Ընդունել անընդունելին

Ֆաբիեն Լակոստ
Feu et Lumiere

 

Ֆրանսերենից թարգմանեց
Սիրանուշ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻՆ

Ամուսնական բաժանումների թիվն ավելանում է։ Մեծ են տառապանքները, երբեմն շատ խորը։ Ես շնորհակալ եմ Թերեզային, որ համաձայնեց մեզ ներկայացնել իր խաչի ճանապարհը, որն ինքն անցել էր ապահարզանից հետո։

Աղոթենք բոլոր նրանց համար, որ ապրում են փորձության վշտով։ Թող Տիրոջ Սիրո ներկայությունը նրանց մխիթարի։

Ժորժի հետ ամուսնացել էինք 1972 թվականին։ Գնել էինք մի հին տուն, որը պիտի վերանորոգեինք։

Ժորժը հինգ տարի երեկոները հետևում էր դասընթացների։ Այդ պատճառով մենք բավական ուշ երեխաներ ունեցանք։ Որպես քրիստոնյա՝ պարբերաբար մասնակցում էինք պատարագների։

Մեր ամուսնությունից տասնհինգ ամիս անց ես հուսահատվեցի։ Իմ և ամուսնուս միջև երկխոսություն չկար, մենք չէինք զրուցում։ Ես դրա կարիքը շատ էի զգում։ Ես ծարավի էի զրույցի։ Մեր ընկերներն ասում էին, որ «ամուսնությունը յուրատեսակ հանդիպում է», և առաջարկում էին զրուցել հանգստյան օրերին։

Ժորժը գնում էր իր դասերին, իսկ ես մտածում էի ինձ համար հաճելիի մասին։ Որոշ զույգեր պատմում էին իրենց համատեղ կյանքի մասին և օրինակներով ցույց տալիս, որ ամենօրյա զրույցի շնորհիվ հնարավոր է դառնում ամուսինների «հանդիպումը»։ Մենք ևս ունեցանք այդ հնարավորությունը։

Հանգստյան օրերին մենք զրուցում էինք տարբեր թեմաներով, ինչպես օրինակ՝ ի՞նչ եմ ես ապրում, երբ դու երեկոյան ուշ ես վերադառնում։ Երբ մեկմեկու ուշադրության էինք արժանացնում, մեր սրտերը մերձենում էին։ Դա կարողություն էր ասելու այն, ինչ ապրում ես, և լսելու ուրիշի ճշմարտությունը։ Երկխոսության կարիքը, որ խորապես ունեի, բավարարված էր։ Եվ շատ կարևոր էր կանգ առնել…

Աշխատանքը, տան հոգսերը, երեխաները մեզ «կրակն» էին գցել։ Մենք միշտ «կրակի» մեջ էինք և կորցնում էինք մեր կյանքի էությունը։

Ունեցանք չորս երեխա։ Նրանք ցանկալի էին ու սպասված, բայց Ժորժի համար շատ դժվար էր. նա ժամանակ չուներ երեխաներով զբաղվելու։ Նրա հոգսերը շատ էին՝ տան վերանորոգում, աշխատանք, երեկոյան դասընթացներ…

Ես կրկին անտեսված էի։ Մեծ կարիք ունեի ընդունված լինելու։ Մի օր առանձնության մեջ հասկացա իմ վերքի խորությունը. ես ցանկալի չէի ամուսնուս համար։

Ես պետք է անեի ամեն ինչ՝ գոյատևելու, ընդունված ու սիրված լինելու համար։ Բայց քանի որ ամուսնուս կողմից ոչ մի ուշադրության չէի արժանանում, հուսահատվեցի։ Ահա այդ հոգեվիճակում էլ զգացի, որ իմ հոգու պահանջը խորապես հագեցնելու է գալիս Ինքը՝ Տերը… «Դու Իմ սիրելի զավակն ես»,- այս խոսքից ես հասկացա, որ իմ վերքը միայն Աստված կարող է բուժել։ Հասկացա նաև, որ Ժորժն էլ ունի չդարմանված վերքեր։ Նա ծանր անցյալ ուներ՝ կապված իր հոր հետ։ Նա երբեք չէր կարողացել հորն ասել՝ ո՛չ, և շատ դժվար էր նայել տառապալից անցյալի աչքերին։

Աստիճանաբար ես լիովին գիտակցեցի իմ ցավը։ Ես անվերջ սիրո ծարավ ունեի, բայց միայն Տերը կարող էր այն հագեցնել։ Իսկ Ժորժը ոչինչ չէր անում ստեղծված իրերի վիճակը փոխելու համար։ Մեր միջև անհասկացողության անդունդ էր գոյացել։ Ես փորձում էի նրան մխիթարել, բայց միշտ մերժվում էի։ Նա ևս ծանր հոգեվիճակում էր և ամեն առիթ օգտագործում էր տնից դուրս գալու համար։

Հետո նա հանդիպեց իրենից ավելի երիտասարդ մի կնոջ։ Նա սիրահարվել էր։ Այդ օրերին ես տանը չէի. ուխտի էի գնացել Մեդջիգորժ։ Վերադարձիս Ժորժը պատմեց նրա մասին։ Գիշերը՝ ժամը երկուսին, այդ կինը զանգահարեց։ Ժորժը կարծես խենթացել էր… Իրականում նա գտնվում էր չարի ազդեցության տակ։

Աստծո շնորհիվ ես սկսեցի ընդունել իմ մենությունը։ Դա ծանր էր. ես շատ վատ էի զգում։ Շատ էի աղոթում։ Տիրոջ օգնությամբ շարունակում էի սիրել ու ներել ամուսնուս։ Ինձ թվում էր, որ կկարողանամ հասկանել նրա տառապանքն ու ձգտումները…

Սուրբ Ծննդյան նախօրեին Ժորժը դուրս եկավ տնից։ Երեխաների հետ երկար սպասեցինք և ստիպված առանց նրա սեղան նստեցինք։ Երբ Ժորժը վերադարձավ, մենք վիճեցինք։ Ես կարծես դժոխքում էի։ Ո՛չ ես, ո՛չ երեխաները այլևս գոյություն չունեինք նրա համար։ Նա փակվել էր իր աշխարհում։

Մի օր նա ինձ ծաղիկներ բերեց, մի բան, որ երբեք չէր արել. դա սադրանք էր։ Ես ծաղիկները գետնին նետեցի։ Իրապես դժբախտ էի…

Նա գնաց ուրիշ տեղ ապրելու, բայց ես միշտ հույս ունեի, որ ամուսինս կվերադառնա, ու մենք մեր ընտանիքը կկառուցենք նոր, ավելի ամուր հիմքերի վրա։ Իմ աղոթքներում ես փորձում էի սիրով վերաբերվել նրան։

Մի շաբաթ օր՝ կեսօրից հետո, Ժորժը տուն եկավ։ Նա ասաց, որ հեռանում է և այլևս երբեք չի վերադառնալու։ Դա վերջն էր… Նա այլևս չէր ուզում ինձ տեսնել։ Սիրտս փլված էր…

Նա հայտարարեց, որ սիրահարված է իր հոգեբանին և գնում է նրա հետ ապրելու։ Իմ կյանքի բոլոր երազանքները կործանվեցին։ Հույսս կտրվեց։ Ինձ թվում էր, որ ամեն բան կորած է։ Հիշում եմ՝ այդ պահին կանչեցի Աստծուն. «Տե՛ր, ուժ տուր այս փորձությանը դիմանալու», և զգացի, որ միայնակ չեմ, կողքիս հենարան կա։ Աղոթեցի նաև Սուրբ Մարիամին, որ բոլորիս ցավերը պահում է իր սրտում…

Ժորժն անմիջապես ապահարզան պահանջեց։ Աներևակայելի էր, բայց ես մերժեցի։ Շատ աղոթեցի։ Մտածում էի ամուսնության խորհրդի մասին՝ այն հույսով, որ մի օր այն մեր ընտանիք կվերադառնա։ Հիշում եմ, որ չբաժանվելու որոշումը կայացնելուց հետո ինձ վրա մի երանելի խաղաղություն իջավ։ Այդ գիշեր ես քնեցի։ Մինչ այդ տառապում էի անքնությամբ։ Այդ քունը նման էր վաստակած հանգստի։

Դատարանում Ժորժը հարձակվեց վրաս։ Նա շատ բարկացած էր, որ ես չէի համաձայնում բաժանվել։ Նա ասում էր, որ ես աղանդավոր եմ, որ երեխաներին ճիշտ չեմ դաստիարակում։ Նրա խոսքերը շատ անարդար էին և խորապես խոցեցին ինձ։ Ես փաստաբան վարձեցի, հավաքեցի փաստեր ու վկայություններ իմ օգտին։ Ցանկանում էի իմ դատը ճշմարտությամբ պաշտպանել։ Միաժամանակ զգում էի, որ ընդունված ու խրախուսված եմ շատերի կողմից։ Ահա թե ինչու այդ փորձությունը, որ անտանելի ծանր էր, երկարատև չթվաց։

Ես հաճախ մտածում եմ, որ մարդկային արդարությունն Աստծո արդարությունը չէ։ Հիշում եմ իմ հանդիպումը քահանայի հետ։ Նա ասաց. «Դու իրավունք ունես արդարության, հարկավոր է, որ պաշտպանված լինես։ Հարկավոր է անցնել մարդկային արդարության միջով»։

Փորձության մեջ ես մի այնպիսի ուժ ստացա, որ միայն Սուրբ Հոգին կարող է տալ։ Այդ զորությունն Աստված տալիս է, երբ գտնվելով ծայրահեղ տկարության մեջ՝ դիմում ես Իրեն։ Ես դա երբեք չեմ մոռանա։ Երբ առաջին անգամ գնացի դատարան, մի անհավատալի խաղաղության մեջ էի։ Ես զգում էի Աստծո իշխանությունը, Նրա զորությունն իմ թուլության վրա։ Եվ ես դատը շահեցի… Փրփրած Ժորժը փոխեց փաստաբանին, բայց գործն ավարտվեց հօգուտ ինձ։ Ես զգացի, թե ինչպես է Տերը պաշտպանում որբերին ու այրիներին։ Հոգիս թեթևացած էր, ու ես պատրաստ էի հոգալ երեխաներիս ուսման ծախսերը։ Ես ապրում էի Հիսուս Քրիստոսի խոսքը՝ «Ամեն ինչ կատարված է»։

Հարկավոր եղավ երեք տարի, որպեսզի ընդունեի մեր բաժանումը։ Կանգնած էի մի իրականության առջև, որը ես չէի ընտրել։ Ես պետք է ընդունեի անընդունելին։ Ես տառապում էի հատկապես երեխաներիս համար։ Ես նրանց համար այլ կյանք էի պատկերացրել։ Այդ փորձությունը ինձ փոխեց, և ես հասկացա իմ թերությունները, որի պատճառով չէի հասկանում ամուսնուս։ Ես փորձեցի նորովի կարդալ մեր պատմությունը՝ իմը, նրանը, երեխաներինը, մեր ընտանիքի պատմությունը։ Ես կրկնեցի հարցերը։ Փորձեցի ընդունել այդ ամենն ու ճանապարհ բացել ներելու համար։

Այդ գիտակցությամբ ապրած տարիներն ինձ էապես վերափոխեցին։ Ես իջա, խոնարհվեցի և ճշմարտությանը ինձ հետ միասին նայեցի։ «Դու, Տե՛ր, ճշմարտությունը սիրեցիր և Քո իմաստության անհայտն ու ծածուկն ինձ հայտնեցիր»,- հիսուներորդ սաղմոսի այս տողերն ինձ շատ օգնեցին։ Այդ ճշմարտությունն ինձ ազատություն պարգևեց։ Իմ պատկերացումները, իմ կյանքի իդեալն ամբողջովին քանդվեց։ Այսօր, ես հույսս դնում եմ միայն ու միայն Աստծո վրա։ Նա ինձ ամրապնդեց և մխիթարեց միայնության մեջ։ Հեշտ չէր, բայց Նա ինձ հետ է։

Այսօր ես ազատ եմ սիրելու համար և ապրում եմ ուրախության բազում պահեր։

 
——————————–
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
 

———————————-

Հին հղումը

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ