Շավիղ ԺԴ.

Հարց. Հասկացա, որ Աստծու պատվիրանները տասն են, բայց սրանց մեջ մեծ և փոքր կա՞, թե՞ բոլորն էլ հավասար են:

Պատասխան. Թեպետ բոլորն էլ մեծ են, որովհետև Աստծու պատվիրաններն են, բայց սրանց մեջ երկու մեծ պատվիրան կա, որ առաջնային է համարում Քրիստոս:

Հարց. Ո՞ր պատվիրանն է մեծ:

Պատասխան. Նախ՝ «Դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ»: Սա է առաջին պատվիրանը: Եվ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես», չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրանք» (Մարկոս ԺԲ 30-31):

Հարց. Ես ճիշտ եմ ասում, այդ երկու պատվիրաններից առաջինը հաստատ պահել եմ, որովհետև ես իմ Աստծուն սիրում եմ ամբողջ սրտով և ամբողջ մտքով: Բայց երկրորդ պատվիրանը, այսինքն՝ իմ ընկերոջը իմ անձի պես չեմ սիրում, դա մեծ վնաս ունի՞:

Պատասխան. Եթե ընկերոջդ քո անձի նման չսիրես, «Աստծուն սիրում եմ» ասելդ սուտ կլինի, ահա այդ է վնասը:

Հարց. Ինչի՞ց գիտես սուտ ասելս:

Պատասխան. Ահա, Հովհաննես առաքյալն է գրում. «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն և ատի իր եղբորը, սուտ է խոսում» (Ա Հովհաննես Դ 20):

Հարց. Եղբա՛յր, այդ ի՞նչ վախենալու խոսք է, որ ասացիր:

Պատասխան. Այդ ի՞նչ էր, որ ասացի, վախենալու խոսքը դեռ հետո է: Հովհաննես առաքյալը նորից գրում է. «Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է» (Ա Հովհաննես Գ 15):

Հարց. Առավել ևս վախեցրիր ինձ՝ ընկերոջս չսիրելու պատճառով ստախոս և մարդասպան անվանեցիր:

Պատասխան. Այս խոսքերը ես ինձնից չեմ հնարել, այլ Քրիստոսի և Նրա աշակերտի խոսքերն են: Տակավին շատ պատվիրաններ կան, բայց ես զանց կառնեմ: Միայն Քրիստոսի մի երկյուղալի խոսք պիտի ասեմ:

Հարց. Ասա տեսնեմ՝ ի՞նչ պատվեր և ի՞նչ խոսք է, որովհետև ասում են, թե Աստծու պատվիրաններն արհամարհող մարդուն Դավիթ մարգարեն օձի է նմանեցնում: Բայց պատճառը չգիտեմ:

Պատասխան. Իժ և քարբ ասված օձերը, երբ տեսնում են թովիչ որսկանին, մի ականջը հպում են հողին և մյուս ականջն էլ ծածկում պոչով, որպեսզի չլինի թե թովիչ որսկանի ձայնը լսելով՝ թմրեն և չկարողանան մեկին խայթել: Ինչպես Դավիթ մարգարեն է գրում. «Իժ և քարբ օձերի նման իր ականջը փակում է, որպեսզի թովչի ձայնը չլսի» (հմմտ. Սաղմոս ԾԷ 6): Նույնպես էլ աշխարհասեր ու կամապաշտ մարդը, որտեղ որ Աստծու պատվերը քարոզվի, այնտեղից կփախչի կամ ականջ չի դնի, որ չլինի թե լսելով խիղճն արթնանա և չարություն, վնաս չկարողանա անել ու իր չար կամքը կատարել և կամ իր աշխարհային ուրախությանը և փափկությանը արգելք հանդիսանալ:

Հարց. Ահա ես այդ պատճառով վախենում եմ Աստծու պատվիրանները չլսել, որ չլինի թե օձի նմանվեմ: Ուստի ինչքան պատվերներ կան, ասա՛, որ լսեմ:

Պատասխան. Ասելիքս այս է, որ դու բարկացար, երբ ես քեզ ստախոս անվանեցի, բայց Քրիստոս ստախոսին սատանայի որդի է անվանում: Սրան ի՞նչ պետք է ասես:

Հարց. Ես Աստծուն ամբողջ սրտով եմ սիրում, այստեղ սուտ չկա, որ սատանայի որդի լինեմ:

Պատասխան. Հիմա քեզ մի բան հարցնեմ: Եթե քո տունը մի հարգարժան մարդ գա, և քեզ համար արժանավոր մեկը լինի, պետք է որ նրան ավելի պատվես, որովհետև նա իր մտքում արժանիքների փոխարեն հարգանք է խնդրում քեզանից: Եվ եթե դու նրա արժանիքները չհարգես և միայն խոսքով ասես, թե «Ես քեզ շատ եմ սիրում, գալուդ համար շատ ուրախացա, իմ սիրտը քեզանից չպետք է կտրեմ, աշխարհում քեզանից ավելի սիրելի մարդ չունեմ» և այլն: Այդ մարդն արդյոք կհավատա՞ խոսքերիդ: Ո՛չ: Որովհետև խնայեցիր նրան ծախսով պատիվ անել, որ կարող էր աչքով տեսնվել և ձեռքով շոշափվել: Այլ բերանիցդ դուրս եկած քամուն ինչպե՞ս հավատա, որ օդի մեջ ցրվում է, ո՛չ տեսնվում և ո՛չ բռնվում:

Հարց. Այդ օրինակդ հարմար է երևում: Ցանկանում եմ, որ դրա միտքը բացատրես ինձ:

Պատասխան. Մարդը մարդկանց երեսին նայելով միայն կարող է հասկանալ նրանց գեղեցիկ կամ տգեղ լինելը, իսկ սիրտը ամենևին չի կարող քննել: Բայց եթե շրջապատում իրեն տրվելիք հարգանք չտեսնի, «սիրում եմ» ասելուն չի հավատա: Սակայն մեր ամենաբարի և ամենագետ Աստված, որ մեր վրա անչափ երախտիք ունի և մեր սրտի խորհուրդներն է քննում ու Իր՝ մեզ պարգևած արժանիքների փոխարեն մեզնից հարգանք է պահանջում, և մենք երբեք չենք հարգում, չենք պահում Իր պատվիրանները: Եթե միայն լեզվով ասենք «Աստծուն սիրում եմ, չեմ մոռանա նրա երախտիքը», մի՞թե Աստված կհավատա բերանիցդ դուրս եկած և օդում ցրված խոսքիդ, ինչպես որ Մաղաքիա մարգարեն է ասում. «Որդին փառավորում է Հորը, և ծառան երկնչում է իր Տիրոջից: Իսկ արդ, եթե Ես Հայր եմ, ո՞ւր է Իմ փառքը, իսկ եթե Տեր եմ, ո՞ւր է Իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը» (Մաղաքիա Ա 6): Սրանից բացի մեր Տեր Քրիստոսն էլ է հրամայում. «Ինչո՞ւ Ինձ Տե՛ր, Տե՛ր եք կոչում, իսկ ինչ ասում եմ, չեք անում» (Ղուկաս Զ 46): Լոկ խոսքերը նշանակություն չունեն, եթե գործով չսիրես:

Հարց. Ինչքան գիտեմ, այդ հանդիմանությունը Աստծուն չսիրողների համար է գրված: Դա ինձ չի վերաբերում, որովհետև Աստծուն ամբողջ սրտով ու հոգով եմ սիրում:

Պատասխան. Դու շատ ես պարծենում: Քեզ մի հարց տամ. «Դու Աստծուն տեսե՞լ ես»:

Հարց. Ո՛չ, եղբա՛յր, Աստծուն ո՞վ կարող է տեսնել:

Պատասխան. Աստծուն չես տեսել և չես կարող տեսնել, ինչպես որ դու վկայեցիր: Իսկ եղբորդ, որին միշտ տեսնում ես, և Աստված էլ քեզ պատվիրել է, որ նրան քո անձի նման սիրես, եթե չես սիրում, բոլորովին չտեսած Աստծուդ ինչպե՞ս պետք է սիրես: Հովհաննես առաքյալն է գրում. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհաննես Դ 20): Հիմա հասկացա՞ր, որ Աստծուն սիրելու նշանը եղբայրասիրության մեջ է երևում:

----------------------------
Հին հղումը
Հատկորոշիչներ՝ երկնքի, ճանապարհ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...