Կաթողիկոսական ընտրութիւն եւ Սուրբ Օծում

ԳԱՐԵԳԻՆ ՎՐԴ. ՅՈՎՍԷՓԵԱՆ
 

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՍՈՒՐԲ ՕԾՈՒՄՆ (1)

Ա.

Հայոց Եկեղեցւոյ աւանդութիւնների համաձայն կաթողիկոսական ընտրութիւնը կատարուել կարող է նախորդի թաղումից անմիջապէս յետոյ, կամ երբ յարմարութիւն լինի: Բայց Պոլոժենիայի հաստատութիւնից յետոյ՝ ուղիղ թէ սխալ հասկացողութեամբ՝ սովորական է դարձել նախորդ կաթողիկոսի թաղումից մի տարի յետոյ նշանակել: Ընտրութեան մասին կարգադրութիւն է անում Ս. Էջմիածնի Սինօդը այսպէս կոչուած «ծանուցողական հրովարտակներով»: Սինօդում յատուկ օրագրութիւն է կազմւում կաթողիկոսական ընտրութեան օրը որոշելու և բոլոր թեմերին յայտարարելու համար: Ծանուցողական հրովարտակի մի-մի օրինակ անմիջապէս ուղարկւում է Ռուսաստանի հայ առաջնորդներին, իսկ Տաճկաստանի և Պարսկաստանի թեմերին՝ Կովկասի փոխարքայի, արտաքին գործոց նախարարի և յիշեալ տէրութիւնների մէջ եղած ռուս դեսպանների միջոցով: Տաճկաստանի առաջնորդները, Երուսաղէմի պատրիարքը, Սսի և Աղթամարի կաթողիկոսներն ստանում են Կ. Պօլսոյ պատրիարքի միջնորդութեամբ, իսկ Պարսկաստանի առաջնորդները՝ դեսպանից անմիջապէս: Բայց միևնոյն ժամանակ Ս. Սինօդը մի այլ թղթով յայտնում է Կ. Պօլսոյ պատրիարքին և Պարսկաստանի առաջնորդներին, թէ ծանուցողական հրովարտակներն ուղարկուած են կառավարութեան ձեռքով, որպէսզի նոքա նախօրօք իրազեկ լինեն:

Ծանուցողական հրովարտակի մէջ Ս. Սինօդը առաջնորդներին և նրանց միջոցով ամբողջ ժողովրդին մի անգամ ևս յայտնելով կաթողիկոսի մահուան մասին, նշանակում է յաջորդի ընտրութեան օրը և հրաւիրում ներկայ լինել Մ. Աթոռում թեմի ժողովրդի կողմից ընտրուած մի պատգամաւորի հետ, հակառակ դէպքում գրաւոր կարծիք յայտնել Ս. Սինօդին իրենց թեկնածուի մասին:

Ռուսաստանի առաջնորդները ծանուցողական հրովարտակներն ստանալուց յետոյ տեղական նահանգապետի գիտութեամբ՝ ընտրութիւն են նշանակում նախ պատուիրակների և նրանց ձեռքով ամբողջ թեմի կողմից մի աշխարհական պատգամաւոր ընտրելու համար. թեմի առաջնորդն ի պաշտօնէ համարւում է ամբողջ հոգևոր դասի ներկայացուցիչ: Տաճկաստանում աշխարհիկ պատգամաւորն ընտրւում է Գաւառական ժողովի կողմից և պատրիարքարանի վկայութեամբ իրաւունք ստանում մասնակցելու Ս. Էջմիածնում գումարուելիք ժողովին:

Հայրապետական ընտրութեան համար նշանակուած ժամանակից մի քանի օր առաջ սկսւում են հաւաքուել Մ. Աթոռում Տաճկաստանի, Պարսկաստանի և Հնդկաստանի, Ռուսաստանի թեմերի առաջնորդներն ու աշխարհիկ պատգամաւորները: Նախօրօք միաբանութեան անդամներից ընտրւում է մի Կարգադիր յանձնաժողով՝ պատգամաւորներին պատուաւոր կերպով ընդունելու և հիւրասիրելու համար: Առաջնորդներին ընդունելու համար սովորութիւն էր ընդառաջ գնալ: Բոլոր առաջնորդներն ու աշխարհիկ պատգամաւորները իրենց համար յատկացրած սենեակներում տեղաւորուելուց յետոյ հիւրընկալ վարդապետի կամ յանձնաժողովի անդամներից մէկի առաջնորդութեամբ ներկայանում են տեղապահին և յանձնում իրենց ներկայացուցչութեան պաշտօնական թղթերը, իսկ վերջինս Ս. Սինօդին՝ ցուցակի մեջ անցնելու համար: Չհաշուելով Եւրոպայի և Ամերիկայի նորահաստատ թեմերը, Հայոց Եկեղեցու թեմերի թիւը ներկայումս 72 է, որից 64 տաճկահայոց, իսկ 2 պարսկահայոց: Տաճկահայոց թեմերից 44 Կ. Պօլսոյ պատրիարքի իրաւասութեան են ենթարկւում, 13 Կիլիկիոյ կաթողիկոսի, 5 Երուսաղէմի պատրիարքի, իսկ 2 Աղթամարի կաթողիկոսի: Բայց ռուսաց կառավարութիւնն ընդունում է Տաճկաստանում միայն 47 թեմ, 2 կաթողիկոսութիւններն ու Երուսաղէմի պատրիարքութիւնը համարելով մի-մի թեմ: Ըստ այսմ կաթողիկոսական ընտրութեան մասնակցել կարող են ընդամենը 55 թեմ, մի-մի հոգևորական և աշխարհական պատգամաւորներով. բացի դորանից, ըստ պոլոժենիայի, ընտութեան մասնակցում են Սինօդի անդամները, որոնց թիւը կարող է 8 լինիլ և միաբանութեան աւագագոյն 7 անդամները, ուրեմն ընդամենը 125 հոգի:

Ընտրութեան պաշտօնական գործողութիւնն սկսւում է աշխարհիկ պատգամաւորների երդմամբ: Նշանակած օրը բոլոր պատգամաւորները հաւաքւում են վեհարան և այնտեղից եկեղեցի իջնում: Ամենից առաջ գնում է կաթողիկոսութեան տեղապահը, նորա կողքից կառավարութեան ներկայացուցիչը, ապա Երուսաղէմի պատրիարքի, Սսի և Աղթամարի կաթողիկոսների, Կ. Պօլսոյ պատրիարքի ներկայացուցիչները, եթէ վերջիններս անձամբ չեն մասնակցում, Սինօդի անդամներն ու միաբանութեան ներկայացուցիչները պրոկուրորի հետ, ձախ կողմից թեմակալ առաջնորդները կամ նրանց ներկայացուցիչները աւագութեան կարգով, ապա աշխարհական պատգամաւորները և ի վերջոյ Սինօդի ատենադպիրը, իւր օգնականներով: Իջման սեղանի առաջ դրւում է կարմիր մահուդով ծածկուած սեղան պատգամաւորների համար, վերան խաչ, աւետարան, երկու աշտանակ վառուող մոմերով և ընտրութեան վերաբերեալ օրէնքներ ու թղթեր: Պատգամաւորները պատարագը և Ն.(որին.-խմբ.) Կայսերական մեծութեան համար կատարուած մաղթանքը լսելուց յետոյ՝ երդւում են Իջման սեղանի առաջ խղճի մտօք կատարելու իրենց պարտաւորութիւնը:

Երկրորդ օրը կատարւում է չորս թեկնածուների ընտրութիւնը, որոնցից ապա վերջնական ընտրութեան ժամանակ երկուսը, ի հաստատութիւն առաջարկելու համար: Հայոց եկեղեցու աւանդութիւնների համաձայն պէտք է միայն մէկին ընտրել, ձայնից առաւելութիւն ստացածն էլ ս. օծումն ընդունելուց յետոյ հռչակւում է կաթողիկոս: Չորս և ապա երկու վերջնական թեկնածուներ ընտրելու ձևը նորամուծութիւն է 1836 թ. պոլոժենիայի հաստատութիւնից յետոյ: Նշանակուած ժամին պատգամաւորները դարձեալ հաւաքւում են վեհարան և հանդիսաւոր կարգաւորութեամբ եկեղեցի իջնում: Եկեղեցւոյ մէջ դրւում են սեղաններ կարմիր մահուդով ծածկուած և շարւում աթոռներ պատգամաւորների համար: Կենտրոնում նստում է տեղապահը, երեսը դէպի Իջման սեղանը, աջ կողմից երկու կաթողիկոսների և երկու պատրիարքների ներկայացուցիչները և ապա ըստ աւագութեան մնացած հոգևորականութիւնը: Տեղապահի ձախ կողմից նստում են աշխարհիկ պատգամաւորները կոչման և աւագութեան համաձայն: Կառավարութեան ներկայացուցչի և պրոկուրորի համար դրւում է առանձին սեղան հարաւային սեան մօտ, իսկ ատենադպրի և իւր օգնականների համար՝ հիւսիսային սեան մօտ: Ամենքն իրենց տեղերը բռնելուց յետոյ պատշաճաւոր աղօթքով բացւում է ժողովը: Տեղապահը, իբրև նախագահ, մի ճառով բացատրում է ժողովի կոչումն ու նշանակութիւնը և հրաւիրում ամենքին խղճի մտօք կատարելու իրենց վրա դրուած պարտաւորութիւնը: Սինօդի պրոկուրորը կարդում է փոխարքայի առաջադրութիւնը ժողովի բացման մասին, իսկ ատենադպիրը բոլոր եպիսկոպոսների ցանկը, որոնք ընտրելի են համարւում: Ժողովականներից ցանկացողները յայտնում են իրենց կարծիքը թեկնածուների մասին և ապա քուէարկութիւն է սկսւում կրտսերագոյն աշխարհիկ պատգամաւորից: Պրոկուրորը մի առ մի արձանագրում է պատգամաւորների կարծիքները և վաւերացնում նրանց ստորագրութեամբ: Նախագահը բոլոր ձայները և գրաւոր յայտնած կարծիքները ի մի գումարելով՝ չորս առաւելագոյն քուէ ստացածներին հռչակում է թեկնածուներ վերջնական ընտրութեան համար:

Երկու թեկնածուների ընտրութիւնը կատարւում է հետևեալ օրը. պատգամաւորները դարձեալ վեհարանից տաճար են իջնում նոյն հանդիսաւորութեամբ և գործողութիւնն սկսում պատշաճ աղօթքով: Մինչև վերջին ընտրութիւնը սովորութիւն էր, կառավարութեան կողմից հաստատուած հրահանգների համաձայն՝ ընտրութիւնը կատարել բաց քուէարկութեամբ, երբ կարդացւում էր աւագագոյն թեկնածուի անունը, պատգամաւորը վեր էր կենում և բարձր ձայնով արտասանում՝ «ընտրեմ» կամ «ոչ ընտրեմ»: Բայց վերջին ընտրութեան ժամանակ փոխարքայի կարգադրութեամբ այդ գործողութիւնը կատարւում է գաղտնի քուէարկութեամբ: Ճառախօսութիւններ լինում են նախքան ընտրութիւնը, եթէ ժողովականներից որևէ մէկը ասելիք ունի: Բայց մասնաւոր ժողովներում նախընթաց օրեր արդէն մտքերի փոխանակութիւն է կատարուած և պատգամաւորները որոշ եզրակացութեան հասած: Պաշտօնական կերպով մտքերի այդ փոխանակութիւնը կատարւում է և չորս թեկնածուների ընտրութեան ժամանակ: Այժմ պատգամաւորը խղճի և Աստուծոյ առաջ պատասխանատու՝ տալիս է իւր վերջնական որոշումը. սրբազան գործողութեան մի րոպէ, երբ ժողովրդի ձայնը նուիրագործւում է Տիրոջ սեղանի առաջ որպէս Աստուծոյ ձայն: Բացակայ պատգամաւորների գրաւոր կարծիքը գործնական նշանակութիւն չունի այս անգամ: Առաւելագոյն քուէ ստացող երկու բարձրաստիճան հոգևորականները ընդունւում են որպէս կաթողիկոսական աթոռի թեկնածուներ, որոնք պիտի առաջարկուին ի հաստատութիւն: Ընտրութիւնը վերջանալուց յետոյ, նախագահը բարձրաձայն յայտնում է ժողովի փակումը և երգում են «Թագաւոր փառաց Աստուած» շարականը, իսկ զանգահարութիւնը աւետում է ընտրութեան յաջող վերջաւորութիւնը. հեռագրեր են պատրաստում որ տեղապահը ժողովի կողմից շնորհաւորէ և յայտնէ ընտրեալներին ժողովի որոշումը: Ապա բացւում է տաճարի դուռը և պատգամաւորները դուրս են գալիս զոյգ-զոյգ, երգելով «Էջմիածինն ի Հօրէ» շարականը: Իսկ դուրսն սպասող ժողովուրդը ցնծութեան և «կեցցէների» աղաղակներով ողջունում է ընտրութեան բարի վախճանը:

Պատգամաւորների փոքր-ինչ հանգստանալուց յետոյ՝ պաշտօնական ճաշի են հրաւիրւում բոլոր պատգամաւորներն ու պատուաւոր հիւրերը, միաբանութեան հետ: Ճաշկերոյթ լինում է վանքի ընդարձակ սեղանատանն ամենայն օր, բայց այս օրը աւելի շքեղ և հանդիսաւոր: Բաժակաճառերը, հասկանալի է, գլխաւորապէս լինում են նորընտիր Հայրապետի, աթոռի, ընդհանուր հայութեան և միաբանութեան մասին:

Ապա պաշտօնական թղթերը մաքուր գրելուց և ստորագրութիւններով վաւերացնելուց յետոյ՝ մի եպիսկոպոսից և երկու աշխարհականներից կազմուած պատգամաւորութեան մատուցանւում է տ. փոխարքային՝ ներքին գործոց տ. նախարարի միջնորդութեամբ Ն. Կայսերական մեծութեան ի հաստատութիւն ուղարկելու:

Բ.

Հայրապետի ընտրութեան գործողութիւնից մինչև հաստատութիւնը մի քանի ամիս է տևում: Թէպէտ երկու թեկնածուներն էլ հաւասար են օրէնքի առաջ և կայսրը որին կամենայ կ՚հաստատէ, բայց սովորաբար յարգւում է ազգի ցանկութիւնը և առաւելագոյն քուէ ստացողն է հաստատւում: Մինչև այժմ միայն մի բացառութիւն է կատարուել յանձին Տ. Մակար կաթողիկոսի: Հաստատութեան հրովարտակը կայսեր կողմից ստորագրուելուց յետոյ՝ ներքին գործոց նախարարը յայտնում է այդ մասին փոխարքային և սա՝ տեղապահին: Վերջինս շրջաբերական հեռագրով յայտնում է Կ. Պօլսոյ պատրիարքին, Ռուսաստանի և միւս առաջնորդներին: Այդ առթիւ պատարագ է մատուցանւում Մ. Աթոռում և Հայաստանեայց բոլոր եկեղեցիներում, թագաւոր-կայսեր անունը յիշելուց յետոյ՝ տեղապահը քարոզ է խօսում և հայրապետական աթոռի վրայից վերցնում է սև քօղը: Պատարագից յետոյ կատարւում է նաև կայսեր համար գոհացողական մաղթանք: Այդ օրուանից յիշատակել են սկսում նաև նորահաստատ կաթողիկոսի անունը եկեղեցիների մէջ, բայց այս անկանոնութիւն է. նորընտիր Հայրապետի անունը պիտի յիշատակուի օծումից յետոյ: Նախնի աւանդական կարգը առաջին անգամ խանգարուել է Ներսէս Ե. կաթողիկոսի ժամանակ: Մինչ այդ կաթողիկոսի անունը Մ. Աթոռում յիշատակւում էր օծումից յետոյ, նորապսակ կաթողիկոսը յիշատակում է իւր նախորդների անունները, իսկ սարկաւագները «Գոհութիւն և փառաբանութիւն» քարոզի մէջ նորապսակ կաթողիկոսի անունը: Միւս թեմերում կաթողիկոսի անունը յիշատակւում էր անդրանիկ կոնդակի ընթերցումից յետոյ:

Ապա Սինօդը երկու եպիսկոպոս և երկու վարդապետ պատուիրակ է ընտրում և ուղարկում նորընտիր Հայրապետին Աթոռ հրաւիրելու՝ եթէ նա Մ. Աթոռից դուրս է՝ Ռուսաստանի կամ Տաճկաստանի թեմերում: Պատուիրակներն իրենց հետ վերցնում են հայրապետական խաչ, գաւազան, արծիւ ոտքերի տակ փռելու և ոսկեթել, ասեղնագործ քօղ «Գառն Աստուծոյ» պատկերով՝ առաջ բռնելու համար: Նոյնպէս և հայրապետական պանակէ և մատանի: Ճանապարհին ամէն տեղ հայ ժողովրդից և կառավարութիւնից ստանում է հայրապետական պատիւ և ընդունելութիւն: Քաղաքների և հայ հասարակութեանց ներկայացուցիչները մատուցանում են աղուհաց, ժողովրդի պատուիրակներն ու ներկայացուցիչները ուղերձներով և ճառերով յայտնում են իրենց յարգանքը կամ կարիքները: Տեղական նահանգապետը ներկայանում է «Բարի գալուստ» մաղթելու: Քաղաքներում սովորաբար Հայրապետն իջնում է առաջնորդարաններում, երբեմն և պատուաւոր քաղաքացիների տներում և հիւրասիրւում է հասարակութեան կողմից ընտրուած յանձնաժողովների ձեռքով: Եթէ Տաճկաստանից է գալիս նորընտիր Հայրապետը՝ սահմանագլխից, հակառակ դէպքում նորընտիր Հայարպետի բնակութեան քաղաքից, ուղեկցում է նրան կառավարութեան բարձաստիճան ներկայացուցիչը: Շքախմբի անդամներն են կազմում Էջմիածնից գնացած պատուիրակները և թեմի առաջնորդը, որ ուղեկցում է Հայրապետին իւր թեմի սահմաններում: Նորընտիր Հայրապետները օծումից առաջ կամ յետ սովորաբար մի անգամ այցելում են կայսեր. բայց այս արարողութիւնը կ՚նկարագրենք առանձին գլխով:

Նորընտիր Հայրապետի մուտքը Մ. Աթոռ այսպէս է լինում: Պատուիրակութեան նախանդամը, ինչպէս ճանապարհի ընթացքում հեռագրով տեղեկութիւններ է տալիս ս. տեղապահին Հայրապետի ուր լինելու մասին, այնպէս էլ նախապէս յայտնում է Մ. Աթոռ հասնելու օրն ու ժամը: Վաղարշապատի հասարակութիւնը և Մ. Աթոռի միաբանութիւնը պատրաստւում են վայելուչ կերպով ընդունել իրենց Հայրապետին, զարդարելով փողոցները կանաչով, ժապաւէններով, պատշգամբներից կախուած գորգերով և կարպետներով: Թարմ կանաչից և տերևներից, եթէ ժամանակը ներում է, կանգնում են յաղթական կամարներ. ճանապարհի այն մասում, որտեղից պիտի սկսուի ընդունելութեան թափորը, մինչև Մ. Տաճար ծածկւում է կանաչով և ծաղիկներով: Շրջակայ գիւղերի և Երևանի ժողովուրդը թափւում է Մ. Աթոռ՝ տեսնելու նորընտիր Հայրապետի գալուստը: Տեղապահը Սինօդի անդամներով ընդառաջ է գնում՝ Էջմիածնի կայարանում կամ Երևանում «Բարի գալուստ» ասելու և ապա վերադառնում են Մ. Աթոռ՝ միաբանութեան հետ թափորով ընդունելու: Երբ հեռուից երևում է ընթացքը, սկսում են հնչեցնել բոլոր զանգերը: Մ. Աթոռի միաբանութիւնը շուրջառ ձգած ըստ աւանդութեան շարւում է այնտեղ, որտեղից պիտի սկսուի եկեղեցական թափորը. սովորաբար վանքի հիւսիս-արևմտեան արտաքին մեծ դարբասի առաջ եղած հրապարակում: Հայրապետի կառքը՝ շրջապատուած ոստիկաններով և պահնորդ ձիաւորներով, դանդաղ մօտենում է վանքի պարիսպներին, այսպիսի դասաւորութեամբ: Ամենից առաջ գնում են խաչ, գաւազան բռնող վարդապետները, ապա հայրապետական ցուպ բռնող «գաւազանակիրը», ապա Հայրապետի կառքը, յետևում կանգնած երկու կարմրազգեստ և արծաթագլուխ ասաները ձեռքներին: Հայրապետի կառքին հետևում են միաբանութեան պատուիրակները և առհասարակ շքախմբի անդամները: Բազմաթիւ կառքերով հետևում են հասարակութեան ներկայացուցիչներ և ձիաւորներ:

Նորընտիր Հայրապետը հասարակութեան աղն ու հացը ընդունելուց և ներկայացուցիչների ողջոյնի խօսքերը լսելուց յետոյ՝ օրհնում է և ապա շուրջառ առնելով՝ մնում է ամպհովանու տակ, որ սովորաբար բռնում են հասարակութեան պատուաւոր անդամներ կամ շապկազգեստ դպիրներ: Ամպհովանու յետևից գնում է գաւազանակիր վարդապետը, հայրապետական ցուպը բարձր բռնած, կողքից շարւում են չորս քշոցակիրներ, Հայրապետի առաջ բռնում են ոսկեթել քօղ ասեղնագործ «Գառն Աստուծոյ» պատկերով, չորս բուրվառակիր յետ-յետ գնալով՝ խնկարկում են Հայրապետին: Միաբանութիւնը դասաւորւում է զոյգ-զոյգ ըստ աւագութեան, աւագագոյնները Հայրապետի մօտ, միաբանութեան առաջից՝ իւրաքանչիւր դասի գլխին դարձեալ շուրջառազգեստ մի-մի քահանայ կամ վարդապետ՝ հայրապետական խաչն ու գաւազանը բարձր բռնած, ապա երգեցիկ դպիրները զոյգ-զոյգ, խաչակիրներն ու խաչվառակիրները, լապտերակիրներն ու մոմակալները և թափորի գլխին կարմրազգեստ շաթիրները ձեռքներին արծաթեայ երկաթագլուխ ասաներ: Բուրվառակիրներից մէկը մօտեցնում է խնկամանը և «Եւ ևս խաղաղութեան» ասում. Հայրապետն օրհնում է և խունկ ձգում բուրվառի մէջ: Դպիրները երգում են «Հրաշափառ» շարականը և թափորը զանգահարութեամբ շարժւում է դէպի տաճար: Աւագ դռնից ներս մտնելիս դպիրները երգում են. «Ուրախ լեր սուրբ եկեղեցի» շարականը, մինչև Հայրապետը գալիս, կանգնում է Իջման սեղանի առաջ: Թափորի կարգաւորութեան վրայ հսկում է լուսարարապետը, սա է ընդունում նաև սեղանի առաջ Հայրապետին և նրա հետ փոխառփոխ ասում «Ուրախ եղէ ես» սաղմոսը: Տեղապահը միաբանութեան կողմից ողջունում է Հայրապետի գալուստը, իսկ Հայրապետը օրհնում է միաբանութեան և ժողովրդին: Ապա միաբանները զոյգ-զոյգ առաջնորդում են լռելեայն դէպի վեհարան: Հետևեալ օրը կամ երբ կ՚հաճի նորընտիր Հայրապետը, միաբանութիւնը ներկայանում է իւր Պետին և համբուրում ձեռքը: Տեղապահը մի առ մի ներկայացնում է ամենքին՝ յիշելով անունները: Հայրապետի գալստեան օրերը երեկոները ճրագալոյց և ժողովրդական տօն է լինում:

Օծման ժամանակը վաղօրօք յայտարարւում է ժողովրդին. Մայր Աթոռի միաբաններից կազմւում է Կարգադիր յանձնաժողով քաղաքներից եկած ներկայացուցիչներին և հիւրերին վայելուչ կերպով ընդունելու և պատուելու։ Հեռաւոր քաղաքներից իսկ՝ Պետերբուրգից, Ն. Նախիջևանից, Աստրախանից և այլն պատգամաւորներ են գալիս Հայրապետի ս. օծման հանդիսին ներկայ լինելու և դորանով յայտնելու իրենց որդիական սէրն ու երախտագիտութիւնը դէպի մայրենի, հինաւուրց Աթոռը և նորա աթոռակալը։ Գալիս են և թեմակալ առաջնորդներն ու յաջորդներից շատերը։ Տասներկու եպիսկոպոս անհրաժեշտ են հայրապետական օծման ժամանակ։ Օծման նաւակատեաց երեկոյեան Մ. Աթոռի միաբանութիւնը շուրջառով զգեստաւորուած, զոյգ-զոյգ խաչակիր, խաչվառակիր և կերոնակիր դպիրներով, չորս բուրվառակիր սարկաւագներով դասաւորւում են վեհարանի առաջ՝ նորընտիր Հայրապետին երեկոյեան ժամերգութեան և ապա հսկման առաջնորդելու։ Հայրապետական խաչն ու գաւազանը դրօշակներով առնում են երկու վարդապետներ, ամպհովանին բռնում են ամենից պատուաւոր պատգամաւորները։ Դարձեալ «Հրաշափառ» շարականով առաջնորդում են վեհին եկեղեցի։ «Ուրախ եղէ» սաղմոսից յետոյ, որ վեհը փոխ առ փոխ ասում է լուսարարապետի հետ, սկսւում է երեկոյեան ժամերգութիւնը, իսկ դրանից յետոյ հսկումն՝ առաւօտեան ժամերգութեան մի մասը՝ մինչև «Հարց»։ Ժամերգութիւնից յետոյ՝ միաբանութիւնը և պատգամաւորները դարձեալ լռելեայն առաջնորդում են վեհարան։ Հազարաւոր, երփներանգ լոյսերից կազմուած ճրագալոյցը ակնապարար տեսարան է ներկայացնում, իսկ ժողովրդի ցնծութեան և «կեցցէների» աղաղակները բարձրացնում ականատեսի զգացմունքները։ Հայրապետի ընդունելութեան, օծման, միւռոնօրհնութեան հանդէսները սրբազան արարողութիւններ լինելով հանդերձ՝ միշտ ժողովրդական տօնի բնաւորութիւն են ստանում։ Մեր նիւթից կը հեռանանք, եթէ՝ տանք այդ ամենի նկարագրութիւնը, որքան և հետաքրքրական լինին ազգագրական տեսակէտով։

Կիւրակի օրը, երբ պէտք է օծումը կատարուի, 12 աւագագոյն եպիսկոպոսներ զգեստաւորւում են ընտրեալի հետ վեհարանում և վերև նկարագրուած հանդիսով, ամպհովանու տակ, շուրջառ առած միաբանութեան հետ, խաչով, խաչվառով, քշոցներով, խնկարկութեամբ առաջնորդում են եկեղեցի։ Այս զգեստաւորութիւնը իսկապէս պիտի կատարուի խորանում, բայց ժողովրդի բուռն ցանկութեան մասամբ բաւարարութիւն և հանդիսին աւելի շքեղութիւն տալու համար, վեհարանից են զգեստաւորուած եկեղեցի առաջնորդում, ուր անմիջապէս սկսւում է պատարագը։ Նորընտիր Հայրապետն է պատարագ մատուցանողը, նորա հետ սեղան են բարձրանում և վեց-վեց կանգնում են Հայրապետի աջ և ձախ կողմից 12 եպիսկոպոս, որոնց համար յատուկ աթոռներ են դրւում. ինչպէս միշտ եկեղեցւոյ մէջ, այնպէս և այժմ արարողապետը աւագ լուսարարն է և Հայրապետի սպասաւորը։ Պատարագը ընդհատւում է, «Զի ողորմած և մարդասէր ես Աստուած գոլով» աղօթքը արտասանելուց յետոյ՝ կամ գրքից ու աւետարանից առաջ և սկսւում է ձեռնադրութեան և օծման կարգը։ Նախ Հայրապետը բարձրաձայն կարդում է իւր ուխտի թուղթը.

«(Այս անուն) Ծառայ Քրիստոսի և Եպիսկոպոս վիճակին (այս անուն), միաբան սրբոյ ուխտիս Էջմիածնի, կամօքն Աստուծոյ և ընտրութեամբ համօրէն ազգիս Հայոց կոչեցեալ յԱրարատեանս Աթոռ կաթողիկոսութեան ամենայն Հայոց, ապաւինեալ յօգնականութիւն շնորհաց Բարձրելոյն՝ խոստանամ և ուխտեմ առաջի սրբոյ սեղանոյս և աստուածընկալ սուրբ նշանացս, յանձն առնուլ զպաշտօնս զայս Եպիսկոպոսապետութեան Հայաստանեայցս եկեղեցւոյ, և բոլորապտուղ նուիրմամբ ընծայել զանձն իմ յանվթար կատարումն աստուածադիր օրինաց և կաթողիկոսական պարտուց, և առաջնորդել ազգիս Հայոց ըստ ուղղափառ վարդապետութեան քրիստոսական կրօնից, ըստ մերոյս եկեղեցւոյ դաւանութեան և ըստ հայրապետական կարգաց և կանոնաց Աստուածապաշտութեան, անստերիւր և անխոտոր ընթանալով յամենայնի ընդ լուսաշաւիղ հետս գնացից արժանաժառանգ յաջորդաց սրբոց առաքելոցն Թադէոսի և Բարդուղիմէոսի և սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի երկրորդ Լուսաւորչի զգուշաւոր պահպանութեամբ իրաւանց Մայր Աթոռոյս Հայաստանեայցս»։

Ապա ընտրեալ Հայրապետը ծունկ է իջնում և նորա շուրջն են բոլորւում 12 եպիսկոպոսները։ Եպիսկոպոսներից երկուսը փոխ առ փոխ ասում են ՁԸ. սաղմոսը, իսկ յետոյ մէկը «Աղաչեսցուք զմարդասէրն Աստուած» քարոզը։ Աւագագոյն արքեպիսկոպոսը քառասուն «Տէր ողորմեա» անելուց յետոյ՝ աւելացնում է, թէ Աստուածային շնորհը այսինչ ընտրեալին եպիսկոպոսութիւնից կաթողիկոսութեան է կոչում։ Բոլոր եպիսկոպոսները ձեռքները դնում են ընտրեալի գլխի վերայ և ասում. «Մենք դնեմք ձեռս ի վերայ» և ալն։ Եպիսկոպոսներից մէկը կարդում է «Գոհանամ զքէն՝ Աստուած մշտնջենաւոր» աղօթքը և ապա հերթով Ս. Գրքի ընթերցուածները և աւետարանը՝ համաձայն Մաշտոցի։ Աւետարանի ընթերցումից յետոյ պատարագը դարձեալ շարունակւում է մինչև «Ողջոյն»։ Այստեղ նորընտիր Հայրապետը քարոզ է խօսում, եթէ կամենում է։

Ընտրեալը նորից ծունկ է խոնարհում երեսը դէպի ժողովուրդը, և աղօթում է անմռունչ, իսկ եպիսկոպոսները երգում են «Աստուած մեծ և սքանչելագործ» քարոզը, և խնդրում են Աստծուն ընդունել իւր ծառային, որին ընտրել և իւր եկեղեցւոյ առաջնորդութեան է կոչել ինքը, հայցում են օգնական լինել նրան հովուելու իւր հօտը, անարատ պահելու Հայաստանեայց աթոռի առաքելական վերատեսչութեան գործի մէջ: Քարոզից յետոյ աւագագոյն եպիսկոպոսը կարդում է «Տէր Աստուած, արարիչ ամենայն արարածոց» ընդարձակ աղօթքը, ուր յիշւում է, որ Հայաստանը վիճակ ընկաւ երկու առաքեալներին և Գրիգոր Լուսաւորչին: Սրանց բարեխօսութեամբ թող Տէրն ընդունէ ժողովրդի աղօթքը և իւր ծառային «զձեռնադրեալս» ի մէնջ, «զոր դու իսկ ընտրեցեր և ընկալար ի Հայրապետութիւն և յառաջնորդութիւն ազգիս Հայոց»: Սրբազան և սրտառուչ մի րոպէ, երբ նորընծայ Հայրապետը, ժողովուրդը և սրբազնագործ պաշտօնեաները Աստուծոյ օգնութիւնն են խնդրում Հայրապետական պաշտօնը արժանաւորութեամբ վարելու:

Ապա աւագագոյն եպիսկոպոսը սեղանի վրայից վերցնում է ոսկեզօծ աղաւնին սրբալոյս միւռոնով և թափում է նուիրեալի գագաթին, ասելով. «Առաքելոյ աղաւնոյ» շարականը: Նրան ձայնակցում են միւս եպիսկոպոսները և ամենքը միասին բոյթ մատով գագաթին կեդրոնից դէպի ցած են դրոշմում, որով ճառագայթաձև խաչ է ձևանում նորապսակ Հայրապետի գլխին: Այդ գործողութիւնը կատարելու ժամանակ եպիսկոպոսները երգում են «Օրհնեսցի, օծցի և սրբեսցի գագաթն տէր (այս անուն) կաթողիկոսիս» և այլն: Ապա գլխի վերայ են ձգում սպիտակ և ոսկեթել հայրապետական նուրբ քօղը, որ մէկ էլ մահուան ժամանակ է վերան ձգւում: Աջ կողմից կապում են կոնքեռը կամ հայրապետական մախաղը գօտուց, և վերան են ձգում ըստ Մաշտոցի «զնափորտ (շուրջառ) բազմախաչ՝ ունելով նկարակերտ և ասեղնագործ ստորոտս և անկիւնս զարդարեալս»: Բազմախաչ և նկարակերտ նափորտը հին ժամանակներից ի վեր (ԺԲ. դարուց) Հայրապետին յատուկ զգեստ է եղել, այժմ ձգում են ասեղնագործ Ս. Էջմիածնի շրջակայ վանքերի և Լուսաւորչի ձեռքով Հայոց քրիստոնէութիւն ընդունելու տեսարաններով շուրջառը: Ձեռքն են տալիս հովուական գաւազան «զանուանեալն Լուսաւորչի»: Ըստ Մաշտոցի այսուհետև նա կոչւում է «կաթողիկոս ամենայն Հայոց»: Առաքելական և աւետարանական ընթերցուածներից յետոյ՝ եպիսկոպոսները համբուրում են նորապսակ Հայրապետի գագաթը և «ողջոյն» տալիս:

Այնուհետև ս. Հայրապետը շարունակում է պատարագը մինչև «Գոհութիւն և փառաբանութիւն» քարոզը, երբ յիշատակում է իւր բոլոր նախորդ կաթողիկոսներին։ Իսկ դպիրները յիշատակում են յիշեալ քարոզի մէջ նորապսակ Հայրապետին և այնուհետև Հայաստանեայց բոլոր եկեղեցիներում պատարագների և առաւօտեան ու երեկոյեան ժամերգութեան որոշ քարոզների մէջ։ Պատարագը վերջանալուց յետոյ՝ դարձեալ հանդիսաւոր թափոր է կազմւում դէպի վեհարան՝ զգեստաւորուած եպիսկոպոսների և միաբանական ուխտի հետ, առանց Հայրապետի երեսից քօղը վերցնելու «Հրաշափառ» շարականով բերում և նստեցնում են վեհարանի «Ծաղկեայ դահլիճի» կաթողիկոսական աթոռի վերայ։ Հանդէսը վերջանում է Հայրապետի «Պահպանիչով»։ Ապա ամենքը համբուրում են աջը և օրհնութիւն ստանալով՝ հեռանում։

Մի ժամի չափ հանգստանալուց յետոյ՝ սեղանատան զանգը միաբանութեան, պատգամաւորներին և հիւրերին հրաւիրում է հանդիսաւոր ճաշկերոյթի։ Գալիս է և նորապսակ Հայրապետը և բազմում իւր համար յատուկ պատրաստած սեղանին։ Ներկայ է լինում տէրութեան ներկայացուցիչը, պրոկուրորը և պաշտօնական անձինք։ Հայրապետին սպասաւորում են երկու վարդապետ և երկու հոգի պատգամաւորներից աւագագոյնները։ Գաւազանակիրը գաւազանը բարձր բռնած կանգնում է Հայրապետի յետևը։ Հայրապետական սեղանի մօտ կանգնում է և Մայր Աթոռի դպրապետ վարդապետը։ Ամենայն անգամ երբ ս. Հայրապետը բաժակ պիտի առաջարկէ կամ պիտի խօսէ, դպրապետը բարձր ձայնով երգում է. «Հրամայեա Տէր օրհնութեամբ ասել»։ Տիրում է խորին լռութիւն և Հայրապետը խօսում է։ Սովորաբար բաժակաճառերը հետևեալներն են լինում։ Առաջին բաժակը նորապսակ Հայրապետը առաջարկում է թագաւոր-կայսեր կենացը, կառավարութեան ներկայացուցիչն առաջարկում է Ն. Սրբութեան, տեղապահը տ. փոխարքայի, պատգամաւորներից մէկը տ. տեղապահի, եպիսկոպոսներից մէկը կառավարութեան ներկայացուցչի և ապա հետզհետէ Մ. Աթոռի հաստատութեան, ազգի, միաբանական ուխտի բարգաւաճման և այլ նման բարեմաղթութիւններ՝ Կարգադիր յանձնաժողովի գիտութեամբ և կարգադրութեամբ։ Հայրապետի հեռանալու ժամանակ ամենքը ոտքի են կանգնում, հետևորդներն ու սպասաւորողները ուղեկցում են մինչև վեհարան։

Հետևեալ օրը Ն. Սրբութեան խմբովին ներկայանում են պատգամաւորները և իրենց որդիական շնորհաւորանքներն ու իղձերը յայտնելուց յետոյ՝ օրհնութիւն ստանում և մեկնում իրենց տեղերը։

(1) Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի՝ վարդապետության շրջանում գրված այս հոդվածը արտատպված է «Ազգագրական հանդես»-ից (1910 թ., էջ 189-200):

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ