Իսահակ Յուսուփի քարոզչությունը

Վարուժան ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Մանկավարժ. գիտ. թեկնածու
 

ԻՍԱՀԱԿ ՅՈՒՍՈՒՓԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

14-րդ դարի երկրորդ կեսին եւ 15-րդ դարի սկզբներին Հայաստանի քաղաքական կյանքը խիստ անկայուն էր։ Սկսվել էր Հուլավյան իշխանության քայքայումը, իսկ երկրում հաստատված քոչվորական ցեղապետերը դարձել էին ինքնիշխան ու սանձարձակ։ Վիճակն էլ ավելի բարդացավ Ոսկե Հորդայի խան Թողթամիշի եւ մանավանդ Լանկ-Թամուրի ավերիչ արշավանքների հետեւանքով։ Ժողովուրդն ամենուր կոտորվում էր, կողոպտվում ու դաժանորեն կեղեքվում։

Ծանր հարվածներ էր ստանում նաեւ Հայոց Եկեղեցին. ավերում էին սրբավայրերը, սաստկանում էր բռնի հավատափոխության հարկադրանքը։ Պատմիչ Թ. Մեծոփեցին Լանկ-Թամուրի թոռանը՝ Ատրպատականի կուսակալ Օմարին անվանում է «ատեցող ազգիս քրիստոնէից» եւ տեղեկացնում, որ նա իր իշխանության առաջին տարում «երեք իշխան յազգէս մերմէ … դարձոյց բռնութեամբ ի յանհաւատութիւն»։ Այդ իշխաններն էին Օրբելյան տոհմից՝ Բուրթելը, նրա եղբայր Սմբատը, Եղեգիսի տեր Տարսայիճը։ Անդրադառնալով նվաճողների վարած հավատափոխության քաղաքականությանը՝ Հ. Մանանդյանը գրում է, որ 14-րդ դարից սկսած՝ «քրիստոնյաներից շատերը եւ, մասնավորապես, նաեւ հայերը, ստիպված են եղել ընդունել մահմեդականություն»։ Նրանց «մեծագույն մասը մահմեդական էին դարձել բռնի կերպով Լանկթամուրի ու նրա հաջորդների ժամանակ։ Ուշագրավ է, սակայն, որ սրածության, գերեվարության ու հալածանքների այս աղետալի ժամանակաշրջանում բազմաթիվ հայեր գլխավորապես ռամիկ ժողովրդից … նահատակվել էին եւ հրաժարվել էին ուրանալ իրենց կրոնն ու ազգությունը»։

Այս դժնդակ պայմաններում, անշուշտ, Եկեղեցու գործունեությունը, քրիստոնեության քարոզչությունն ու տարածումը խիստ դժվարացել էին, իսկ առանձին դեպքերում՝ դարձել անհնարին։ Այդուհանդերձ, եղել են նաեւ լուսավոր պահեր, երբ քրիստոնեական հավատն իր զորությամբ հրաշքներ է գործել անգամ այլազգիների բազմության մեջ։ Այդպիսի մի ուշագրավ պատմություն պահպանվել է Թ. Մեծոփեցու մոտ. պատմիչը վկայում է հայկական ծեսով քրիստոնյա մկրտված, ազգությամբ պարսիկ Իսահակ Յուսուփի մասին, որի ջերմեռանդ քրիստոնեասիրությունը հիմք է դարձել Հայսմավուրք ժողովածուներից մեկում զետեղված նրա վարքագրության համար։

Յուսուփը Թավրիզ քաղաքից էր, ծնվել էր մահմեդականի ընտանիքում եւ պատանի հասակից աչքի ընկել քրիստոնյաների նկատմամբ ատելությամբ։ Թ. Մեծոփեցին նրան անվանում է «յոյժ հայհոյիչ եւ ատեցող անուան Քրիստոսի»։ Քրիստոնյաների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով նա դիմում էր ամեն կարգի չարագործության։ Ըստ Մ. Օրմանյանի՝ «տակավին պատանի մըն էր շուրջ 1377-ին», երբ հավաքելով «զպիղծ ոսկերս շանց»՝ լցնում էր «ի կարաս քրիստոնէից», որպեսզի «ամենայն քրիստոնեայքն անտի ջուր ըմպէին» (Թ. Մեծոփեցի)։ Մ. Չամչյանը, օգտվելով Հայսմավուրքից, գրում է, որ նա «առնէր եւ զայլ անարգանս ընդդէմ եկեղեցւոյն եւ հայհոյէր զսուրբ հաւատս»։ Սակայն մի դիպված վերջ է դնում չարագործի պիղծ դիտավորություններին, եւ քրիստոնեության «ատեցողը» դառնում է ջերմեռանդ քրիստոնյա։ Պահպանված զրույցի համաձայն՝ Յուսուփը երազում տեսակցում է Հիսուս Քրիստոսի հետ, հրեշտակների առաջնորդությամբ ականատես լինում դժոխքի սարսափներին, դրախտի վայելքներին, եւ տեսիլքից ցնցված՝ բարձրաձայն գոչում՝ սարսափեցնելով հարազատներին։ Երեք օր ու գիշեր թմրության մեջ գտնվող երիտասարդը, ի վերջո, ուշքի գալով որոշում է մկրտվել եւ դառնալ քրիստոնյա։ Այդ նպատակով դիմում է հայ հոգեւորական Ստեփանոս վարդապետին, որը հայտնի էր Լալուկ մականունով։ Վերջինս կատարում է նրա ցանկությունը, եւ Յուսուփը դառնում է քրիստոնյա՝ վերանվանվելով Իսահակ։

Ստեփանոս վարդապետն անհայտ անձնավորություն չէր. աղբյուրների վկայությամբ՝ նա աշակերտել էր մեծահամբավ ուսուցչապետ Գրիգոր Տաթեւացուն։ Հենց այս նշանավոր վարդապետի ձեռքով էլ Յուսուփը մկրտվում է՝ դառնալով Հայ Եկեղեցու անդամ։ Հատկապես նրանից մկրտություն ստանալու ցանկությունը հավանաբար պայմանավորված էր նախկինում գործած մեղքերի համար ներում ստանալու ակնկալությամբ եւ զղջումի զգացումով, քանզի Թ. Մեծոփեցու վկայությունից երեւում է, որ Յուսուփի չարագործություններից տուժել էր նաեւ Ստեփանոս Լալուկ վարդապետը։

Իսկ ինչո՞ւ Յուսուփը որոշեց մկրտվել Հայկական Եկեղեցում. չէ՞ որ Թավրիզում, բացի լուսավորչական հայերից, ապրում էին նաեւ կաթոլիկներ, ասորիներ։ Հավանաբար, դրանում մեծ դեր է ունեցել տեղի մեծաքանակ, հարուստ եւ ազդեցիկ հայկական համայնքի առկայությունը, եւ քաղաքի մահմեդականների աչքում քրիստոնյան նախ եւ առաջ նույնանում էր հայի հետ։ Ուսումնասիրողները կարծում են, որ 14-րդ դարում Թավրիզում ապրող հայերի թիվը հասնում էր 15-20 հազարի։ Ընդ որում, նրանք կազմում էին քաղաքի քրիստոնյա ազգաբնակչության մեծ մասը։ 1345 թ. գրված հիշատակարաններից մեկում Թավրիզը համարվում է ոչ միայն պարսիկների, այլեւ՝ հայերի մայրաքաղաք։ Ուստի նման միջավայրում Յուսուփի՝ հայկական ծիսակարգով մկրտվելը զարմանալի չէր։ Մինչ այդ նա գիտեր «զգիրս տաճկաց», սակայն այժմ Ստեփանոս վարդապետից սովորում է նաեւ հայոց գրագիտություն եւ զբաղվում քարոզչությամբ։ Սակայն նա հանդիպում է իր նախկին հավատակիցների կատաղի դիմադրությանը, որոնք տարբեր միջոցներով, այդ թվում՝ «եւ սպառնալեաց ջանացան փոխել զմիտս նորա»։ Իսահակ Յուսուփը չի հրաժարվում քրիստոնեությունից, որի համար ենթարկվում է տանջանքների։ Նրան նստեցնում են ուղտի վրա, տանում քաղաքի փողոցներով, ծանակում եւ ձաղկում։ Կիսամեռ երիտասարդին հարազատները 40 օր խնամելուց հետո հազիվ կարողանում են ոտքի կանգնեցնել։

Թողնելով Թավրիզը՝ ջերմեռանդ քրիստոնյան սկսում է շրջել ու քարոզել՝ այցելելով գերազանցապես մահմեդականներով բնակեցված բնակավայրեր ու երկրներ։ Թ. Մեծոփեցին տեղեկացնում է, որ նա եղել է Սուլթանիա քաղաքում, Սամարղանդում, Բաղդադում,Վրաստանում։ Մ. Օրմանյանը նրա շրջագայությունների մասին գրում է, որ Թավրիզից հեռանալուց հետո Իսահակ Յուսուփը շրջում է «ի Քրդստան, ի Պարսկաստան, ի Հնդկաստան, ի Վրաստան, ի Բաղդադ եւ այլ բազում տեղիս եւ իր քարոզութեամբ ածեալ զբաղումս ի հաւատս Քրիստոսի». եւ այսպես՝ 40 տարի։

Սակայն նրա քարոզչությունը դյուրին չի եղել, քանզի մահմեդական մոլեռանդությունը, այն էլ միջնադարում, չափ ու սահման չէր ճանաչում, որի պատճառով տարբեր վայրերում նրան պատուհասում են արգելքները, հալածանքները, չարչարանքները։ «Լայիլան մեջ,- գրում է Մ. Օրմանյանը,- կրակով փորձեցին, Նախիջեւան՝ պարիսպեն վար ձգեցին, Մարաղա՝ գլխիվայր կախեցին»։

Լինելով Հայ Եկեղեցու անդամ՝ Իսահակ Յուսուփը, բնականբար, քարոզում ու տարածում էր Հայ Եկեղեցու դավանանքը։ Նրա ոգեկոչման աղբյուրը եւս հայ հոգեւոր միջավայրն էր, ուր հարստացնում էր սեփական գիտելիքները, հողորդակցվում հոգեւոր-եկեղեցական կյանքի նորույթներին։ Թ. Մեծոփեցին վկայում է, որ շրջագայությունների ընթացքում նա «եկն առ մեզ ի գաւառն Քաջբերունեաց ի սուրբ ուխտն Մեծոբայ» եւ այնտեղ մնում վեց ամիս։ 14-րդ դարի վերջերին Մեծոփա վանքում գործում էր նշանավոր դպրոց՝ Հովհաննես Մեծոփեցու ղեկավարությամբ։ 1408 թվականին, քաղաքական աննպաստ հանգամանքների պատճառով, այստեղ է գալիս նաեւ մեծահռչակ ուսուցչապետ Գրիգոր Տաթեւացին՝ իր աշակերտներով, եւ միավորելով երկու դպրոցները՝ շարունակում է իր դասախոսությունները։ Տաթեւացու շնորհիվ առաջանում է գիտակրթական աշխույժ մթնոլորտ, եւ շատերը ցանկություն էին հայտնում գալ Մեծոփա վանք՝ լսելու մեծահամբավ ուսուցչապետին։

Մ. Օրմանյանը ենթադրում է, որ Իսահակ Յուսուփը նույնպես Մեծոփա վանք է եկել այդ ժամանակ՝ 1409 թվականին։ Գալու նպատակի մասին պատմիչը լռում է, սակայն վեց ամիս այնտեղ մնալու փաստը ցույց է տալիս, որ նա ցանկություն է ունեցել շփվել վանքում հավաքված նշանավոր հայ հոգեւորականների հետ, լսել նրանց խորհուրդները։ Այնուհետեւ նա նորից ելնում է շրջագայության, այցելում Արճեշ, Ախալցխա, եւ չնայած հալածանքներին՝ շարունակում է զբաղվել քարոզչությամբ։ Նրա հետագա կյանքը դարձյալ անցնում է շրջագայությունների ու քարոզչության մեջ։ Այդ մասին Մ. Չամչյանը գրում է. «Եւ Յուսուփ ելեալ անտի սկսաւ … շրջիլ ի քարոզութիւն ի հեռաւոր գաւառս զամս ոչ սակաւ, եւ դարձոյց զբազումս յայլազգեաց ի հաւատս»։

Իսահակ Յուսուփը մահանում է 1417 թ. ապրիլի 18-ին Շամախի քաղաքում։ Ընդ որում, քաջ նահատակն իրեն դատապարտող դատավորից խնդրում է մահապատիժն ի կատար ածել՝ հրկիզելով կրակի վրա՝ «ի նշանակ սիրոյն Քրիստոսի, որ վառեալ կայ ի սրտի իմում»։

Իսահակ Յուսուփի օրինակը ցույց է տալիս, որ միջին դարերում եղել են բազմաթիվ այլազգիներ, որոնք ընդունելով հայոց հավատը՝ դարձել են ջերմեռանդ քրիստոնյաներ եւ դարձի են բերել իրենց ազգակիցներից ու հավատակիցներից շատերին։

Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

, , , , ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ