Մեծ պահքի ԻԴ. օր։ Միջինք։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ելք, 3. 16-22

Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աս տուածը երեւաց ինձ ու ասաց. «Ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում: Ես ասում եմ. «Ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»»»: Նրանք կը լսեն քեզ: Դու իսրայէլացի ծերերի հետ կը մտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կասես նրան. «Եբրայեցիների Տէր Աստուածը մեզ կանչում է իր մօտ: Հիմա պիտի գնանք երեք օրուայ ճանա պարհ դէպի անապատ, որպէսզի մեր Աստծուն զոհ մատուցենք»: Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կը ստիպի նրան: Ես ձեռքս մեկնելով պիտի հարուածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ պիտի գործեմ նրանց մէջ, եւ դրանից յետոյ միայն նա պիտի ազատ արձակի ձեզ: Ես եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք: Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ: Դուք կը զարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կը լինէք եգիպտացիներին:

Հովել մարգարե, 3. 1-8

«Ահա ես այն օրերին եւ այն ժամանակ կը վերադարձնեմ Հրէաստանին եւ Երուսաղէմին գերութիւնից, կը հաւաքեմ բոլոր ազգերին, կիջեցնեմ նրանց Յոսափաթի ձորը եւ կը դատեմ նրանց այնտեղ՝ իմ ժողովրդի եւ իմ ժառանգութեան՝ Իսրայէլի համար, որին ցրուեցին բոլոր ազգերի մէջ: Նրանք իմ երկիրը բաժանեցին, իմ ժողովրդի համար վիճակ էին գցում, պատանիներին տալիս էին որպէս պոռնիկների վարձ, աղջիկներին վաճառում էին գինու դիմաց եւ խմում էին: Եւ դուք տակաւին ի՞նչ ունէք ինձ հետ, ո՛վ Ծուր եւ Ծայդան եւ այլազգիների ո՛ղջ Գալիլիա, մի՞թէ ինչ-որ հատուցում կը տաք ինձ կամ ոխ կը պահէք իմ դէմ. ես շուտով ձեր հատուցումը տագնապով կը բերեմ ձեր գլխին այն բանի փոխարէն, որ իմ արծաթն ու ոսկին առաք իմ ընտիր-ընտիր ու գեղեցիկ անօթները տարաք ձեր մեհեանները ու Յուդայի երկրի եւ Երուսաղէմի որդիներին վաճառեցիք յոյներին, որպէսզի նրանց հեռացնէք իրենց սահմաններից: Արդ, ես ոտքի կը կանգնեցնեմ նրանց այնտեղ, որտեղ վաճառեցիք նրանց, եւ կը բերեմ ձեր հատուցումը ձեր գլխին: Ձեր տղաներին եւ ձեր աղջիկներին կը մատնեմ Յուդայի երկրի որդիների ձեռքը, եւ նրանք գերի կը վաճառեն նրանց հեռու-հեռաւոր մի ազգի, քանի որ Տէ՛րը խօսեց»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԻԴ. օր Մեծի Պահոց:

Օրհ. դկ. Քրիստոս Աստուած յոյս: Հրց. գձ. Դ. Հարցն մերոց Աստուած։ Մնկ. դկ. Է անուն Տեառն։ Հմբ. դկ. Մտցեն աղօթք իմ։

Միջինք։

Այսօր սկսանել զստեղիսն յերեկոյս ցվերջին ուրբաթն Մեծի Պահոց։

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ