Երկարակեցության մասին

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ

 

ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Հնուց ի վեր մարդկությունը միշտ ցանկացել է իմանալ երկարակեցության գաղտնիքը: Դեռևս միջնադարում որոշ մարդիկ տարբեր նյութեր էին պատրաստում կյանքը երկարացնելու համար, ոմանք էլ միայն բույսերով կերակրվելու ինչ-ինչ դեղատոմսեր էին առաջարկում: Եվ երկարակեցության կամ մահվանից խուսափելու մարդկանց ձգտումն իր արձաքանքը գտավ նաև ժողովրդական հեքիաթներում. հեքիաթների հերոսները բազում արկածներով հեռու վայրերից անմահական ջուր էին հայթայթում՝ իրենց սիրելիների կյանքը երկարացնելու կամ էլ մահվան ճանկերից ազատելու համար: Եվ այս հարցում մարդկությունը՝ իբրև հավաքականություն, կարծես այդպես էլ ոչ մի շոշափելի արդյունքի չհասավ: Այժմ փորձենք տեսնել, թե երկար ապրելու մասին ինչ է ասում Աստվածաշունչը. «Որդյա՛կ, մի մոռացիր իմ խրատները և իմ խոսքերը պահիր քո սրտում, որպեսզի երկարեն քո կյանքի օրերն ու կենդանությանդ տարիները և խաղաղություն ավելացնեն», «Լսի՛ր, որդյա՛կ, և ընդունիր իմ խոսքերը և քո կյանքի տարիները պիտի շատանան, և պիտի ավելանան քո կյանքի ճանապարհները», «Տիրոջ երկյուղն ավելացնում է կյանքի օրերը, բայց ամբարիշտների տարիները պիտի կրճատվեն», «Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես և երկար ապրես»: Անշուշտ, սրանք ընդամենը մի քանի մեջբերումներ են Աստվածաշնչից, որոնք, պարզորոշ ցույց են տալիս, որ երկար ու խաղաղության մեջ ապրելու համար պետք է իմանալ և անել այն, ինչ պատվիրում է Աստված: Հիմա էլ, իհարկե, կարող եք հարցնել՝ մի՞թե բազում սրբեր չէին պահում Աստծո պատվիրանները, որ այդքան շուտ մահացան: Նախ ասենք՝ Աստված երբեք մահվան պատճառ չէ, սակայն երբեմն թույլ է տալիս, որ որոշ մարդիկ վաղաժամ մեռնեն՝ նրանց իսկ օգուտի համար: Այդպիսի մասնահատուկ դեպքերից էին քրիստոնյաների հալածանքները, երբ մարդիկ նախընտրում էին մեռնել, քան թե հրաժարվել հավատից: Սակայն այժմ արդեն հալածանքներ ընդհանրապես չկան: Սակայն դեռևս պահպանվել են մասնավոր դեպքեր: Ոմանց Աստված թույլ է տալիս վաղաժամ մեռնել՝ ազատելով նրանց հետագա կյանքի ահավոր կամ դժոխքի դատապարտող դեպքերից, իսկ շատ ամբարիշտների էլ վաղաժամ մահվան է տանում՝ նրանց չարությանը վերջ տալու համար: Մարդը, մարմնից բացի, նաև հոգևոր էակ է: Երբ որևէ մեկը խելացի և իմաստուն խոսքեր է արտաբերում, մենք չենք ասում, թե նրա գլխում որքան ծանր ուղեղ կա, այլ ասում ենք՝ որքան գեղեցիկ մտքեր ունի: Եվ երբ որևէ մեկը միշտ բարիք է գործում, ասում ենք, որ նա բարի սիրտ ունի, իհարկե, երբեք նկատի չունենալով այն մսե օրգանը, որ բաբախում է մարդու կրծքավանդակում: Կան ֆիզիկական օրենքներ, որոնց խախտումը մեզ կարող է վնաս պատճառել: Օրինակ՝ եթե անտեսենք ձգողության օրենքը և ցած նետվենք որևէ բարձրությունից, կարող ենք վնասել մեր մարմինը: Ճիշտ նույն կերպ էլ գործող հոգևոր օրենքներ կան, որոնք խախտելու դեպքում կարող ենք վնասել մեր ողջ կյանքը: Երբ դուք նոր սարք եք գնում, տուն բերելուն պես անմիջապես բացում եք նրա հետ տրված ճիշտ օգտագործման գրքույկը, որպեսզի անզգուշության պատճառով չվնասեք իրը: Ճիշտ նույն կերպ էլ Աստվածաշունչն է մարդուն ասում, թե ինչպես ապրի, որպեսզի չվնասի իր կյանքը: Մի՞թե մեծագույն անմտությունը չէ, որ շատերը հոգ են տանում առարկայի մասին՝ մոռանալով իրենց, չբացելով ու չկարդալով Սուրբ Գիրքը՝ իմանալու, թե ինչ պետք է անեն, ինչպես պետք է ապրեն, որպեսզի կյանքի օրերը լինեն խաղաղ ու երկար:

Ինչո՞ւ են մեր օրերում այսքան տարաբնույթ դժբախտ դեպքեր տեղի ունենում, որոնք խլում են բազում մարդկանց կյանքեր։ Աստվածաշունչը պատասխանում է նաև այս հարցերին: Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում Պիղատոսը շատ գալիլիացիների սպանեց հենց այն ժամանակ, երբ նրանք զոհ էին մատուցում: Նրանք այնքան դաժանությամբ սպանվեցին, որ նրանց արյունը խառնվեց մատուցված զոհերի արյանը: Բացի դրանից, նաև մի մեծ աշտարակ փուլ եկավ և սպանեց միանգամից 18 մարդու: Քրիստոսը, այս դեպքերի մասին իմանալով, այսպես ասաց. «Կարծում եք, թե այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի՞ մեղավոր էին, քան բոլոր գալիլիացիները: Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք: Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ: Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք»: Ուստի անզղջում մնալը, ապաշխարությունից հեռու լինելը կրճատում են կյանքը։

——————————-

Հին հղումը

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ