Սուրբ Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Մատթեոս Առաքյալը,

Սուրբ Մարկոս Ավետարանիչը,

Սուրբ Ղուկաս Ավետարանիչը,

Սուրբ Հովհաննես Առաքյալը։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Սողոմոնի իմաստության գիրք, 9. 13 – 10. 2

Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը, քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը: Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ:

Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ միայնակ ստեղծեալին: Նա փրկեց նրան իր յանցանքներից եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու:

Եզեկիել մարգարե, 1. 3-11

Եւ ասում են. «Այս տները նոր շինուած չեն, այլ այս քաղաքը մի կաթսայ է, մենք էլ՝ միս: Դրա համար էլ մարգարէութի՛ւն արա դրանց վրայ, մարգարէութի՛ւն արա, մարդո՛ւ որդի»:

Տիրոջ Հոգին իջաւ վրաս ու ասաց ինձ. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.Այսպէ՛ս ասացիք, Իսրայէլի՛ տուն, ու ես գիտեմ ձեր հոգու խորհուրդը: Դուք բազմապատկեցիք ձեր դիակներն այդ քաղաքում ու դրա ճանապարհները լցրիք սպանուածներով: Դրա համար էլ այսպէս է ասում Ամենակալ Տէրը.Ձեր դիակները, որ փռել էք այդտեղ, քաղաքում, դրանք միսն են, իսկ դա էլ՝ կաթսան: Ձեզ դուրս եմ բերելու դրա միջից: Դուք վախենում էիք սրից, սուր եմ բերելու ձեզ վրայ, – ասում է Ամենակալ Տէրը: Ձեզ դուրս եմ բերելու դրա միջից ու մատնելու եմ օտարների ձեռքը, դատաստան եմ տեսնելու ձեզ հետ, որպէսզի սրով էլ ընկնէք: Իսրայէլի լեռների վրայ եմ ձեզ դատելու, եւ դուք պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը: Դա ձեզ համար կաթսայ չի լինելու, ոչ էլ դուք դրա մէջ՝ միս: Իսրայէլի լեռների վրայ եմ ձեզ դատելու, եւ պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:

Զաքարիա մարգարե, 6. 1-8

Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսնում էի. ահա չորս կառքեր դուրս էին գալիս լեռների արանքից, եւ լեռները պղնձեայ լեռներ էին: Առաջին կառքին լծուած էին աշխէտ ձիեր, երկրորդ կառքին՝ սեւ ձիեր, երրորդ կառքին՝ սպիտակ ձիեր, եւ չորրորդ կառքին՝ պէսպէս, պուտաւոր ձիեր։ Ես հարցրի եւ ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»: Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են կանգնելու ամբողջ աշխարհի Տիրոջ առաջ»: Այն կառքը, որին սեւ ձիեր էին լծուած, գնում էր դէպի հիւսիսի երկիր, սպիտակ ձիերինը՝ նրա յետեւից, աշխէտ ձիերինը գնում էր դէպի հարաւի երկիր, իսկ պուտաւոր ձիերինը ելնում ու ձգտում էր շրջել ամբողջ երկրում: Եւ Տէրն ասաց. «Գնացէ՛ք եւ շրջեցէ՛ք երկրով մէկ»: Եւ նրանք շրջեցին երկրով մէկ: Տէրը ձայն տուեց եւ ասաց ինձ. «Ահա, նրանք, որ գնում են դէպի հիւսիսի երկիր, հանգցրին իմ բարկութիւնը հիւսիսի երկրի նկատմամբ»:

Պողոս Առաքյալի նամակը եփեսացիներին, 4. 7-13

Բայց մեզնից իւրաքանչիւրին տրուած է շնորհ ըստ Քրիստոսի պարգեւած չափի, դրա համար էլ ասում է.« Ելաւ բարձունքը, գերիների բազմութիւն գերեվարեց եւ մարդկանց պարգեւներ տուեց»: Ելաւ -ն ի՞նչ է, եթէ ոչ այն, որ իջաւ նախ երկրի ստորին կողմը: Նա, որ իջաւ, նոյն ինքն է, որ բարձրացաւ երկինքներից աւելի վեր, որպէսզի լցնի ամբողջ տիեզերքը: Նա շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ, ի շինութիւն Քրիստոսի մարմնի, մինչեւ որ մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծու Որդու ճանաչմանը, կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը:

Ավետարան ըստ Ղուկասի, 6. 13-19

Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ: Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից: Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին: Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԲԿ. Սրբոց աւետարանչացն՝ Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու։

Օրհ. գձ. Երանելի սուրբ առաքեալք, իւր սարօքն։ Մեծ. Այսօր նոր: Մնկ. ակ. Աշակերտք Քրիստոսի (զԳ. տունն ասա՝ Փառք Հօր, իսկ Այժմ եւ միշտն՝ Բանին կենաց, յիշելով զանունս աւետարանչացն)։ Զկնի Տէրն յետ ստեղծմանին երգ՝ Մաքրապէս օրինակի եւ Յուրախութիւնս անզրաւական։ Ժմտ. Առաքեալք եւ վկայք։ Ճշ. շրկ. ակ. Որ սիրողդ էք։

Յերեկոյին՝ Լոյս զուարթ։ Ս. Աստուած՝ որ յարեար։ Հմբ. աձ. Սուրբ ես Տէր եւ Ի քէն հայցեմք։ Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան։

, , , , , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ