Հարության տոնին հաջորդող Զ. կիրակի

Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Կապոյտ կիրակի։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 14. 25 – 15. 32

Եւ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձաւ եւ ասաց նրանց. «Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել, որովհետեւ, ով որ չվերցնի իր խաչը եւ իմ յետեւից չգայ, չի կարող իմ աշակերտը լինել: Ձեզնից ո՞վ, եթէ կամենայ աշտարակ շինել, նախ նստելով չի հաշուի իր ծախսերը, թէ աւարտելու համար բաւական դրամ ունի՞, որպէսզի, գուցէ, երբ հիմը դնի եւ չկարողանայ աւարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել եւ ասել, թէ՝ «Այս մարդը սկսեց կառուցել եւ չկարողացաւ աւարտել»: Կամ ո՞ր թագաւորը, եթէ գնայ պատերազմելու մի այլ թագաւորի դէմ, նախ չի նստի եւ խորհի, թէ տասը հազարով կը կարողանա՞յ դիմադրել նրան, որ իր վրայ քսան հազարով է գալիս: Ապա թէ ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամաւորութիւն ուղարկելով՝ խաղաղութիւն կը խնդրի: Արդ, այսպէս էլ՝ ձեզնից ով որ իր ամբողջ ունեցուածքից չհրաժարուի, չի կարող իմ աշակերտը լինել: Աղը լաւ բան է, բայց եթէ աղն էլ անհամանայ, ինչո՞վ այն պիտի համեմուի: Ո՛չ հողի համար է պիտանի եւ ո՛չ էլ՝ պարարտանիւթի, այլ՝ դուրս թափելու: Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»:

Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտն էին, որպէսզի լսեն նրան: Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»: Յիսուս նրանց այս առակն ասաց. «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի: Եւ երբ այն գտնի, կը դնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ եւ կը գնայ տուն, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու նրանց կ՚ասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը: Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ: Կամ՝ ո՞վ է այն կինը, որ, երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտռի, մինչեւ որ գտնի: Եւ երբ գտնի, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու կ՚ասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»: Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»: Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում: Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ: Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու: Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկաւ եւ ասաց. «Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»: Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: Եւ որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»: Հայրը իր ծառաներին ասաց. «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց». եւ սկսեցին ուրախանալ: Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է: Եւ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան»: Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան: Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի: Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»: Հայրը նրան ասաց. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»»:

Առաքյալների գործերը, 20. 17-38

Եւ Միլետոնից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երէցներին. եւ երբ նրանք եկան նրա մօտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ առաջին օրուանից ի վեր, երբ Ասիա եկայ, ամբողջ ժամանակ ձեզ հետ միասին ինչպէս ապրեցի՝ ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհութեամբ եւ բազում արտասուքով ու փորձութիւններով, որ հրեաների նենգութիւնների պատճառով ինձ պատահեցին: Ինչպէ՜ս բնաւ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից եւ ուսուցանելու ձեզ հրապարակաւ եւ տանը. վկայութիւն տուի հրեաներին եւ հեթանոսներին Աստծու առաջ ապաշխարելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատի մասին: Արդ, ահա ես, Սուրբ Հոգու մղումով, Երուսաղէմ եմ գնում. իսկ թէ այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, այդ չգիտեմ. միայն թէ Սուրբ Հոգին ամէն քաղաքի մէջ ինձ վկայում է ու ասում. «Կապանքներ ու նեղութիւններ են սպասում քեզ»: Բայց ես ինքս իմ անձը ոչ մի բանով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ Աստծու շնորհը աւետարանելու: Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ: Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով: Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին: Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար: Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշերեւցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկեւմէկ՝ արտասուքներով խրատեցի: Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ՝ բոլոր սրբերի հետ: Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացայ. դուք ինքներդ գիտէք, որ իմ եւ ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը: Ես իմ օրինակով ամէն ինչ ձեզ ցոյց տուեցի, որովհետեւ այդպէս պէտք է աշխատել եւ դարմանել հիւանդներին ու յիշել Տէր Յիսուսի խօսքը, որ ինքն իսկ ասաց. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը»»: Այս բաներն ասելուց յետոյ բոլորի հետ մէկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղօթել: Բոլորն էլ շատ լաց եղան եւ Պօղոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան: Մորմոքւում էին մանաւանդ նրա այն խօսքի վրայ, թէ այլեւս իր երեսը չեն տեսնելու: Եւ նրան ուղեկցեցին մինչեւ նաւը:

Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակ, 3. 2-6

Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու։ Գիտենք, որ, երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ։ Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա՛ է մաքուր։ Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրէնութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրէնութիւն է։ Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ։ Ամէն ոք, ով բնակւում է նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել։

Ավետարան ըստ Հովհաննեսի, 9. 39 – 10. 10

Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների: Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»: Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր: Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կելնի եւ ճարակելու բան կը գտնի: Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան:

Ավետարան ըստ Մատթեոսի, 16. 13 – 17. 13

Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»: Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»: Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»: Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»: Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»: Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը: Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի: Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»: Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»: Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից, որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն: Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ, քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:

Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»: Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»: Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան: Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»: Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ, բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»: Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց:

Ավետարան ըստ Մարկոսի, 8. 27 – 9. 12

Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»: Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը, եւ ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը»: Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»: Եւ նա խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն:

Եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թէ մարդու Որդին պէտք է բազում չարչարանքներ կրի, անարգուի երէցներից ու քահանայապետներից եւ օրէնսգէտներից, մեռնի եւ երրորդ օրը յարութիւն առնի: Եւ այս խօսքը ասաց բացայայտօրէն. եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց յանդիմանել նրան: Իսկ նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ դու Աստծո՛ւ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը»:

Եւ նա իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից, որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Աւետարանի համար, պիտի ազատի այն: Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի, որովհետեւ մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն: Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքովն իր Հօր եւ սուրբ հրեշտակների»: Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»:

Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց: Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել: Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ: Պետրոսը Յիսուսին ասաց. «Ռաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար»: Սակայն չգիտէր, թէ ինչ էր խօսում, որովհետեւ զարհուրած էին: Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»: Եւ յանկարծակի այս ու այն կողմ նայելով՝ այլեւս ոչ մի տեղ ոչ ոքի չտեսան, այլ միայն Յիսուսին՝ իրենց հետ: Եւ մինչ լեռնից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի: Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ի՛նչ է մեռելներից յարութիւն առնելը: Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի: Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Զ. կիր.: 0րհ. բկ. Փարաւօն: Հրց. դձ. Բ. Որ բարեբանեալդ ես։

Յերեկոյին՝ Աւտրն., թափօր։ Շրկ. բկ. Խաչն կենարար։ Աւտրն., Անդաստան, Աղթ. Պահպանիչ։ Ապա Խոնարհեցո եւ Ապրեցո։ Հմբ. բկ. Կանխեցին, զՅարութիւն եւ Զտիեզերական։ Աւտրն., Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան։ (Անփոփոխ):

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ