Մահ և անմահություն

Բաժին՝ Գոյ
 Թարգմ.՝
Սյուզաննա ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

ՆԻԿՈԼԱՅ ԲԵՐԴՅԱԵՎ

ՄԱՀ ԵՎ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Սովորական փիլիսոփայական բարոյագիտությունները չունեն վախճանաբանական ամփոփ բաժիներ։ Եվ եթե քննարկում են անմահության խնդիրը, ապա առանց խորանալու մահվան բուն խնդրի մեջ։ Մոտեցումներն առավելապես առնչվում են մարդու բարոյական պատասխանատվությանը, հատուցումներին ու պատիժներին, իսկ լավագույն դեպքում՝ այն պահանջարկին, որը կապված է մարդու անսպառ ձգտումների ավարտի հետ։ Դրանք անմահության գաղափարը հիմնավորում են բնապաշտական մետաֆիզիկայի օգնությամբ, սուբստանցիաների հոգու ճանաչմամբ։ Այստեղ մահվան խորագույն խնդրին առնչվող ոչ մի մերձեցում իսկ չկա, մի բան, որը բնորոշ է կրոնական, իսկ մանավանդ քրիստոնեական գիտակցությանը։

Մահվան խնդիրը ոչ միայն մետաֆիզիկայի, այլև առավել խոր՝ գոյաբանական բարոյագիտության խնդիրն է։ Սա հասկանում էին այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Կիրկերհարդն ու Գեյդերհերը։ Մահվան խնդիրը կենտրոնական նշանակություն ունի նաև Ֆրեյդի համար։ Մահվան խնդիրն է հենց կենտրոնական, քանզի այն անքակտելիորեն կապված է ժամանակի խնդրի հետ։ Անմահության խնդիրն արդեն երկրորդական է, և այն սովորաբար ոչ ճիշտ է մատուցվում։ «Անմահություն» բառն անգամ հստակ չէ և նշանակում է մահվան խորհրդավոր փաստի հերքում։ Հոգու անմահության հարցն իսկ պատկանում է հնացած մեթոդի։ Մահը կյանքի ամենախոր և ամենանշանակալի փաստն է, այն ամենավերջին մահկանացուին անգամ ամբառնում է կյանքի առօրեականությունից ու ճղճիմությունից։ Եվ միայն մահն է խորությամբ հարց բարձրացնում կյանքի իմաստի մասին։ Այս աշխարհում կյանքն իմաստ ունի այն պատճառով, որ մահ կա. եթե մեր աշխարհում մահ չլիներ, ապա կյանքը զուրկ կլիներ իմաստից։ Իմաստը կապված է վախճանի հետ։ Եվ եթե ավարտ չլիներ, այսինքն՝ եթե մեր աշխարհում լիներ կյանքի անմիտ անվերջություն, ապա կյանքի իմաստը չէր լինի։ Իմաստն ընկած է այս սահմանափակ աշխարհից դուրս, և այս աշխարհում իմաստի ձեռք բերումն էլ պայմանավորված է վախճանով։ Եվ հրաշալի է, որ մարդիկ, մահվան առջև ճշմարտապես սարսափ ապրելով և նրանում առավելագույն չարիքը տեսնելով, այնուհանդերձ վերջնական իմաստի ձեռք բերումը ստիպված են կապել մահվան հետ։ Մահը՝ առավելագույն սարսափն ու առավելագույն չարիքը, պարզվում է, սահմանափակ ժամանակից դեպի անմահություն տանող միակ ելքն է, և անմահ ու հավիտենական կյանքը հասու է դառնում միայն մահվան շնորհիվ։ Մարդու վերջին ապավենը կապված է մահվան՝ աշխարհում այսչափ չարագույժ իշխանություն ունեցողի հետ։ Սա մահվան ամենամեծ պարադոքսն է։ Ըստ քրիստոնեական հավատքի՝ մահն արդյունքն է մեղքի, և վերջին թշնամին ու մեծագույն չարիքը, որը պետք է հաղթվի։ Եվ դրանով հանդերձ՝ մահը մեր մեղավոր աշխարհի բարիքն է ու արժեքը։ Այն մեզանում անասելի սարսափ է առաջացնում ոչ միայն նրա համար, որ այն չարիք է, այլ որ նրանում կան մեր առօրյա աշխարհը ցնցող խորություն ու վեհություն, կան հզոր ուժեր, որ ամբարվել են այս աշխարհում եղած մեր կյանքում։ Եվ որպեսզի լինես մահն ընկալելու և նրա նկատմամբ քո վերաբերմունքի բարձունքում, անհրաժեշտ է անսովոր հոգևոր ուժ, հոգևոր պայծառություն։ Կարելի է ասել՝ իր ողջ կյանքի ընթացքում մարդու ձեռք բերած բարոյական փորձի իմաստն այն է, որ մարդուն կանգնեցնի մահվան ընկալման բարձունքում, տանի նրան դեպի մահն ունեցած պատշաճ վերաբերմունքի։ Պլատոնը ճիշտ էր, երբ սովորեցնում էր, որ փիլիսոփայությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մահվան պատրաստություն։ Սակայն դժբախտությունն այն է, որ փիլիսոփայությունն ինքը չգիտի, թե ինչպես պետք է մեռնել և ինչպես հաղթել մահվան։ Անմահության մասին փիլիսոփայական ուսմունքն ուղիներ չի նշում։ Կարելի է ասել, որ բարոյագիտությունը, իր մեծագույն ձեռքբերման մեջ, ավելի մահվան բարոյագիտություն է, քան կյանքի, քանի որ մահը բացահայտում է կյանքի խորությունն ու վախճանը, և նա է միայն բացահայտում կյանքի իմաստը։ Կյանքը պատվական է միայն նրա համար, որ նրանում մահ կա, կա վախճան, որը վկայում է, որ մարդը կոչված է մեկ այլ՝ վերին կյանքի։ Կյանքը կլիներ ստորագույն, եթե մահն ու վախճանը չլինեին, կլիներ անիմաստ։ Ժամանակի մեջ, նույնիսկ անսահման, իմաստը երբեք չի բացահայտվում, իմաստը հավիտենության մեջ է։ Սակայն կյանքի ու ժամանակի միջև, ինչպես և կյանքի ու հավիտենության միջև առկա է անդունդ, որի միջով անցումը հնարավոր է միայն մահվան միջոցով, խզման սարսափի ճանապարհով։ Այս աշխարհում, երբ այն ընկալվում է որպես մի սահմանափակություն, որպես ինքնաբավություն ու ավարտունություն, ամեն ինչ դառնում է անիմաստ, նեխման ենթակա, անցողիկ, այսինքն՝ մահն ու մահացությունը մշտապես այս աշխարհի և նրանում տեղի ունեցածի անիմաստության ակունքն են։ Այսպիսին է ճշմարտության այն կեսը, որն ընկալելի է սահմանափակ ու ներամփոփ մտահորիզոնի համար։ Արդարացի է Գեյդերհերը, որ ասում է, թե առօրեականությունը մարում է մահվանն առնչվող թախիծը։ Առօրեականությունը մահվան առջև լոկ երկրային վախ է արթնացնում և սարսափ՝ որպես անիմաստության ակունքի։ Սակայն կա ճշմարտության երկրորդ կեսը նաև՝ թաքնված սովորական մտահորիզոնից։ Մահը ոչ միայն այս աշխարհում կյանքի անիմաստությունն է, նրա փտումը, այլև խորքից եկող այն նշանը, որ ցույց է տալիս կյանքի վերին իմաստի գոյությունը։ Ոչ թե երկրային վախը, այլ մահվան պատճառով մեր մեջ առաջացած խոր թախիծն ու սարսափն են փաստում, որ մենք պատկանում ենք ոչ միայն մակերեսայնությանը, այլև՝ խորքայինին, ոչ միայն ժամանակի մեջ կյանքի առօրեականությանը, այլև՝ հավիտենությանը։ Հավիտենությունը ժամանակի մեջ ոչ միայն դեպի իրեն է ձգում մեզ, այլև առաջացնում է սարսափ ու թախիծ։ Թախիծն ու սարսափն առաջ են գալիս ոչ միայն նրանից, որ վերջանում ու մահանում է մեզ համար թանկագինը, ինչին կապված ենք, այլ որ մահվամբ լայնորեն բացվում է ժամանակի և հավիտենության միջև առկա անդունդը։ Անդունդի վրայով թռչելու սարսափն ու թախիծը նաև մարդու հույսն է ու ապավենը, քանզի դրանով բացահայտվում և իրականանում է վերջնական իմաստը։ Մահը ոչ միայն սարսափն է մարդու, այլև՝ հույսը, թեպետ նա ոչ միշտ է դա գիտակցում և կոչում համապատասխան անվամբ։ Այն աշխարհից եկող իմաստը այս աշխարհի մարդու վրա այրոցի պես է ներգործում և պահանջում անցնել մահվան միջով։ Մահը ոչ միայն կենսաբանական և հոգեբանական ակտ է, այլև հոգու հայտնություն։ Մահվան իմաստն այն է, որ ժամանակի մեջ անհնարին է հավիտենությունը, և ժամանակի մեջ վախճանի բացակայությունն էլ անիմաստությունն է։

Չի կարելի մահն ընկալել լոկ որպես կյանքի վերջին ակնթարթ, որից անդին այլևս չգոյությունն է կամ էլ գերեզմանային գոյությունը։ Մահը ողջ կյանքի վրա տարածում ունեցող երևույթ է. կյանքը լեցուն է մահով ու մահացությամբ։ Կյանքն ինքնին անընդմեջ մահացություն է, ամեն բանի վերջը, հավիտենության մշտագոյ դատը ժամանակի վրա։ Կյանքը մշտական պայքար է մահվան հետ, և մասնակի մահացություն՝ մարդկային մարմնի ու հոգու։ Մեր կյանքում առկա մահը ծնունդ է առնում լրությունը ժամանակի և տարածության մեջ ամփոփելու անհնարինությունից։ Մահաբեր են ժամանակն ու տարածությունը. նրանք ծնում են ճեղքվածքներ, որոնք մահվան մասնակի ապրումներ են։ Երբ ժամանակի մեջ մահանում ու անհետանում են մարդկային զգացողությունները, ապա դա արդեն մահվան ապրում է։ Երբ տարածության մեջ տեղի է ունենում բաժանում մարդուց, տնից, քաղաքից, այգուց, կենդանիներից, որն ուղեկցվում է այնպիսի մի զգացումով, թե կարող է պատահել, որ դրանք այլևս չտեսնես, արդեն մահվան ապրում է։ Ամեն մի բաժանման թախիծ, ժամանակի ու տարածության մեջ ամեն մի խզում մահվան թախիծ է։ Ես հիշում եմ այդ թախծի տանջալից փորձառությունը, որ ունենում էի ամեն մի բաժանման ժամանակ՝ դեռևս մանկությանս տարիներին։ Դա այնպիսի ընդգրկուն բնույթ ուներ, որ մահվան թախիծ էի ապրում նաև նրանից, որ այլևս երբեք չէի տեսնելու ինձ անծանոթ ու օտար այն մարդու դեմքը, այլևս չէի տեսնելու այն քաղաքները, որոնցով պատահականորեն անցել էի, բնակարանները, ուր մի քանի օրով կանգ էի առել, չէի տեսնելու այն ծառը, հանկարծակի ինձ հանդիպած այն շանը և այլն, և այլն։ Դա իհարկե հենց կյանքում առկա մահվան փորձառությունն է։ Լրությունը չընդգրկող, խզումի ու բաժանման տանող ժամանակի ու տարածության մեջ մշտապես հաղթանակում է մահը։ Դա խոսում է այն մասին, որ կյանքի իմաստն ընկած է հավիտենության և լրության մեջ, և այն կյանքը, որում իմաստն է թագավորում, չի ճանաչելու խզում ու բաժանում, չի ճանաչելու մարդկային զգացողությունների ու մտքերի փտում ու մահացություն։ Մահն այցելում է մեզ ոչ միայն այն ժամանակ, երբ ինքներս ենք մահանում, այլև՝ երբ մահանում են մեր մերձավորները։ Մենք կյանքում, չնայած ոչ վերջնական, ունենք մահվան փորձառությունը։ Բայց մենք չենք կարողանում հաշտվել մահվան հետ և այն էլ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, ծառերի, ծաղիկների, իրերի, տների… Կյանքի բուն էությունը հենց համայն գոյության հավիտենությանը ձգտելն է։ Եվ դրանով իսկ հավիտենությունը ձեռք է բերվում միայն մահվան միջով անցնելով։ Մահն այս աշխարհում բոլոր ապրողների բաժինն է։ Եվ որքան բարդ է կյանքը, որքան բարձր է կյանքի մակարդակը, այնքան ավելի շուտ է վրա հասնում մահը։ Լեռներն ավելի երկար են ապրում, քան մարդիկ. նրանց կյանքն ավելի քիչ է բարդ և իր որակով՝ ավելի ցածր։ Մոմբլանն առավել անմահ է թվում, քան սուրբն ու հանճարը. իրերն ավելի դիմացկուն են, քան կենդանի արարածները։

Դրական նշանակություն ունի մահը։ Եվ սակայն մահն ամենասարսափելի և միակ չարիքն է։ Ուզածդ չար գործ կարող է հանգեցնել մահվան. սպանությունը, ատելությունը, չարակամությունը, անառակությունը, նախանձը, վրեժխնդրությունը մահ են և մահվան սերմանում։ Բոլոր մոլուցքների խորքում ընկած է մահը։ Ինքնասիրությունը, շահամոլությունը, պատվախնդրությունը հենց իրենց արդյունքում մահաբեր են։ Ուրիշ ոչ մի իրական չարիք, մահից ու սպանությունից զատ, գոյություն չունի։ Մահը մեղքի դաժան արդյունքն է։ Անմեղսունակ կյանքը կլիներ անմահ, մշտնջենական։ Մահը հավիտենության ժխտումն է, և դրանում է գոյաբանության դաժանությունը, նրա թշնամանքը գոյի հանդեպ, նրա՝ արարվածներին չգոյությանը վերադարձնելու փորձերը։ Մահն աշխարհի աստվածային արարչագործության հակառակությունն է, այն վերադարձ է սկզբնական չգոյությանը։ Մահն ուզում է ազատել արարածներին՝ նրանց՝ արարչագործությանը նախորդող սկզբնական ազատությանը վերադարձնելու միջոցով։ Աստծո՝ իր մասին ծրագրին ու աստվածային նախախնամությանը հակադրվող արարածը մեղքի մեջ է և այդտեղից ունի մի ելք՝ մահը։ Մահը ժխտողական վկայությունն է Աստծո զորության և Աստծո իմաստի, որն ի հայտ է գալիս անիմաստության մեջ։ Նույնիսկ կարելի է ասել, որ աշխարհը կիրականացներ իր անսահման (ոչ հավիտենական) կյանքի անաստված ծրագիրը, եթե չլիներ Աստված։ Բայց քանի որ Աստված կա, այդ ծրագիրը չի կարող իրականանալ և ավարտվում է մահով։ Եվ Աստծո Որդին՝ Փրկիչն ու Քավիչը, Ով կատարելապես առանց մեղքի է և սուրբ, պետք է ընդուներ մահը և դրանով սրբագործեր այն։ Այստեղից է հենց բխում քրիստոնյաների երկակի վերաբերմունքը մահվան հանդեպ։ Քրիստոսը մահով մահը ոտնահարեց։ Եվ Նրա կամավոր մահը՝ աշխարհի չարից ծնված, բարիք է և գերագույն արժեք։ Խաչին պատվելով՝ մենք պատվում ենք մահը, ազատարար, հաղթանակած մահը, քանզի եթե կամենում ես հարություն առնել, ապա պետք է մահանաս։ Խաչվածի մահն այլակերպվում և դեպի կյանք է գնում, դեպի հարություն։ Եվ այս աշխարհի ողջ կյանքը պետք է անցնի մահվան միջով, խաչելության միջով։ Առանց դրա այն չի կարող հարություն առնել, չի կարող գնալ հավիտենություն։ Մահը վերջնական չէ, և նրան չի պատկանում վերջին խոսքը, երբ այն ընդունվում է որպես կյանքի գաղտնածիսության (միստերիա) պարագա։ Մահվան դեմ ըմբոստությունը Աստծուն հակառակվել է նշանակում։ Այնուհանդերձ, մահվան դեմ պետք է հերոսաբար պայքարել և պետք է հաղթել մահին՝ որպես ամենամեծ չարիքի, պետք է արմատախիլ անել մահվան խայթոցը։ Քրիստոսի գործն աշխարհում առաջին հերթին մահվանը հաղթելն էր և հարութան ու հավիտենական կյանքի պարտադրումը։ Բարին ու բարիքը կյանքն է, կյանքի զորությունն ու լրությունը, կյանքի հավիտենությունը։ Մահն աշխարհի մեծագույն պարադոքսն է, որը հնարավոր չէ ռացիոնալ կերպով հասկանալ։ Մահը խելահեղություն է՝ առօրեական դարձած։ Եվ առօրեականության գիտակցությունն էլ մթագնել է տվել պարադոքսալության զգացումն ու մահվան իռացիոնալությունը։ Եվ սոցիալական առօրեականությունն էլ իր ռացիոնալիզացման վերջնական արդյունքում փորձում է մոռանալ մահվան մասին, թաքցնել մարդկանցից, թաղել աննկատ մեռնողին։ Սոցիալական առօրեականության մեջ իշխում է մի ոգի, որը հակառակ է քրիստոնեական այն աղոթքին, որով խնդրում ենք, որ մեզ տրվի մահվան հիշողությունը։ Այս առումով ժամանակակից քաղաքակիրթ մարդիկ հին եգիպտացիներից անհամեմատ ցածր են կանգնած։ Աշխարհում մահվան պարադոքսն ունի ոչ միայն բացասական, այլև գեղագիտական արտահայտություն։ Մահն անհեթեթություն է և առավելագույն անհեթեթությունը, կազմալուծումը, դիմազրկումը, կորուստը ուզածդ կերպարանքի, հաղթանակը նյութական աշխարհի ստորագույն տարրերի։ Մահը նաև սքանչելի է, այն ազնվացնում է ամենավերջին մահկանացուին անգամ և նրան դնում ամենաառաջինների հետ նույն բարձունքին, հաղթում է ճղճիմ ու առօրեական անհեթեթությանը։ Պահեր կան, երբ մեռածի դեմքն ավելի գեղեցիկ, ավելի ներդաշնակ է լինում, քան կենդանության օրոք։ Մեռածի մոտից հեռանում, նրան արդեն շրջանցում են անհեթեթ ու չար զգացումները։ Մահն այս աշխարհի ծայրագույն չարիքն է, մահը կյանքից առավել ազնվաբարո է։ Մահն անցածի գեղեցկությունն ու սքանչելիությունն է՝ կապված մահվան ազնվացումի հետ։ Հենց մահն է, որ մաքրում է անցյալը և նրա վրա դնում հավիտենության կնիք։ Մահվան մեջ ոչ միայն փտում կա, այլև մաքրագործություն։ Ոչ մի փչացվածություն, ոչ մի փտում ու նեխում չի կարող համեմատվել մահվան հետ։ Միայն հավիտենությունն է հաղթում նրան։ Եվ այսպես՝ սարսափելի չէ ընդունել, որ կյանքի արժեքը կապված է մահվան հետ, և այն բացահայտվում է միայն մահվան պարագայում։ Մարդու բարոյական արժեքը դրսևորվում է մահն ապրելու մեջ, ինչով որ լիքն է մեր կյանքը։

Այսուհանդերձ, մահվան դեմ պայքարը՝ հանուն հավիտենական կյանքի, մարդու հիմնական խնդիրն է։ Բարոյագիտության բուն սկզբմունքը կարող է այսպես ձևակերպվել. վարվիր այնպես, որպեսզի ամենուրեք և ամեն ինչով, ամեն բանի ու բոլորի հանդեպ քո վերաբերմուքով հաստատվի հավիտենական և անմահ կյանքը, մահվան պարտությունը։ Թեկուզ մի կենդանի արարածի մահվան մասին մոռանալը ցածրոգություն է, ցածրոգություն է մահվան հետ հաշտվելը։ Մահը ամենաստորին, ամենախղճուկ արարածի համար էլ անտանելի է, և եթե նրա հանդեպ մահը չպարտվի, ապա աշխարհը արդարացում չի ունենա և չի կարող ընդունվել։ Ամեն ինչ և ամեն բան պետք է հարություն առնի հանուն կյանքի և հանուն հավիտենական կյանքի։ Դա նշանակում է, որ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, բույսերի, նույնիսկ՝ իրերի նկատմամբ պետք է հաստատվի հավիտենականի գոյաբանական սկզբունքը։ Մարդը մշտապես և ամեն բանում պետք է լինի կյանք ներշնչողը, կյանքի արարչական էներգիայի ճառագողը։ Ամենայն կենդանյաց, ամենայն գոյությանց հանդեպ սերը, երբ դառնում է մեզ զբաղեցնող գաղափար, պայքար է մահվան դեմ՝ հանուն հավիտենական կյանքի։ Աշխարհի և մարդու հանդեպ Քրիստոսի սերը կյանք պարգևելն է՝ դեռ ավելիով, հաղթանակն է մահաբեր ուժերի դեմ։ Էսկեզի բուն իմաստն իր մեջ պայքարն է մահվան, մահացության դեմ։ Հանուն հավիտենական կյանքի պայքարը թե քո և թե ուրիշ մի արարածի հանդեպ պահանջում է այնպիսի վերաբերմունք, ասես թե դու և թե այն ուրիշը կարող եք ուզածդ պահի մահանալ։ Դա է աշխարհում մահվան բարոյական նշանակությունը։ Հաղթի՛ր մահվան ստորացուցիչ, կենդանական վախը, բայց քո մեջ մշտապես ունեցիր մահվան բարոյական վախը, սրբազան վախը մահվան խորհրդի առջև։ Չէ որ հենց մահով է մարդկանց տրվել գերբնականի գաղափարը։ Կրոնի թշնամիները, ինչպես օրինակ, Էպիկուրը, մտածում են, թե հերքել են այն՝ ընդունելով նրան որպես մահվան վախի աղբյուր։ Բայց նրանց երբեք չի հաջողվի հերքել այն ճշմարտությունը, որ մահվան երկյուղում, նրա առջև սրբազան երկյուղում է մարդը հաղորդակից դառնում գոյության խորագույն խորհրդին, այն որ մահվան մեջ է հայտնությունը։ Կյանքի ու մահվան բարոյական պարադոքսը փորձենք արտահայտել բարոյագիտական հրամայականով՝ ողջերին վերաբերի՛ր որպես մեռածների, մեռածներին՝ ողջերի, այսինքն՝ մշտապես հիշիր մահվան մասին՝ որպես կյանքի գաղտնիքի, և թե՛ կյանքում, թե՛ մահվան մեջ հաստատիր հավիտենական կյանքը։ Կյանքը ոչ թե իր տկարություններով, այլ իր հզորությամբ, լարվածությամբ, իր գերառատությամբ է սերտորեն կապված մահվան հետ։ Դա զգացվում է դիոնիսիզմում և բացահայտվում մշտապես մահվանն առնչվող սիրո մեջ։ Կիրքը, այսինքն՝ կյանքի մեծագույն լարվածության դրսևորումը, միշտ հղի է մահով։ Եվ նա, ով ընդունում է սերը՝ իր գերառատ ուժով ու ողբերգությամբ, ընդունում է մահը։ Կյանքի վրա չափից ավելի դողացողն ու մահից փախչողը փախչում է սիրո ճակատագրից, զոհաբերում է սերը՝ հանուն կյանքի այլ խնդիրների։ Էրոտիկ սիրո մեջ կյանքի գերլարվածություն կա, և դա էլ տանում է կործանման ու մահվան աշխարհում ։ Սիրողը դատապարտված է մահվան և սիրեցյալին էլ է մատնում կորստյան։ Վագներն իր «Տրիստանը և Իզոլդան» դրամայի երկրորդ գործողության մեջ տալիս է դրա երաժշտական հայտնությունը։ Սոցիալական առօրեականությունը ջանում է թուլացնել սիրո ու մահվան միջև եղած այդ կապը, ցանկանում աշխարհում փրկել ու պահպանել սերը։ Սակայն նա ընդունակ չէ նույնիսկ նկատելու այն։ Սոցիալական առօրեականությունը, որը կազմակերպում է կյանքի շարունակությունը, միայն մի միջոց գիտի մահվան դեմ՝ ծնունդը։ Ծնելության մեջ է կյանքը պատկերանում մահին հաղթող։ Սակայն մահին ծննդյամբ հաղթելը չի ցանկանում ճանաչել անձնավորությանը, նրա ճակատագիրը, նրա հույսը. նա ընդամենը տոհմական կյանքի մասին գիտի։ Ամեն մի ծնող դատապարտված է մահվան և դատապարտման է տանում ծնվածին։ Ծնունդներով մահին հաղթելը խաբուսիկ հաղթանակ է։ Մահին հաղթելու գաղտնիքը բնությունը չգիտի. դա միայն գերբնական աշխարհում է տեղի ունենում։ Իրենց ողջ պատմության ընթացքում մարդիկ փորձել են պայքարել մահվան դեմ, և այդ հողի վրա ծագել են զանազան հավատալիքներ ու ուսմունքներ։ Երբեմն էլ նրանք պայքարել են մահվան մոռացումի, երբեմն էլ՝ մահվան իդեալականացման և կամ՝ կորստյան ինքնամոռացումի դեմ։

Անպտուղ է փիլիսոփայության՝ հոգու բնական անմահության գաղափարը՝ նրա սուբստանցիալությունից բխող։ Դա անցնում է լոկ մահվան փաստի կողքով, հերքում մահվան ողբերգականությունը։

Անմահության մասին նման ուսմունքի տեսակետից միանգամայն անտեղի է թվում պայքարը՝ հանուն հավիտենական կյանքի ու փտումի։ Դա միանգամայն խոհամիտ մետաֆիզիկա է՝ առանց ողբերգութան։ Դպրոցական սպիրիտուալիզմը (իդեալիստական փիլ. ուղղություն) մահվան ու անմահության խնդրի լուծումը չէ, դա լիովին թյուր, կաբինետային, անկյանք տեսություն է։ Իդեալիզմը նույնպես ոչ միայն բոլորովին չի լուծում, այլև մահվան ու անմահության խնդիրը չի բարձրացնում։ Իդեալիզմը, ինչպես այն դրսևորվել է գերմանական մետաֆիզիկայում, չի ճանաչում անձնավորությանը, այլ ընդունում է լոկ նրա համաշխարհային հոգու գործառույթներն ու գաղափարները, այդ իսկ պատճառով էլ ընկալունակ չէ մահվան ողբերգության խնդրում։ Մահվան ողբերգությունը կարելի է ըմբռնել միայն անձնավորության խոր գիտակցության առկայությամբ։ Մահվան ողբերգությունը շոշափելի է, քանզի անձնավորությունը զգում է իրեն որպես անմահ ու հավիտենական։ Իր նշանակությամբ ու կոչումով անմահի, հավիտենականի մահն է միայն ողբերգական։ Մահկանացուի, ժամանակավորի մահն ամենևին ողբերգական չէ։ Մահը ողբերգական է մարդ-անձնավորության համար, որովհետև անձնավորությունը Աստծո հավիտենական գաղափարն է, Աստծո՝ մարդու մասին հավիտենական մտահղացումը։

Անտանելի է մահը լիարժեք անձնավորության համար, ում տրված է ողջ մարդկային ուժերի ու կարողությունների միասնականությունը։ Անձնավորությունը չի ծնվում հորից ու մորից, անձնավորությունը արարվում է Աստծուց։ Մարդու՝ որպես բնության արարածի, որպես շարունակական ընթացքով ծնվածի, հոգու և մարմնի բնական անմահություն գոյություն չունի։ Այս աշխարհում մարդը մահկանացու արարած է։ Սակայն նա իր մեջ գիտակցում է Աստծո նմանությունն ու պատկերը։ Անձնավորությունը գիտակցում է իր պատկանելությունը ոչ միայն բնական, այլև հոգևոր աշխարհին։ Այդ իսկ պատճառով էլ մարդն իրեն համարում է հավիտենությանը պատկան և ձգտում է հավիտենության։

… Անձնավորության համար և հենց անձնավորության տեսակետից է մահը խոր ու ողբերգական։ Առավել ազնիվ ուսմունքներին բնորոշ են մահվան առջև հնազանդությունը, հաշտվողությունը, լիակատար թախիծն ու մելամաղձոտությունը։ Այս դեպքում մահն իր ողբերգության մեջ դառնում է նկատելի, և անձնավորությունը գիտակցում է դա, բայց չի գտնում հոգևոր ուժեր՝ մահվան դեմ պայքարելու և նրան հաղթելու համար։ Մահվան հանդեպ ստոիկյան կամ բուդդիստական մոտեցումն անզոր է, և դա նշանակում է մահվան հաղթանակը։ Ինչ խոսք՝ սա ավելի ազնիվ մոտեցում է, քան ծնելության տեսությունը, որը բոլորովին մոռանում է մահվան մասին։ Մահվան հանդեպ հոգեկան, բայց ո՛չ հոգևոր վերաբեմունքը մշտապես տխուր է և մելամաղձոտ, նրանում առկա է հիշողության թախիծը, որը չունի հարություն տալու զորություն։ Մահվան հանդեպ միայն հոգևոր մոտեցումն է հաղթող։ Առ մահն ունեցած մինչքրիստոնեական մոտեցումը նշանակում է հնազանդություն ճակատագրի առջև, որը մահ է բերում։ Լոկ քրիստոնեությունը գիտի մահին հաղթելը։

Հին հրեական ժողովրդին խորթ էր անձնական մահվան գաղափարը։ Աստվածաշնչում այդ մասին ոչինչ չենք գտնում։ Դեռևս արթնացած չէր անձնական ինքնագիտակցությունը։ Հրեա ժողովրդին հատուկ էր ժողովրդի, այսինքն՝ ցեղի, տեսակի անմահության գաղափարը, սակայն ո՛չ անձնավորության։ Հոբի գրքում է սոսկ արթնանում անձնական ճակատագրի և նրա ողբերգականության գիտակցությունը։ Միայն հելլենական դարաշրջանում, այսինքն՝ Քրիստոսի հայտնվելու ժամանակներում էր, որ հուդիզմի կրոնական գիտակցության մեջ սկսեց հոգևոր տարրն ազատվել նատուրալիստականի ազդեցությունից, ինչը նշանակում էր անձնավորության ազատագրում, նրա ձերբազատումը տոհմի, ժողովրդի կյանքում տարրալուծվելուց։ Սակայն անմահության գաղափարն ըստ էության բացահայտվում է հույների մոտ և ոչ թե հրեականության մեջ։ Հոգու անմահության գաղափարի զարգացումը Հունաստանում շատ ուսանելի է։ Սկզբնապես մարդը համարվում էր մահկանացու։ Անմահ էին միայն աստվածները, բայց ոչ մարդիկ, այսինքն՝ անմահ էր ոչ թե մարդկային, այլ աստվածային սկզբնավորումը։ Մարդու մեջ սկսում է բացահայտվել անմահությունը, քանի որ նրանում հայտնաբերվում է աստվածային, գերմարդկային սկիզբը։ Ուրեմն անմահ են ոչ թե սովորական մարդիկ, այլ կիսաաստվածները, հերոսները, դևերը։ Հույներին բնորոշ էր մարդու մահվան հետ կապված սրտակեղեք մորմոքը։ Հունական ողբերգություններն ու պոեզիան լեցուն են դրանով։ Մարդկային մահկանացու և աստվածային անմահ սկզբնավորումներն իրարից բաժանված են և միավորվում են միայն հերոսների, գերմարդկանց մոտ և ոչ սովորական մարդու…

Եվ հենց հույներից լսեցինք այն խոսքերը, թե ավելի լավ էր մարդու համար, որ ծնված չլիներ։ Սա մարդուն հերքող և աշխարհի խաբուսիկությունն ընդունող հնդկական մետաֆիզիկական հոռետեսությունը չէ։ Սա մարդկային թախիծն է, որն ընդունում է մարդու և աշխարհի իրական լինելը։ Հույները ռեալիստներ են։ Սակայն հունական հանճարը չէր կարող անվերջ դիմանալ մարդկային ու աստվածային աշխարհների միջև առկա այն բաժանմանը, որը մարդուն դատապարտել էր մահվան, իսկ աստվածներին ընձեռել անմահությունը։ Եվ սկսվեց պայքարը հանուն մարդու անմահության։ Հունաստանի կրոնական առասպելաբանական գիտակցության մեջ աստվածայինի անմահության հետ միասին բացահայտվում է և մարդու մահկանացու լինելը։ Եվ մարդու միտքը հաղորդվում է աստվածային նախահիմքի անմահությանը, իր մեջ ներառում, հասնում նրան։ Դա արդեն միստերիայի մոտիվ է, օրփեականություն (կրոնական հոսանք Հին Հունաստանում, ըստ որի՝ մարմինը մեղսալից է և մահկանացու, իսկ հոգին մաքուր է և հավերժական։ Այս հոսանքի հիմնադրումը վերագրվում է կիսալեգենդար պոետ Օրփեոսին), Պլատոնի փիլիսոփայությունը։ Մարդկային հոգում կա աստվածային տարր, և այն պետք է ազատագրվի նյութի իշխանությունից։ Այդ ժամանակ մարդը ձեռք կբերի անմահություն։

Սակայն հոգու աստվածային տարրի անմահության ձեռք բերումը նշանակում է հեռացում աշխարհի ստորագույն նյութից և ոչ թե փոխակերպում։ Անմահ է այն, ինչն անմահ է, ըստ առարկաների մետաֆիզիկական բնույթի՝ այն չի մատնվում մահվան ու փտումի, այսինքն՝ մահն ու փտումը չեն հաղթանակում։ Ըստ օրփեական միֆի՝ հոգին չի իջնում նյութական մեղսական աշխարհ, նա պետք է դրանից ազատագրվի և վերադառնա իր հոգևոր հայրենիքը։ Օրփեական առասպելը հոգու ծագման ու նրա ճակատագրի մասին, որն այնպես ազդել էր Պլատոնի վրա, մանավանդ՝ նրա «Ֆեդոն»-ի, մարդկության ամենախոր առասպելներից մեկն է։ Նրա հետ է կապված և հոգու վերամարմնավորման հնագույն ուսմունքը՝ այն նվազ փորձերից մեկը, որ ջանում էր հասկանալ հոգու ճակատագիրը՝ նրա անցյալում ու ապագայում, ծագման ու վախճանաբանության մեջ։ Օրփեականության մեջ ևս կա որոշակի մնայուն ճշմարտություն։ Քրիստոնեությունը սովորեցնում է հարության, մահը հաղթելու մասին՝ ամեն մի կյանքի, ողջ արարչական աշխարհի համար, և դրանով էլ առմիշտ նա բարձր ու հզոր է անմահության մասին հունական ուսմունքից, որն աշխարհի զգալի մասը դատապարտում է փտումի և մահվան։ Սակայն քրիստոնեական աշխարհայեցության մեջ ևս չի բացահայտվել հոգու ծագման գաղտնիքը։ Հոգում հավիտենական տարրի բացահայտումը նշանակում է հավիտենություն ոչ միայն ապագայում, այլև անցյալում։ Ժամանակի մեջ տեղի ունեցածը չի կարող ժառանգել ապագայինը։ Եվ եթե մարդկային հոգին իր մեջ կրում է Աստծո պատկերն ու նմանությունը, եթե այն Աստծո գաղափարն է, ապա այն երևան կգա հավիտենության մեջ և ոչ թե ժամանակի, հոգևոր աշխարհում և ոչ թե բնական աշխարհում։ Սակայն քրիստոնեական գիտակցությունը դա կարող է հասկանալ դինամիկորեն և ոչ թե ստատիկորեն, ինչպես պլատոնիզմը։ Հավիտենութան մեջ, հոգևոր աշխարհում տեղի է ունենում պայքար հանուն անձնավորության, հանուն Աստծո գաղափարի իրականացման։ Եվ մեր բնական երկրային կյանքն էլ հոգևոր աշխարհում կատարվող պրոցեսների միայն մի պահն է։ Սա հանգեցնում է հոգևոր աշխարհի նախագո հաստատմանը, որն ամենևին կապ չունի երկրային իրականության ներքին վերափոխման հետ։ Մարդու պատկանելությունը հավիտենական հոգևոր աշխարհին չի նշանակում հոգու բնական անմահություն։ Մեր բնական աշխարհն անմահության ու հավիտենության, այսինքն՝ անձնավորության համար մղվող պայքարի բեմահարթակ է։ Եվ այդ հոգևոր պայքարում հոգին պետք է տիրապետի հոգու և մարմնի բնական տարրերին՝ հանուն դրանց հավիտենական կյանքի, հանուն բուն հավիտենական կյանքի հարության։

Քրիստոնեությունն ուսուցանում է ոչ այնքան բնական անմահության մասին, որը չի ենթադրում ոչ մի պայքար, որքան հարության մասին, որը ենթադրում է հոգևոր, բարեբեր ուժերի պայքար՝ մահաբեր ուժերի դեմ։ Հարություն նշանակում է կրոնական հաղթանակ մահվան դեմ, որը չի կամենում ոչինչ հանձնել փտումի ու մահվան, ինչպես պատկերացնում է վերացական սպիրիտուալիզմը (ուսմունք աշխարհի առաջնահիմքի մասին)։ Հարության մասին ուսմունքը ծագում է մահվան ողբերգական փաստից և նշանակում է մահին հաղթելը, որն անմահության մասին ուրիշ ոչ մի ուսմունքում չկա՝ ո՛չ օրփեականության մեջ, ո՛չ Պլատոնի մոտ և ո՛չ էլ թեոսոֆիայում։ Միայն քրիստոնեությունն է ուղիղ նայում մահվան աչքերի մեջ, ընդունում մահվան ողբերգականությունն ու իմաստը, և դրանով հանդերձ, չի հաշտվում մահվան հետ և հաղթում է նրան։ Մարդկային անձնավորության անմահ ու հավիտենական կյանքը հնարավոր է և կա, որովհետև ոչ միայն այդպիսին է մարդկային հոգու բնական բաղադրությունը, այլ՝ որովհետև Քրիստոսը հարություն առավ և հաղթեց աշխարհի մահաբեր ուժերին, որովհետև Հարության տիեզերական հրաշքի իմաստը հաղթեց անիմաստությանը։ Մարդկային անհատական հոգու բնական անմահության մասին ուսմունքն անջատում է մարդկային հոգու ճակատագիրը տիեզերքի ճակատագրից, տիեզերական ամբողջականությունից։ Սա մետաֆիզիկական անհատպաշտություն է։ Իսկ Հարության մասին ուսմունքը հոգու ճակատագիրը, մարդու ճակատագիրը կապում է տիեզերքի, տիեզերական ամբողջության հետ։ Իմ մարմնական Հարությունը նյութական աշխարհի Հարությունն է։ Այստեղ, իհարկե, «մարմին» ասելով պետք է հասկանալ ոչ թե իմ և աշխարհի մարմնի նյութական բաղադրությունը, այլ՝ հոգևորի։ Սակայն ամբողջական անձնավորությունը աղերսներ ունի թե՛ մարմնի և թե՛ մարմնի հավիտենական կերպի հետ և ոչ թե լոկ հոգու։ Եթե չլինեին Քրիստոսի հայտնությունն ու Քրիստոսի Հարությունը, ապա և՛ աշխարհում, և՛ մարդու մեջ կհաղթանակեր մահը։ Այդ իսկ պատճառով էլ անմահության մասին ուսմունքում առկա է պարադոքսը։ Մարդը մահկանացու է և անմահ, նա պատկանում է և՛ մահացու ժամանակին, և՛ հավիտենությանը, նա և՛ հոգևոր արարած է, և՛ բնական արարած։ Մահը սարսափելի ողբերգություն է, և մահը մահվան միջոցով պարտվում է Հարությամբ։ Սակայն մահը պարտվում է ոչ թե բնական, այլ գերբնական ուժերից։

Ռուս երկու կրոնական մտածողներ կյանքի ու մահվան մասին միանգամայն հակադիր հրաշալի մտքեր ունեն։ Դա Վ. Ռոզանովն ու Ն. Ֆեոդորովն են։ Ըստ Ռոզանովի՝ բոլոր կրոնները բաժանվում են երկու տիպի՝ կախված այն բանից, թե դրանց հիմքում ծնո՞ւնդն է ընկած, թե՞ մահը։ Ծնունդն ու մահը կյանքի ամենալուրջ և ամենախոր խնդիրներն են, և հենց ծննդյան ու մահվան փորձառություններում է կիսով չափ բացվում աստվածայինը։ Եվ հուդայականությունը և համարյա ողջ հեթանոսությունը Ռոզանովի համար ծննդյան կրոն են, իսկ քրիստոնեությունը՝ մահվան։ Ծննդյան կրոնը կյանքի կրոնն է։ Կյանքը սկիզբ է առնում ծննդից, այսինքն՝ սեռից։ Քրիստոնեությունն էլ չի օրհնել ծնունդը, չի օրհնել սեռը, այլ դյութել է կյանքը մահվան գեղեցկությամբ։ Ռոզանովը պայքարում է մահվան դեմ հանուն կյանքի։ Սակայն նրա մոտ մահը ծննդյամբ է պարտվում։ Ծննդյան մեջ հավերժորեն հաղթանակում է կյանքը։ Սակայն մահը կյանքի կողմից պարտվում է կրկին ծնվող արարածների համար և ոչ թե մեռածների։ Ռոզանովյան՝ ծննդյան միջոցով հաղթանակը մահվան դեմ հնարավոր է միայն մարդու անձնավորության և նրա հավիտենական ճակատագրի նկատմամբ անտարբերության պայմաններում։ Ռոզանովի համար ճշմարիտ նախնական իրականությունը և կյանքի կրողը ոչ թե անձնավորությունն է, այլ տոհմը։ Ծննդյամբ տոհմը հաղթանակ է տանում անձնավորության հանդեպ, տոհմը ապրում է հավերժ, իսկ անձնավորությունը մեռնում է։ Սակայն մահվան ողբերգական խնդիրն անձնավորության խնդիրն է և ոչ թե տոհմի, և այն իր ողջ սրությամբ ապրվում է այն ժամանակ, երբ անձնավորությունը զգում է իրեն և գիտակցում է իրեն որպես ճշմարիտ գոյություն և կյանքի կրող։ Կրկին ծնվող ոչ մի ծաղկուն կյանք չի վերացնում և չի հաղթահարում նույնիսկ մեկ կենդանի արարածի մահվան անտանելի ողբերգությունը։ Ռոզանովը չգիտի հավիտենական կյանքը, նա գիտի միայն անդադար կյանքը՝ մանկածնությամբ։ Դա մի ինքնատիպ սեռային պանթեիզմ է։ Ռոզանովը մոռանում է, որ ոչ թե Քրիստոսի հայտնությամբ մահն աշխարհ եկավ, և քրիստոնեության վերջին խոսքն էլ մահը չէ, Գողգոթան չէ, այլ Հարությունն ու հավիտենական կյանքը։ Ռոզանովը սեռային տարերքի, նրա կենսական լարվածության մեջ է փրկում իրեն մահվան սարսափից։ Սակայն ընկած սեռն է հենց մահվան աղբյուրն աշխարհում, և նրան չէ, որ պատկանում է մահին հաղթելը։ Միանգամայն այլ կերպ է խնդիրները դնում և լուծում Ն. Ֆեոդորովը։ Մարդկության պատմության մեջ հնարավոր չէ գտնել մեկի, որն ունենա մահվան հանդեպ այնպիսի ցավ, բոլոր մեռածներին կյանք վերադարձնելու այնպիսի կրքոտ ցանկություն, ինչպիսին Ֆեոդորովինն է։ Այն ժամանակ, երբ Ռոզանովը մտածում է ծնվող երեխաների մասին, ապագա կյանքի մասին և դրանում գտնում երջանկության աղբյուրը, Ն. Ֆեոդորովը մտածում է մեռած նախնիների մասին, անցյալի մահերի մասին և դրանում գտնում տխրության աղբյուրը։ Ֆեոդորովի համար մահն անսահման չարիք է, աղբյուրը բոլոր չարիքների, միակ չարիքը, որի հետ չի կարելի հաշտվել։ Մահին հաղթելու վերջնական հաղթանակը նրա համար ոչ թե նոր ծնունդներն են, այլ հին կյանքի հարությունը՝ մեռած նախնիների հարության մեջ։ Եվ այդ՝ դեպի մեռածների հարությունն ունեցած կիրքը վկայում է Ֆեոդորովի բարոյական գիտակցության անսովոր բարձրության մասին։ Մարդը պետք է լինի կյանքի մատուցողը, նա պետք է հաստատի հավիտենություն տանող կյանքը։ Դա բարոյական գերագույն ճշմարտությունն է՝ անկախ այն բանից, թե ինչպես պետք է գնահատել Ֆեոդորովի հարության մասին բուն «նախագիծը»։ Սակայն մահվան հանդեպ Ֆեոդորովի վերաբերմունքը ոչ միայն մեծ ճշմարտություն է, այլև մեծ մոլորություն ու մահվան խորհրդի ոչ ճիշտ ըմբռնում։ Ֆեոդորովը համոզված քրիստոնյա էր, սակայն, թվում է, չի ըմբռնել Խաչի և Գողգոթայի խորհուրդը, չի ընդունել մահվան քավիչ իմաստը։ Մահը նրա համար չի եղել կյանքի ներքին պահը, որի միջով մեղսալի ամեն մի կյանք անպայմանորեն պետք է անցնի։ Եթե Ռոզանովը քրիստոնեության մեջ չի տեսնում Հարությունը, ապա Ֆեոդորովը՝ Խաչն ու նրա քավիչ նշանակությունը։ Երկուսն էլ հանուն կյանքի ցանկանում էին պայքարել մահվան դեմ, ցանկանում էին հաղթել մահին, մեկը՝ ծննդյամբ, մյուսը՝ հարությամբ։ Ֆեոդորովն ավելի ճշմարիտ է, սակայն միակողմանի է այդ ճշմարտությունը։ Չի կարելի մահին հաղթել՝ մերժելով նրա բոլոր իմաստները, այսինքն՝ նրա մետաֆիզիկական խորությունը։ Հայդեգգերը ճշմարտացիորեն հիմնավորում է մահվան հնարավորությունը հոգսերից։ Սակայն դա մահվան աղբյուրն է՝ առօրեական տեսանելի աշխարհից։ Մահը նաև մեղավոր աշխարհում հավիտենության հայտնությունն է։ Եվ մեղավոր աշխարհի հավիտենությունն էլ սարսափ է ու տխրություն։ Այն պարադոքսալ փաստը, որ մարդը վախենում է մեռնել վարակիչ հիվանդություններից կամ էլ դժբախտ պատահարներից և չի վախենում մեռնել պատերազմներում, հավատի ու գաղափարի համար մարտիրոսվելուց, վկայում է այն մասին, որ հավիտենությունը պակաս սարսափելի է այն ժամանակ, երբ մարդը վեր է բարձրանում առօրեականից։

 
—————————————-
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
 

——————————-

Հին հղումը

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Քաղցկեղը դեռ վերջը չէ …

Christine MEERT«Feu et Lumiere»Ֆրանսերենից...

Ընդունել անընդունելին

Ֆաբիեն ԼակոստFeu et Lumiere  Ֆրանսերենից...

Երկարակեցության մասին

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ   ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ...