Որոտման որդիների՝ սուրբ Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Հակոբոս Զեբեդյան,

Սուրբ Հովհաննես Առաքյալ։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Իմաստություն Սողոմոնի, 7. 21-24

Ես իմացայ այն ամէնը, ինչ ծածուկ էր կամ բացայայտ, որովհետեւ իմաստութիւնը, որ բոլորի ճարտարապետն է, ուսուցանեց ինձ։ Նրա մէջ կայ բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դիւրաշարժ, պարզ, անարատ, յայտնի, անվրէպ, բարեսէր, արագ, անարգել, բարերար, մարդասէր, հաստատուն, զգուշաւոր, անհոգ, ամենազօր, ամենահայեաց եւ կարող՝ թափանցելու մտաւոր, մաքուր եւ նրբին բոլոր բաների մէջ։ Արդարեւ, իմաստութիւնն աւելի շարժուն է բոլոր շարժումներից եւ իր յստակութեան պատճառով թափանցում եւ անցնում է ամէն ինչից ներս։

Երեմիա մարգարե, 16. 16-21

«Ահաւասիկ ես կ՚ուղարկեմ բազում ձկնորսների, – ասում է Տէրը, – եւ նրանք կ՚որսան նրանց. այնուհետեւ կ՚ուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կ՚որսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից: Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ: Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»: Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար: Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»: «Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կը տամ իմ ձեռքը, ճանաչել կը տամ նրանց նաեւ իմ զօրութիւնը, ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»:

Առաքյալների գործերից, 12. 1-11

Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց։ Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց։ Բաղարջակերաց օրերն էին. երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ իւրաքանչիւրը չորս զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ։ Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթքներ էին արւում առ Աստուած։ Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին։ Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ, կանգնեց մօտը, ու մի լոյս ծագեց այդ տեղի վրայ։ Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»։ Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից։ Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապի՛ր եւ հողաթափները ոտքերդ գցի՛ր»։ Եւ նա այնպէս արեց։ Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրադ գցի՛ր եւ արի՛ իմ յետեւից»։ Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չէր իմանում, թէ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետեւ կարծում էր, թէ տեսիլք է տեսնում։ Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք։ Դուռը իրեն-իրեն բացուեց նրանց առջեւ. եւ, մի փողոց մտնելով, անցան նրա միջով. ապա հրեշտակը իսկոյն նրանից հեռացաւ։ Երբ Պետրոսը ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողվրդի ամէն ակնկալութիւնից»։ Եւ ուշքի եկած լինելով՝ եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը. այնտեղ հաւաքուել էին շատերն ու աղօթք էին անում։

Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակից, 1. 1-10

Յակոբոսը՝ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն։

Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք։ Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, – եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։ Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը:

Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակից, 1. 1-7

Խոսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։ Նա նույն ինքը կյանք էր, որ հայտնվեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն հավիտենական կեանքի մասին, որ Հոր մոտ էր և հայտնվեց մեզ։ Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք Նրան մեզ հետ, ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ և նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ։ Եվ այս բանը գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարեալ լինի։ Եվ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խավար չկա, բոլորովի՛ն չկա։ Եթե ասենք, թէ հաղորդության մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խավարի մէջ, ստում ենք և ճշմարտութունը չենք կատարում։ Իսկ եթե լոյսի մէջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից։

Ավետարան ըստ Հովհաննեսի, 21. 20-25

Այս ասաց, նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն։ Եւ երբ այս ասաց, աւելացրեց՝ արի՛ իմ յետեւից։ Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ սա ի՞նչ կը լինի»։ Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»։ Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. եւ կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Յիսուս նրան չասաց, թէ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ։ Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳԿ. Սրբոց որդւոցն Որոտման՝ Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին։

Օրհ. դկ. Որ Էն յէութեան, իւր սարօքն։ Թագ. յաւիտ.՝ Այսօր դասք։ Մնկ. եւ Հմբ. ստղ. դկ. Որ յանստու եր։ Զկնի Մանկանցն՝ Սաղմոս ձայնիւ։ Գիրք։ Զկնի Ճառագայթեալին երգ՝ Փայլին արդարքն և Քո անպատում: Մղթ. Քրիստոս Աստուած, Քրզ. Ս. ճգնաւորօքն։ Աղթ. Որ ընտրեցեր։ Ժմտ.  Այսօր ահաւոր։ Ճշ. շրկ. (Ողորմեա) դկ. Որդիքն Որոտման։

Բարեկենդան Ս. Ծննդեան պահոց։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ