Սուրբ Կոռնելիոս հարյուրապետի, Քրիստոսի ազգական Շմավոնի, որ Երուսաղեմում խաչվեց, Զմյուռնիայի Պողիկարպոս հայրապետի և արևելքում նահատակված սուրբ վկաների հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Կուռնելիոս Հարյուրապետ,

Սուրբ Պողիկարպոս:


 

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Իմաստություն Սողոմոնի, 1. 1-7

Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ։ Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան։ Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ։ Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին։ Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում։ Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն։ Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզուի ունկնդիրը։ Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, եւ Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում։

Երեմիա մարգարե, 16. 16-20

Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ։ Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»։ Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։ Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»։ «Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կը տամ իմ ձեռքը, ճանաչել կը տամ նրանց նաեւ իմ զօրութիւնը, ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»։

Առաքյալների գործերը, 1. 12-14

Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ։ Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան։ Սրանք բոլորը, միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ։

Ավետարան ըստ Մարկոսի, 6. 6-13

Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ։ Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում։ Նա իր մօտ կանչեց Տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց։ Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի այլ բան չվերցնեն. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ գօտիների մէջ, այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»։ Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթեւանեցէ՛ք, մինչեւ որ այնտեղից ելնէք։ Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրեւ նրանց դէմ վկայութիւն»։ Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԱԿ. Պահք: Սրբոցն Կուռնէլիոսի հարիւրապետին, Շմաւօնի՝ ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ յԵրուսաղէմ, Պօղիկարպոսի՝ հայրապետին Զմիւռնիոյ եւ վկայիցն, որք յԱրեւելս կատարեցան։

Օրհ. Մրտ. ակ. Յամենայն ժամ: Հրց. դկ. (Եօթանասնիցն) Որ ի Հօրէ առաքեցար: Մնկ. եւ Հմբ. ակ. Աշակերտք Քրիստոսի: Ժմտ. Առաքեալք։ Ճշ. շրկ. ակ. Որ սիրողդ էք։

, , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ