Ներողամտությո՞ւն, թե՞ պատվախնդրություն

Մեր զրուցակիցը նախկինում հոգեբույժ, այժմ եկեղեցական 
Սմբատ քահանա ՍԱՐԳՍՅԱՆՆ է:

Մեր դեմ գործված հանցանքը մեր մեջ եղած հանցանքների ինդիկատորն է։

– Վրեժխնդրություն ենթադրող հինուխտյան «աչքի փոխարեն՝ աչք, և ատամի փոխարեն՝ ատամ» պատվիրանին քրիստոնեությամբ հակադրված է չարին չհակառակվելու պատվիրանը, և ասվում է, որ եթե աջ այտին ապտակում են՝ ձախն էլ պետք է մեկնել։ Սա պետք է ընկալել որպես բացարձակ ներողամտության պատվիրա՞ն։

– Հին ուխտի «աչքի դեմ՝ աչք, և ատամի դեմ՝ ատամ» պատվիրանը, անշուշտ, մովսիսական օրենքի մեջ արտահայտված դաստիարակչական պատվիրան էր, որպեսզի մարդկությունը կարողանա հասկանալ, որ վրեժխնդրությունը և ոխակալությունը լավագույն արդյունքներ չեն կարող տալ։ Պողոս առաքյալը գաղատացիներին ուղղված նամակում ասում է. «Օրենքը եղավ դաստիարակ՝ Քրիստոս Հիսուսին բերելու համար»։ Այսինքն՝ այս պատվիրանը նաև մարգարեական էր, որովհետև մարդը, այդ խոսքն ընկալելով, հետագայում Քրիստոսի ներողամտությունը պետք է հասկանար։

Արարչության ժամանակ մարդուն տրվեց Աստծուն ընկալելու աչք և ատամներ՝ այսինքն՝ մարդն օժտվեց Աստծուն ճաշակելու կարողությամբ, բայց մարդն այն ի վնաս իրեն օգտագործեց, որովհետև հավանեց իր հայացքով հաճելի պտուղը և իր ատամներով ճաշակեց այն, մինչդեռ Հիսուս Քրիստոսը եկավ և թշնամության դիմաց բարին հատուցեց, մարդու չարակնության դիմաց ինքն իր աչքերը մատուցեց, որովհետև ինքն իր մարմինն ու արյունը տվեց ճաշակելու։ Երբ պատարագի ժամանակ ճաշակում ենք Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը, մեր բոլոր անդամները նրանն են դառնում։ Նա, որպես մարդասեր Աստված, կրեց մեր թշնամության հատուցումը և ոչ թե թշնամացավ մեր նկատմամբ, մինչդեռ հինկտակարանյան այս պատվիրանը հաճախ հենց այդպես էլ հասկանում են. թշնամություն՝ թշնամության դիմաց։

– Տե՛ր հայր, մեր փոխհարաբերություններում ինչպե՞ս պիտի կարողանանք գործնականում կիրառել այդ պատվիրանը։

– Հիսուս ասաց՝ սովորեք ինձանից, որովհետև հեզ եմ և սրտով խոնարհ։ Ինչպե՞ս պիտի կարողանանք այդ հեզությունը և խոնարհությունն ունենալ, եթե ոչ՝ հեզին և խոնարհին, սուրբին և անարատին մեր մեջ ունենալով։ Տիրոջ մարմնի և արյան հաղորդության շնորհիվ է, որ կկարողանանք իմաստություն ունենալ՝ հասկանալու նրա խոնարհության չափը։ Կուզեի շեշտել, որ մենք Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք, որպեսզի մեր մեջ ներգոյանան ներողամտության այն արգասիքները, որոնք նախևառաջ ինքը դրսևորեց խաչի վրա՝ ասելով. «Հա՛յր, ներիր դրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում»։ Այս ամենով հանդերձ՝ մենք նման ենք երեխաների, ովքեր ծնողներից ստանում են ժառանգական այն կարողությունները, որոնցով և ապրում են այս աշխարհում։ Հաճախ ասում ենք, որ մեր երեխաների մեջ պիտի դաստիարակենք չարը նկատելու և չարից փախչելու կարողություն, որովհետև եթե մեկը խուսափի չար ընկերակցությունից՝ փորձությունից կազատվի։ Կարևոր է, որ Աստծուց այն ներքին իմաստությունն ընկալենք, որ սուրբ հաղորդության խորհրդից ենք հասկանալու, թե ինչպես կարելի է ներողամիտ լինել։ Իսկ ի՞նչն է մեզ ներողամտության դրդում. ամենից առաջ մեր մեղավոր լինելու գիտակցումը, որովհետև Աստված մեր դաստիարակն է, նա մեզնից հեռու չէ, նրա ժառանգականությունը մեր մեջ կա, և Աստված մեզ դաստիարակում է, որպեսզի իր նման լինենք, պատվախնդիր չլինենք, որովհետև եթե մեր պատվախնդրությամբ չարին չարով պատասխանենք, ավելին չենք անի, եթե ոչ՝ միայն մեր անունն ու պատիվը վերականգնելն է, բայց մի՞թե Աստված այս է կամենում։ Եթե մեկը բարձր անուն է վաստակում մարդկանց առջև, սա չի նշանակում, թե Աստծու առջև էլ բարձր է։ Նա, ով ապտակի փոխարեն՝ ապտակ, հայհոյանքի փոխարեն՝ հայհոյանք, չար գործերի դիմաց չար գործեր է մատուցում, հենց այդ չար գործերով էլ կբնորոշվի։

– Ինչպե՞ս է հնարավոր շարունակաբար ներողամիտ լինել, եթե նեղացնողը, ցավ պատճառողը և յոթանասունյոթ անգամ ներվողը չի զղջում և ներողություն չի խնդրում։ Մի՞շտ է, որ ներողամտությունը տեղին է՝ որպես մեծահոգության դրսևորում։ Արդյո՞ք առկա չէ ավելորդ հանդուրժողականության վտանգը։

– Հիսուս Քրիստոսը Մատթեոսի Ավետարանում ասում է. «Ներեք ձեր դեմ հանցանք գործողներին, որպեսզի ձեր երկնավոր հայրն էլ ձեզ ների», «Հայր մեր» աղոթքում էլ ասում ենք. «Տե՛ր, ներիր մեզ, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին»… Տերը երկու անգամ շեշտում է՝ որպեսզի ձեր Երկնավոր Հայրը ների ձեր մեղքերը։ Իսկ ո՞վ է անմեղ։ Եթե մեկն իր մեղավոր լինելը գիտակցում է՝ իր դեմ մեղք գործողին դաժանորեն չի պատժի։

Մի օր մեկն ինձ անարգեց՝ ծիծաղելով ինձ վրա, ես երկար ժամանակ տրտմության մեջ էի, ներքին խոկման մեջ հաճախ Աստծուն հարցնում էի, թե ինչո՞ւ այսպես եղավ, Աստված իմաստություն տվեց, և հասկացա, որ եթե այդ մարդն ինձ չնեղացներ՝ չէի գիտակցի, որ նեղացկոտ մարդ եմ, այսինքն՝ Տիրոջ պատվիրանը պահելու հեշտություն ունեցա։ Այդ ժամանակ մի աղոթք արեցի, որի մեջ չկային խնդրվածքներ, ոչ էլ՝ աղաչանքներ, այլ խոստում կար, ասացի. «Տե՛ր, Դու որ իրեն համբերում ես՝ ես էլ կհամբերեմ»…

Վերջին հաշվով, մենք մեր թերություններից ազդվում ենք, որովհետև ազդվելու կարողություն ունենք, մինչդեռ պետք է, որ այդ նեղությունները հաղթահարելու ջանք գործադրենք։ Իսկ նեղությունը հաղթահարել՝ նշանակում է ոչ թե թշնամության մեջ զորանալ, այլ՝ ներողամտության, որովհետև թշնամությունը մահ է բերում, իսկ ներողամտությունը կյանք է դաստիարակում նախևառաջ քո մեջ, ապա՝ դիտորդի և հատկապես՝ թշնամու։

– Իսկ եթե դիտորդը կամ շարունակաբար ներվողը չի հասկանում…

– Այդ դեպքում Պողոս առաքյալի խոսքն է կատարվում, որ ասում է, թե բարկության կայծեր կդիզեք նրանց գլխին դատաստանի օրը, որովհետև Աստված ասում է՝ իմն է վրեժխնդրությունը։ Մի՞թե Աստված վրեժխնդիր չի լինի մեզ համար, որովհետև նրա արյան գինն ենք թե՛ մենք և թե՛ մեր թշնամիներն այս աշխարհում, բայց մենք հասկացել ենք նրա արյան գինը, և Աստված տա, որ սեփական արյունը թափելու աստիճան մեղքից հրաժարվենք։ Եթե Աստված այսչափ հավատարմություն տեսնի, մի՞թե չի պաշտպանի իր ծառային։ Իսկ նրանք, ովքեր այս մտածումը չունեն և չարամտությունների, վրեժխնդրության, չար սովորությունների համար չեն ապաշխարում, նրանց մնում է ահեղ դատաստանի սպասումը։ Ապրելու կարողությունները Տիրոջից ենք ստանում։ Մի անգամ Հիսուս Քրիստոսն աշակերտներին իր երկրորդ գալստյան մասին ասաց. «Այն ժամանակ Մարդու որդին պիտի ասի՝ եկե՛ք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք ձեզ համար պատրաստած երկնքի արքայությունը, որովհետև երբ քաղցած էի՝ ինձ հաց տվեցիք, երբ մերկ էի՝ ինձ հագցրեցիք, երբ հիվանդ էի՝ ինձ այցի եկաք»։ Նրան հարցրին, թե իրենք ե՞րբ են նման բան արել, և նա պատասխանեց. «Այն ամենը, ինչ այս աղքատին արեցիք՝ ինձ արեցիք, որովհետև այդ աղքատի մեջ Աստծու արարչությունը տեսաք»։ Իսկ ոմանց էլ պիտի ասի. «Հեռո՛ւ գնացեք ինձանից, անօրեննե՛ր, որովհետև մերկ էի՝ ինձ չհագցրեցիք…»… Խնդիրն այն է, թե մենք միմյանց նկատմամբ ինչ մոտեցում ունենք. մեզնից ցա՞ծր ենք դասում մեկս մյուսին, թե՞ լավն ենք համարում։ …Մեկ այլ նրբություն կա այս պատվիրանի մեջ։ Երբ Տերը Պետրոս առաքյալին ասաց, թե պետք է ներել ընկերոջը յոթանասուն և յոթ անգամ, սա ինչ-որ չափ չի նշանակում։ Պատկերացրեք՝ ինչ-որ մեկը շարունակ նույն մեղքն է գործում ձեր հանդեպ և այդչափ գալիս, ներողություն է խնդրում. դա տեսականորեն է միայն հնարավոր, սակայն Տերն ասում է՝ եթե նույնիսկ այդպես էլ լինի, դուք այդչափ ներողամտություն ունեցեք միմյանց նկատմամբ։ Այստեղ հակազդեցության մեկ այլ որակ կա։ Տիրոջ պատվիրանի նպատակն է, որ օգնենք, սխալից դառնալու իմաստություն շնորհենք դիմացինին։ Վերջին հաշվով, մեր նպատակը ո՞րն է։ Երբեմն ինձ հարց եմ տալիս, որ եթե մեր հարազատը դժոխք ընկնի, մի՞թե չենք ուզի նրա փոխարեն գնալ. սարսափելի բան եմ ասում, չէ՞, բայց ցանկություն կլինի նրան օգնելու։ Ամբողջ մարդկությունը մեր հարազատներն են, որովհետև Աստծու արարածներն ենք բոլորս…

– Չներելը կարո՞ղ է հիվանդագին վիճակներ առաջացնել։

– Ներողամտությունը ոչ թե ինչ-որ գործողություն է, այլ՝ հոգու վիճակ, որի հակառակ բևեռը ատելությունն է, իսկ Աստված ուզում է մեզ այդ հոգեվիճակից ազատագրել, որպեսզի մեր մեջ չլինի Աստծու արքայություն մտնելու որևէ արգելք. չէ՞ որ եթե մեկն ատելության մեջ է, երբեմն կարող է ատել և նրանց, ովքեր իրեն թշնամի չեն, սա հատկանիշ է, որ բնորոշում է մարդու կեցվածքը, վիճակ է, որ այնքան էլ հաճելի չէ ո՛չ մարդուն, ո՛չ էլ՝ առավել ևս Աստծուն։ Տերը մեզ տվել է չարը տեսնելու կարողություն, որպեսզի ոչ թե մարդկանց չարությունները տեսնենք, այլ՝ ինքներս մեր, և ատենք մեղքը մեր մեջ։ Եթե Աստված մեզ բարկանալու կարողություն է տվել՝ մենք ոչ թե պիտի բարկանանք և ատենք մեր դիմացինին, այլ պիտի կարողանանք հավատարիմ «շան» պես մեր չարությունները հալածել, որովհետև չարությունը չարարված է, օտար է մեր բնությանը, իսկ այն ամենը, ինչ որ Աստված մեր մեջ դրել է՝ բարին, առաքինությունը, պիտի ընդունենք և սիրաշահենք։ Շատ հետաքրքիր է Տիրոջ պատվիրանը, որ ասում է՝ բարին գործեք ձեր հանդեպ չար գործողների համար, որովհետև նրանք մեզ համար փրկության հնարավորություն են ստեղծում, քանի որ մեր մեղքը տեսնելու և այն հաղթահարելու հնարավորություն են տալիս։ Չէ՞ որ դատաստանի ժամանակ չենք կարողանալու արդարանալով ասել, թե՝ Տե՛ր մենք երբեք չբարկացանք, երբեք ոխակալ չեղանք, իսկ Տերը մի՞թե չի հարցնի՝ իսկ ե՞րբ ունեցար այդ հնարավորությունը։ Մեր դեմ գործված հանցանքը մեր մեջ եղած հանցանքների ինդիկատորն է։

– Իսկ ո՞րն է խղճի դերը նման իրավիճակներում։ Քրիստոնեական վարդապետության մեջ խիղճը, որպես բանականության երեք բաղադրիչներից մեկը, մտածողության և կամքի կողքին, համարվում է ճշմարտության և սրբության զգացողություն։ Այսինքն՝ հենց խղճի զգացումն է, որ արդարության է տենչում, սակայն արդյո՞ք միշտ է մարդու խիղճը նախաստեղծ վիճակում՝ բարեսեր, արթուն, Աստծու հետ հաշտ, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ ի՛ր արդարությունն ունի, ի՛ր ճշմարտությունն ունի՝ ելնելով իր ճանաչողությունից, և միշտ չէ, որ այն նույնանում է միակ՝ աստվածային ճշմարտության հետ։

– Այն ամենը, ինչ որ Աստված մեզ տվել է ի սկզբանե, տվել է, որպեսզի կարողանանք իրեն ճանաչել, օժտել է մեզ առաջ շարժվելու կարողությամբ։ Տվյալ դեպքում բարկության, ատելու հատկանիշները, որ ունենք մեր մեջ, բարի են. չէ՞ որ նույն սիրո զորությունն է, որ, սակայն, սխալ ուղղությամբ է ընթացել. սեր պիտի լիներ՝ ատելություն դարձավ, ներողամտություն պիտի լիներ՝ բարկությամբ թշնամանք դարձավ։ Էական է, թե ինչ ուղղությամբ ենք շարժում մեր զգայարանները։ Նույնպես և խիղճը. որպես մեր բանականության թարգման՝ մեր մեջ ընկալած չար զգացմունքների հանդիմանողն է։ Խիղճն էլ իր առջև Աստծուն ունի՝ որպես առաքինության կողմնորոշիչ։ Ոչ միայն պիտի զղջանք, այլ նաև «խղճանք» ինքներս մեզ. չակերտավոր խղճալու մասին եմ ասում, որովհետև ոմանք կեղծ խղճահարությամբ են լցվում իրենք իրենց նկատմամբ և լավ վերաբերմունք ակնկալում, սակայն մատով անգամ չոփ էլ չեն շարժում՝ իրենց հարազատներին օգնելու համար։ Խղճալով մեզ՝ պիտի դաժան լինենք սեփական անձի նկատմամբ՝ հալածելու մեր մեջ ունեցած չար ցանկությունները, որ այդքան հաճելի են շատ հաճախ։

– Տե՛ր հայր, քանի որ նախկինում հոգեբույժ եք եղել, ուստի ուզում եմ հարցնել՝ ծայրահեղ ներողամտությունից և անուղղելի ոխակալությունից կոնկրետ հիվանդություններ առաջանո՞ւմ են։

– Ո՛չ, իհարկե, որովհետև հոգեկան հիվանդություններն իրենց պատճառներն ունեն. տարբեր ենթադրություններ կան։ Անձնական կարծիքս հետևյալն է. անշուշտ, հիմքում ժառանգական հակումներն են, նաև դաստիարակչական որոշակի վիճակներ կան մարդու մեջ, որոնք նպաստում են հոգեկան հիվանդությանը։ Այս իմաստով՝ ոչ թե ոխակալությունը, այլ ոխակալության բերող հոգեվիճակը կարող է պատճառ լինել հոգեկան հիվանդության. ոխակալ է նա, ով չափազանց անձնասեր է։ Անձնասիրությունը կարող է մարդու մեջ հարուցել մեծամոլական զառանցանք։ Կա ներողամտություն, կա նաև համբերատարություն՝ անձի ինքնասիրությունը զսպելու աստիճան. սրանք տարբեր բաներ են։ Ներողամտությունն այն է, երբ մարդը կարողանում է ներել՝ ոչ թե իր անձի արժանապատվությունը ոտնահարելով, այլ տեսնելով, որ ինքն այդ արժանապատվությունը չպիտի ունենա, որովհետև մեղավոր է։ Այդ դեպքում մարդը չի վնասվում՝ դեպրեսիայի մեջ ընկնելու աստիճան, ընդունում է, որ այդ թշնամանքն իր նկատմամբ արժանահատույց է։ Երբեմն լինում են վիճակներ, որ ինքս ինձ ասում եմ՝ իմ մեղքերի դիմաց ուրիշ ի՞նչ վերաբերմունք պիտի լիներ. անձնապես այս մարդու դեմ ոչ մի մեղք չեմ գործել, բայց եթե նրա կողմից թշնամություն եմ վայելում՝ գիտեմ, որ դա իմ մեղքի հետևանքն է, չեմ վհատվում դրանից, այլ աշխատում եմ մեղքս վերացնել, լցվում եմ հույսով առ Աստված, որովհետև գիտեմ, որ այդ մեղքը հաղթահարել կարող եմ միայն Աստծու օգնությամբ, իսկ եթե այս գիտակցությունը չլինի, այլ՝ միայն անձի արժանապատվությունը, իհարկե, վհատություն և դեպրեսիա կառաջանա։

– Մարդը երբեմն կարիք է ունենում ներելու նաև ինքն իրեն։ Երբ տարբեր հանգամանքների բերումով չափից դուրս խորն է մեղավորության գիտակցումը, ի՞նչ ներքին աշխատանք պիտի կատարի անձը, որպեսզի այդ զգացումը վերածվի անկեղծ զղջման ու ինքնամաքրման։

– Իհարկե, այս բոլոր զգացումները ռացիոնալ պիտի լինեն մեր մեջ, որպեսզի արդյունքը դրական լինի։ Բնական է, եթե մարդը ռացիոնալ հոգեվիճակով չի օժտված, նա չի կարողանալու ելքը գտնել և պիտի վհատվի։ Այս վհատության մեջ նաև մեծամտական երանգներ են նկատվում։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, թե տրտմությունը բաղկացած է երկու բանից՝ իրերի կորստից (դրանք կարող են նաև հոգևոր զգացումներ լինել) և բարկությունից։ Իհարկե, եթե մարդը ներողամիտ է մարդկանց նկատմամբ, արդյունքում բումերանգի նման, կարծես թե, այն դառնում է ներողամտություն իր նկատմամբ, որովհետև կարողանում է հասկանալ Աստծու ներողամտությունը։ Ներողամտությունը սեփական անձի նկատմամբ այն է, որ մարդն ինքն իր չար հատկանիշներն է հալածում և բարին ամուր բռնում։

– Տեսակետ կա, որ մեղանչողին ոչ թե Աստծու դատաստանն է դատապարտողը, այլ հաճախ՝ հենց սեփական խիղճը. այդպե՞ս է։

– Խիղճը սրբության և մեղքի սահմանն է դնում մեր մեջ, որովհետև մեղքի համար հանդիմանում է։ Թերևս ճշմարտություն կա այն խոսքի մեջ, որ խիղճն է մեզ դատելու, որովհետև Տերն ասում է՝ պատասխան պիտի տանք անգամ դատարկ տեղն ասված խոսքի համար։ Երբեմն մեր ասած խոսքերը հետագայում կշռում ենք, և այդ կշեռքը խիղճն է։

Դատաստանի ժամանակ էլ, կարծում եմ, այսպես պիտի լինի. Աստված իր սրբությամբ կհայտնվի, մենք նրա սրբությունը մեր խղճի զորությամբ կտեսնենք, և ինքներս մեզ ենք դատելու, թեև Աստված ահեղ դատավորն է։ Խղճի կարևորությունն այն է, որ հենց մեր խղճի վկայությամբ կարողանանք բարին գործել։

Հարցազրույցը վարեց Աննա ԱԼՈՅԱՆԸ

Նույն թեմայի շուրջ զրուցել ենք նաև հոգեբան Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Ամուսնությունը քեզ համար չի…

Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:

Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:

Երեք արտասովոր հյուրերը և բարի աստղը

Սուրբ Ծննդյան տոնին առնչվող բարոյախրատական պատում։