստծու գաղափարը մարդկանց ստիպում է կանգ առնել, երբ ինչ-որ վատ մղումներ են առաջ գալիս։ Հանրությունը բարոյական պահելու շատ լավ միջոց են կրոնական պատվիրանները, և արժե դրանց հետևել, որովհետև եթե չլինեն այդ սահմանափակումները, մարդու հոգեկանի խորքերում այնպիսի մղումներ կան՝ շատ չար, ագրեսիվ, ոչնչացնող, որոնք եթե սկսեն մարդկանց ուղղորդել, շատ ծանր կդառնան մարդկային կյանքը և հարաբերությունները։ Պատկերացնենք՝ ցանկացած կրոն շեշտն ավելի դնի հիշաչարության վրա. եթե մեկը քեզ վատ բան է արել, մինչև կյանքի վերջ հետապնդիր նրան և ոչնչացրու … Անընդունելի է։ Ուրեմն՝ սահմանափակումները՝ նաև կրոնական բարոյականության տեսքով, մարդկային փոխհարաբերությունները դարձնում են գոնե տանելի, եթե չէ՝ անբարոյականությունը, ագրեսիվությունը, եսասիրությունը ուղղակի կծաղկեին։

– Կարո՞ղ են հիվանդագին իրավիճակներ առաջանալ հիշաչարությունից, վրեժխնդրությունից։

– Ընդհանրապես երբ հոգեբանության մեջ նայում ես ամենատարբեր երևույթներին, ծայրահեղությունները՝ երկու կողմից էլ, միշտ սահմանակցում են ախտաբանությանը։ Օրինակ՝ եթե մարդը կորցնում է իրականության զգացողությունը և միշտ ներողամիտ է, կամ՝ չափազանց հիշաչար, այստեղ կարելի է տեսնել ախտաբանական՝ նևրոտիկ ներքին կոնֆլիկտներ։ Շատ կարևոր է, և անձի հոգեկան հասունության չափանիշներից մեկն է՝ զգալ իրականությունը։ Եթե կանգնած ենք ներել-չներելու ընտրության առաջ, և եթե հոգեպես առողջ ու կայուն մարդ ենք, ապա կարողանում ենք ծանր ու թեթև անել իրավիճակը, հանգամանքները, մարդկանց կերպարները, փոխհարաբերությունները, և եթե վերլուծությունից հետո գտնում ենք, որ այս մարդը գոնե ինչ-որ չափով պիտի պատժվի, եթե չէ՝ ինքը կլկտիանա՝ ավելի լավ է պատժի միջոցով բարոյական դարձնենք նրան, իսկ եթե տեսնում ենք, որ մեր ագրեսիվ մղումն այնքան ուժեղ է, որ վրեժխնդրության մեջ կարող է չափն անցնենք՝ պիտի չափավորենք մեր հույզերը, ինքներս մեղք չգործենք։ Միջին արժեքները, որոնք հիմնված են ռեալիզմի վրա, ամենաառողջ կողմնորոշումներն են։

– Լինում են իրավիճակներ, երբ մարդը երբեմն կարիք է ունենում ներելու նաև ինքն իրեն։ Երբ տարբեր հանգամանքների բերումով չափից դուրս խորն է մեղավորության գիտակցումը, ի՞նչ ներքին աշխատանք պիտի կատարի անձը, որպեսզի այդ զգացումը վերածվի ինքնամաքրման։

– Դա շատ հետաքրքիր հարց է և անմիջականորեն կապված է անձի բարոյական հասունության մակարդակի հետ։ Երկու հոգի կարող են նույն գործողությունը կատարել, բայց մեկը կարող է խղճի խայթ, մեղքի ծանր զգացողություններ ապրել, իսկ մյուսը հանգիստ անցնում-գնում է, չի էլ անդրադառնում, թե ինչ ավերածություններ թողեց իրենից հետո, ցավ պատճառելուց սադիստական հաճույք է ստանում. ցավոք, կա նաև մարդու այս տեսակը։

Կյանքի տարբեր հանգամանքներում նույնիսկ բարոյապես շատ հասուն մարդիկ կարող են ինչ-որ բան անել, որի համար կզղջան։ Սա շատ դրական է, բայց, իհարկե, չի կարելի նույնացնել բարոյական հասունությունը և նևրոտիկ ապրումները. ինքը ոչինչ չի արել, մինչդեռ անընդհատ տառապում է, իրեն թվում է, թե վատ բան է արել, մեղքի զգացումը նրա ներաշխարհի մշտական բաղադրիչն է։ Տագնապի նևրոզի, դեպրեսիվ վիճակների դեպքերում հաճախ տեսնում ենք, որ մարդու մոտ պաթոլոգիկ ձևով ուժեղ արտահայտված է մեղքի զգացումը. սա արդեն ծայրահեղություն է։

– Իսկ ի՞նչ է խիղճը։

– Խղճի հարցը շատ կարևոր է։ Հոգեվերլուծությունը անձի կառուցվածքը դիտարկում է երեք հիմնական բաղադրիչներով. մեկը «ես»-ն է, որն անմիջականորեն կապված է իրականության հետ, մյուսը «այն»-ն է՝ անգիտակցականից եկող մղումները, իսկ դրանք ագրեսիվ, հրեշավոր ուժեր են, որոնք մարդուն կարող են մղել ինչ-որ գործողությունների, երրորդը ոչ պակաս հզոր ուժ է և կոչվում է «գեր-ես» (սուպեր-էգո), սա իր մեջ ունի երկու բաղադրիչ՝ «ես»-ի իդեալը և խիղճը։ Երբ մեր անգիտակցականից ինչ-որ մղումներ են գալիս, որոնք շատ բնական են, բայց ցավ են պատճառելու ուրիշին կամ հենց մեր կյանքն է փչանալու, խիղճը մեզ կանգնեցնում է։ «Ես»-ը երկու հզոր ուժերի ճնշման տակ է, երբեմն հագուրդ է տալիս այն կողմից եկած մղումներին, մեկ այլ դեպքում՝ «գեր-ես»-ի թելադրանքին։ Երբեմն «գեր-ես»-ը կարող է այնքան հզոր լինել և մարդուն այնպիսի սահմանափակումների մեջ դնել, որ մարդը բնական որևէ մղման ընդառաջ չգնա, և նա դրանից կհիվանդանա նևրոզով։ «Գեր-ես»-ը կարող է ավելի դաժան լինել, քան «այն»-ի մղումները, և մարդուն դարձնել շատ չոր, սառը, անբնական, բայց, իհարկե, «գեր-ես»-ի ձևավորումը մարդու մարդկայնացման պրոցեսն է։ Այստեղ հավասարակշռություն է պետք՝ ընդառաջ գնալ ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին։ Անգիտակցականի՝ «այն»-ի բլոկում, օրինակ, սեռական մղումներն են, ընդ որում՝ առանց տարանջատելու օբյեկտը։ Պատահական չէ, որ մարդկության քաղաքակրթվելու հիմնական հանգրվաններն անցել են ամուսնությունների ձևի փոփոխություններով։ Օրինակ՝ արյունապղծման արգելքը մարդուն մարդ է դարձրել։ Ագրեսիվությունը, բարբարոսությունը, վայրենությունը, սեռական սանձարձակությունները նստած են «այն»-ի մեջ, «գեր-ես»-ը՝ ի դեմս խղճի, կանգնեցնում է այդ մղումները։

– Այդ մղումների ակունքը ո՞րն է։

– Գիտնականները մարդկության զարգացման փուլերի հետևյալ բաժանումներն են կատարում՝ վայրենություն, բարբարոսություն, քաղաքակրթություն։ Հազարավոր տարիներով անցնելով՝ մշակվել է մարդը, որոշակի նորմեր է յուրացրել։ Եթե չյուրացներ դրանք, մարդկությունը կկործանվեր։ Հոգեբանության մեջ շատ հետաքրքիր տեսակետ կա, կոչվում է բիոգենետիկական օրենք, ըստ որի՝ յուրաքանչյուր անհատ, սկսած սաղմնավորման պահից, անհատական զարգացման ճանապարհին անցնում է մարդկության անցած ամբողջ ճանապարհը՝ գերխտացված, գերարագացված վիճակով։ Երեխային սոցիալականացնելու ընթացքում անընդհատ արգելքներ ենք դնում, և այդպիսով բարոյական ենք դարձնում նրան. «վայրենության փուլում» գտնվող փոքրիկին նախ դարձնում ենք «բարբարոս», որը կարելի է նույնացնել դեռահասության շրջանի հետ, հետո արդեն քաղաքակրթում ենք։ Իհարկե, այս տեսակետին դեմ մոտեցումներ էլ կան, բայց ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ շատ հետաքրքիր օրինաչափություն է նկարագրված։ Խղճի արթնացումն էլ որոշակի տարիքից հետո է լինում։ Ի դեպ, բարոյական հասունությունը տարիքային հասունության հետ ընդամենը հարաբերականորեն է կապված. 20 տարեկան երիտասարդը բարոյական տեսակետից կարող է ավելի շատ բարձր փուլի հասած լինել, քան 60-70 տարեկան մարդը։

– Կա՞ն, արդյոք, դիտարկումներ, թե ո՞վ է առավելապես հակված ներելու՝ հայ կի՞նը, թե՞ տղամարդը։

– Նման հետազոտություններ արված չեն, բայց ուսումնասիրված են կնոջ և տղամարդու հոգեբանական առանձնահատկությունները։ Ընդհանրապես կանայք ավելի սոցիալական արարածներ են համարվում, քան տղամարդիկ։ Տղամարդն իր կենսագործունեության մեջ ավելի շատ ուղղված է դեպի իր «ես»-ը, այսինքն՝ իր գործողությունների ընթացքում հոգ է տանում իր բարձր ինքնագնահատականի մասին, շատ է միտված դեպի իր անձը, իսկ կինն ավելի շատ է մտածում, թե իր գործողությունների արդյունքում ինչ տեղի կունենա շրջապատի մարդկանց հետ իր հարաբերություններում։ Ներողամտությունը ինչ-որ չափով նաև բարոյական շոյանք է ինքդ քեզ, և շատ հաճախ կինը ներում է, որովհետև բարոյական շոյանքի կարիք ունի։ Այս իմաստով, կարծում եմ, կանայք ավելի շատ են հակված ներելու, քան տղամարդիկ։

– Անձամբ Ձեզ համար կա՞ն աններելի արարքներ։

– Կան։ Օրինակ՝ այսպես է պատահում. մարդու հետ շփման բավականին երկար փորձ ունես, արդեն քեզ հայտնի են նրա դիրքորոշումները, արժեքները, անձնային առանձնահատկությունները՝ կերպարը, քեզ հետ շփվելիս՝ տեսել ես, թե նա ինչի է ընդունակ … Կողմնակից եմ թողնել ու հեռանալուն, աշխատում եմ չշփվել, բայց անցնում է ժամանակ, և այդ մարդը կրկին գալիս է՝ քսու, լայն ժպիտով, ես ասում եմ՝ չէ։ Արդեն գիտեմ իրեն, ինձ համար տհաճ է այդ շփումը, նույնիսկ վիրավորական… Իսկ մարդը հիմնականում նույնն է մնում, շատ քիչ է պատահում, որ նա հոգեփոխվի։ Իսկ եթե այնպիսի բան է պատահել մարդու կյանքում, որ ինքն իսկապես հոգեփոխվել է. օրինակ, ասենք, սրիկան մեծ ցնցում է ապրել (հարազատի կորուստ է ունեցել կամ սիրել է ու սիրվում է) և սկսել է նոր հայացքով նայել աշխարհին, կտրուկ վերանայել իր կյանքը, այդ դեպքում կարելի է նորից հարաբերվել այդ մարդու հետ, բայց դարձյալ զգուշորեն…

Հարցազրույցը վարեց Աննա ԱԼՈՅԱՆԸ

Նույն թեմայի շուրջ զրուցել ենք նաև Սմբատ քահանա ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

, , , ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ