Սուրբ Թեոդիտոն քահանայի, Զենոն զինվորի, Մակարի, Եվդոքսիոսի, Ռամելասի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Թեոդիտոն քահանան,

Սուրբ Զենոնը, Մակարը և Եվդոքսիոսը,

Սուրբ Ռամելաս:


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Սողոմոնի իմաստության գիրք, 1. 11-15

Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կը սպանի հոգին: Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք եւ մի՛ սպանէք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով: Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել, եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար: Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար, եւ աշխարհի գործերը փրկութեան համար են: Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջ ե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ, որովհետեւ արդարութիւնը անմահ է:

Երեմիա մարգարեի ողբը, 3. 22-56

Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում: Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր: Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ: Աստուած բարերար է նրանց հանդէպ, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ, քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի: Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը: Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը: Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ. իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կը կրի շատ նախատինքներ, բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի: Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան. Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժել եւ նուաստացնել մարդու որդիներին: Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները, երբ դատարանում անիրաւում է մարդուն, – Տէրը չի՞ տեսնում: Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց: Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝ «Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»: Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար: Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը, մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները: Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար: Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն. քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ: Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ: Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած: Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին: Իմ աչքերը լցուեցին արցունքով, բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը: Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար: ծադէ Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին, իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ, գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»: Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր, եւ դու լսեցիր իմ ձայնը: Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ:

Պողոս Առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին, 5. 17-21

Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատուի արժանի թող լինեն. մանաւանդ նրանք, որ տքնում են խօսքով եւ ուսուցանելով, քանզի Սուրբ Գիրքն ասում է. Կալ անող եզան դունչը մի՛ կապիր եւ՝ Մշակն արժանի է իր վարձին: Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի: Իսկ մեղանչողներին յանդիմանի՛ր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան: Պարտաւորեցնում եմ քեզ Աստծու եւ Յիսուս Քրիստոսի ու ընտրեալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի՝ աչառութեամբ ոչինչ չանելով:

Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 26-33

Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի: Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից: Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են: Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԴՁ. Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւդոքսեայ եւ Ռամելայ։

Օրհ. Մրտ. դձ. Այսօր յիշատակ։ Հրց. Մրտ. դձ. Սուրբ ես Տէր։ Մնկ. Զքեզ կարդամք։ Ժմտ. Ի տաճարի։ Ճշ. շրկ. դձ. Ճգնութիւնք սրբոց։ Հմբ. դձ. Յիշատակ է այսօր։

, , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ