Մեծ պահքի ԻԳ. օր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Հոբ, 38. 1 – 39. 35

Երբ Եղիուսը դադարեց խօսելուց, Տէրն ասաց Յոբին՝ փոթորկի ու ամպի միջից. «Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խօսքերը հաւաքելով իր սրտում՝ կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: Տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ: Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում: Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն: Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ: Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա: Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին: Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մօր որովայնից ծնուեց դուրս եկաւ: Մէգը նրան իբրեւ հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրեւ խանձարուր: Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, եւ ասացի. «Կը գաս մինչեւ այդ վայրն ու այլեւս առաջ չես անցնի». այդտեղ, քո մէջ կը խորտակուեն ալիքները քո: Թէ քո՞ կողքին կարգեցի լոյսն առաւօտեան: Արուսեակը տեսաւ իր համար սահմանուածը՝ հասնել երկրի թեւերի վրայ, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից: Կամ թէ դո՞ւ ես, որ կաւն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ, խօսուն, զետեղեցիր երկրի վրայ: Մերժեցի՞ր լոյսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտաւանների: Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների: Քո առաջ ահով բացուելո՞ւ են դռները մահուան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով: Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքոյ եղած տարածութեան. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն: Ո՞րն է այն երկիրը, ուր լոյսն է օթեւանում, կամ ո՞րն է տեղը խաւարի: Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթէ գիտես ճանապարհները դրանց: Գուցէ գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնուել. քո օրերը բազո՞ւմ են: Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի: Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար: Որտեղի՞ց է դուրս գալու եղեամը, կամ տարածուելու է հարաւային հողմը երկնքի ներքոյ: Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրեւների հոսանքները եւ ճանապարհներն ամպրոպների, որ տեղան երկրի վրայ, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկայ, որ յագեցնի անկոխ ու անշէն հողը, այնտեղ բխեցնի բոյսը դալար: Ո՞վ է հայրն անձրեւի, եւ ո՞վ է, որ ծնունդ է տուել ցօղի շաղերին: Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառոյցը, եւ ո՞վ է երկնքում եղեամ ծնել, որ ջրի պէս հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը: Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղեանի կարգին, բացե՞լ ես քօղը Հայկ համաստեղութեան: Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառաւիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ: Կիմանա՞ս երկնքի բարեշրջութիւնները կամ առհասարակ երկնքի ներքոյ տեղի ունեցածները: Ձայնովդ կը կանչե՞ս մէգը. նա էլ, սարսուռով համակուած, ջրի յորդութեամբ կը լսի՞ քեզ: Շանթեր կ՚արձակե՞ս, ու կը սլանա՞ն դրանք. եւ կ՚ասե՞ն քեզ՝ թէ ինչ է սա: Ո՞վ է կանանց տուել ոստայնանկութեան հմտութիւն ու երփներանգ գործուածքներ ստեղծելու շնորհ: Ո՞վ է հաշւում ամպերն իմաստութեամբ: Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրայ, հողը փոշու պէս թափել: Ես եմ կպցրել դա, ինչպէս խորանարդ քարերը՝ իրար: Կերակուր կ՚որսա՞ս առիւծների համար, վիշապների մարմինը կը կշտացնե՞ս, երբ դրանք կուչ են եկած: Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառում: Ո՞վ է ագռաւների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորուած՝ ուտելիք խնդրեն:

Գիտես քարայծների ծննդաբերութեան ժամանակը կամ լաւ հետե՞ւլ ես եղնիկների երկունքին: Կարո՞ղ ես լրիւ թուել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց: Առանց երկիւղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցաւերից: Ազատութիւն կ՚ունենան նրանց ձագերը, ծնելով՝ կը բազմանան, դուրս կը գան ու այլեւս չեն վերադառնայ: Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա: Նրան իբրեւ կայան սահմանել եմ առապարները, իբրեւ բնակավայր՝ աղուտները: Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքներն հարկահանների: Դիտում է իր լեռնոտ արօտավայրերը ու շրջում է՝ ամէն դալարիք փնտռելու: Միեղջերուն յօժար կը լինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մէջ: Չուանով նրան լուծ կը կապե՞ս, կամ նա ակօս կը քաշի՞ քո դաշտում: Յոյսդ կը դնե՞ս նրա վրայ, քանի որ նրա զօրութիւնը մեծ է, եւ նրան կը թողնե՞ս գործերդ քո բոլոր: Կը հաւատա՞ս, որ սերմանուելիքներդ հատուցելու է ու հաւաքելու քո կալում: Գեղեցիկ են թռչող նէեղասների թեւերը. եթէ ասիդն ու նէեսան էլ բեղմնաւորւում են, արժէ տեսնել, որովհետեւ նէեսան իր ձուերը գետին է դնում, հողով տաքացնում է ու մոռանում, թէ ոտքի տակ ցրիւ կը գան, եւ անապատի գազանները կը կոխոտեն դրանք: Հեռանում է նա իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստեան վախը չունի նա, որովհետեւ Աստուած նրանից վերցրել է իմաստութիւնը եւ խելքի բաժին չի տուել նրան: Բայց երբ դէպի վեր ու բարձունքներ բարձրանայ, կը ծիծաղի երիվարի ու հեծեալի վրայ: Դո՞ւ ես միթէ օժտել ձիուն զօրութեամբ, պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինութիւն գցել, նրա լանջը փառաւոր դարձրել ու խիզախութիւն տուել նրան: Որոտում է դաշտում ու դոփում, զօրութեամբ դուրս է գալիս դաշտ: Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ չի նահանջում նա: Նրա վերեւում շողշողում են աղեղն ու սուրը, շարժւում՝ վահանն ու նիզակը: Իսկ ինքը բարկութեամբ գետինն է փորփրում: Չի հաւատում մինչեւ փողը չհնչի: Իսկ երբ հնչում է փողը, «վա՜շ-վա՜շ» է կանչում: Հեռուից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով: Քո խելքի՞ց է որ բազէն թեւերը տարածելով կանգնած է մնում օդում՝ անշարժ դիտելով հարաւի կողմը, կամ քո՞ հրամանով է արծիւը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձաւներում ու ծածուկ տեղերում նստում հանգստանում է իր բոյնի վրայ, մնում է այնտեղ ու կեր է փնտռում: Նրա աչքերը դիտում են հեռուից, իսկ նրա ձագերը զոհի արեան մէջ են թաթախուած: Ուր որ դիակ գտնեն՝ իսկոյն այնտեղ են յայտնւում»: Եւ Տէր Աստուած խօսեց ու Յոբին ասաց. «Միթէ մէկը պիտի կարողանա՞յ իմ դատաստանը ծռել, պիտի յանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տայ»: Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց. «Էլ ինչո՞ւ դատ անեմ դեռ, կշտամբեմ ու յանդիմանեմ: Տիրոջից եմ լսում այդ բաները ես: Ոչնչութիւն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի պապանձուեմ: Բերանս բացի մի անգամ արդէն, էլ երկրորդ անգամ բան չեմ աւելացնի»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԴՁ. ԻԳ. օր Մեծի Պահոց։

Օրհ. դձ. Համբառնամ առ քեզ։ Հրց. գձ. Բ. Փառաւորեալ է անուն քո։ Մնկ. դձ. Մանկունք զՏէր։ Հմբ. դձ. Զքեզ կարդամք։

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ