Ավագ հինգշաբթի։ Խորհրդավոր ընթրիքի հիշատակի օր։

Ավագ հինգշաբթի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Քրիստոսի կողմից Ս. Հաղորդության խորհրդի հաստատման:

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Հաղորդություն,

Եկեղեցու գերազանցության և հաղորդության մասին,

Սուրբ Հաղորդութիւն (Դոկտ. Տ. Զաւէն Ա. Քհնյ. Արզումանեան),

Հաղորդության անհրաժեշտությունը:


Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ իր աշակերտների առջև և խոնարհաբար լվաց նրանց ոտքերը՝ հեզության և խոնարհության օրինակ ծառայելով:

Այս օրը եկեղեցում կատարվող ոտնլվայի արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:

Ավագ հինգշաբթի օրվա արարողությունների ժամանակացույց.

– Գիշերային ժամերգություն և Կարգ ապաշխարողաց,
–  Սուրբ Պատարագ,
–  Ոտնլվայի կարգ՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման:
– Հսկում։ Խավարման կարգ՝ ի հիշատակ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մատնության:

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Գիշերային ժամերգություն և Կարգ ապաշխարողաց

Ավետարան ըստ Հովհաննեսի, 12. 27-43

Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին։ Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»։ Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»։ Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում։ Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»։ Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար։ Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի։ Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դէպի ինձ կը ձգեմ»։ Այս ասում էր նշելու համար, թէ ի՛նչ մահով էր մեռնելու։ Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից մենք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կը մնայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ մարդու Որդին»։ Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում։ Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»։ Յիսուս այս խօսեց եւ գնաց նրանցից թաքնուեց։ Թէպէտ եւ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան, որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեց»։ Չէին կարողանում հաւատալ եւ այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. «Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»։ Եսային այս ասաց, որովհետեւ տեսաւ նրա փառքը եւ խօսեց նրա մասին։ Բայց մինչեւ անգամ հրեայ իշխանաւորներից շատեր հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանուեն. քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը։

Եսայի մարգարե, 60. 20-22

Քո սգոյ օրերը պիտի վերջանան։ Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի եւ յաւիտենապէս պիտի ժառանգի երկիրը՝ պահպանելով իր նոր տունկը՝ իր ձեռքի գործը յանուն իմ փառքի։ Սակաւաթիւը հազարաւոր պիտի դառնայ, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տէրս, ժամանակ առ ժամանակ պիտի հաւաքեմ նրանց։

Եզեկիել մարգարե, 36. 24-31

Այսպէս է ասում Տէրը․ «Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսների միջից, հաւաքելու եմ ձեզ բոլոր ազգերի միջից ու տանելու եմ ձեզ ձեր երկիրը։ Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։ Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ։ Եւ այնպէս եմ անելու, որ իմ արդարութեան ճանապարհով ընթանաք, օրէնքներս պահէք ու կատարէք դրանք, բնակուէք այն երկրում, որ տուել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինէք, եւ ես ձեզ համար՝ Աստուած։ Ազատելու եմ ձեզ ձեր բոլոր պղծութիւններից։ Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն եւ ձեզ սովի չեմ մատնելու։ Շատացնելու եմ ծառերի պտուղներն ու հանդերի բերքը, որպէսզի ազգերի մէջ այլեւս սովի նախատինքը չստանաք։ Յիշելու եմ ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, եւ դուք զզուելու էք ձեր բոլոր անօրէնութիւններից ու գարշելի արարքներից»։

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 10. 17-29

Եղբայրնե՛ր, ուրեմն համարձակութիւն ունենք Յիսուսի արեամբ մտնելու սրբարանից ներս այն նոր եւ կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագոյրի միջով, որ է իր մարմինը. եւ մեծ քահանայ ունենալով Աստծու տան վրայ՝ մօտենանք ճշմարիտ սրտով, հաւատի լիութեամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից եւ մեր մարմինը լուացած մաքուր ջրով։ Ամուր պահենք անխախտ յոյսի դաւանութիւնը, քանի որ հաւատարիմ է նա, ով խոստացաւ. եւ հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ բարի գործերի յորդորելով եւ զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, եւ այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը։ Քանզի եթէ կամաւոր կերպով ենք մեղանչում ճշմարտութիւնն իմանալուց եւ ընդունելուց յետոյ, ուրեմն մեղքերի քաւութեան համար այլեւս ուրիշ զոհ չի մնում. այլ մնում է դատաստանի ահեղ սպասումը եւ կրակի կատաղութիւնը, որ լափելու է Աստծու հակառակորդներին։ Մովսէսի օրէնքը արհամարհած մէկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայութեամբ։ Իսկ որչա՜փ աւելի խիստ պատժի արժանի պիտի համարէք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն եւ անմաքուր համարել նոր ուխտի արիւնը, որով մաքրուել է ինքը եւ անարգել շնորհի Հոգին։ Արդարեւ, ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրէժխընդրութիւնները, եւ ես պիտի հատուցեմ», – ասում է Տէրը։ Եւ դարձեալ. «Տէրը պիտի դատի իր ժողովրդին»։ Ահաւոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը։

Ավետարան ըստ Ղուկասի, 7. 36-50

Փարիսեցիներից մէկը աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց։ Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով, կանգնեց Յիսուսի յետեւ, նրա ոտքերի մօտ. եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում։ Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կ՚իմանար, թէ ով կամ ինչպիսի մի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»։ Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եւ Յիսուս ասաց. «Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն։ Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛, ո՞վ աւելի շատ կը սիրի նրան»։ Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ նա՛՝ ում աւելի շատը շնորհուեց»։ Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց։ Դու ինձ մի համբոյր էլ չտուիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։ Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց։ Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կը ներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»։ Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»։ Եւ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողութիւն է տալիս»։ Եւ նա ասաց այդ կնոջը. «Քո հաւա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ»։

Սուրբ Պատարագ

Ծնունդների գիրք, 22. 1-18

Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին։ Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Սա պատասխանեց. «Այստեղ եմ»։ Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լերան վրայ, որ ցոյց կը տամ քեզ, ողջակիզի՛ր նրան»։ Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան։ Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ հեռուից տեսաւ այդ տեղը։ Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստեցէ՛ք այստեղ՝ էշի մօտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագութիւն անենք ու վերադառնանք ձեզ մօտ»։ Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով գնացին։ Իսահակը դիմեց իր հօրը՝ Աբրահամին. «Հա՛յր»։ Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»։ Նա հարցրեց. «Ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»։ Սա պատասխանեց. «Աստուած կը հոգայ իր ողջակիզելու ոչխարի մասին, որդեա՛կ»։ Նրանք երկուսով գնացին եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց եւ դրեց զոհասեղանի փայտի վրայ։ Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն։ Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տուեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»։ Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր, որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծու նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»։ Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ, որ մացառուտ թփի մէջ եղջիւրներից մի խոյ է կախուած։ Աբրահամը գնաց, առաւ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարէն։ Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տէրը տեսաւ», եւ մինչեւ այսօր էլ ասում են՝ «Այդ լերան վրայ երեւաց Տէրը»։ Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տալով՝ ասաց Աբրահամին. «Անձովս եմ երդւում, – ասում է Տէրը, – քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն, անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին, քո սերնդի շնորհիւ պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»։

Եսայի մարգարե, 61. 1-7

Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկուածներին, գերիներին ազատութիւն քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծու վրէժխնդրութեան օրը, մխիթարելու բոլոր սգաւորներին, փառաւորելու Սիոնի սգաւորներին, որ մոխրի փոխարէն ուրախութեան օծման իւղի պիտի արժանանան, իսկ սգաւորները վհատ հոգու փոխարէն՝ փառքի զգեստի։ Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ։ Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները։ Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները։ Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք։ Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար։

Առաքյալների գործերը, 1. 15-26

Եւ այն օրերին Պետրոսը վեր կացաւ եղբայրների մէջ (եւ այնտեղ հարիւր քսան հոգու չափ հաւատացեալների բազմութիւն կար) եւ ասաց. «Ո՛վ եղբայրներ, պէտք է, որ կատարուէր գրուածը, ինչ որ նախօրօք Սուրբ Հոգին ասել էր Դաւթի բերանով Յուդայի մասին, որ Յիսուսին բռնողներին առաջնորդ եղաւ. որովհետեւ նա մեզ հետ մեր խմբի մէջ էր. եւ նրան էլ վիճակուած էր այս սպասաւորութիւնը։ Սա իր անիրաւութեան վարձով մի ագարակ գնեց եւ ուռչելով մէջտեղից պատռուեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափուեց։ Եւ այս բանը յայտնի եղաւ բոլոր նրանց, որոնք Երուսաղէմում են բնակւում, այնպէս որ մինչեւ իսկ այն ագարակը կոչուեց իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն՝ Արեան ագարակ. որովհետեւ սաղմոսների գրքում գրուած է. «Թող նրա տունը աւերակ լինի, եւ չգտնուի մէկը, որ նրա մէջ բնակուի». եւ՝ «Նրա պաշտօնը թող ուրիշն առնի»։ Արդ, մէկն այս մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այն ամբողջ ժամանակ, երբ Յիսուս երկրի վրայ մեզ հետ էր, – սկսած Յովհաննէսի մկրտութիւնից մինչեւ այն օրը, երբ մեր միջից երկինք վերացաւ, – պէտք է, որ նա մեզ հետ վկայ լինի նրա յարութեանը»։ Եւ ներկայացրին երկուսին՝ Յովսէփին, որին Բարսաբա էին կոչում, եւ որ վերանուանուեց Յուստոս, ու Մատաթիային։ Եւ աղօթք անելով՝ ասացին. «Տէ՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛յց տուր այս երկուսից մէկին, որին ընտրեցիր, որպէսզի առնի վիճակն այն պաշտօնի եւ առաքելութեան, որից Յուդան ընկաւ իր տեղը գնալու համար»։ Եւ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելաւ Մատաթիային, եւ սա դասուեց տասնմէկ առաքեալների հետ։


Ավագ Հինգշաբթի օրը հիշատակվում է Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը։

Այս օրը մատուցվում է Ս. Պատարագ։

Քրիստոսը վերջին ընթրիքի ժամանակ հացն ու գինին տվեց ճաշակելու իր աշակերտներին` ասելով որ հացը Իր մարմինն է, իսկ գինին` Իր արյունը, որ հեղվում է մարդկանց մեղքերի քավության համար։ Մերժելի և անընդունելի են աղանդավորական այն բոլոր տեսակետները, որոնց համաձայն հացն ու գինին պարզապես Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշ են։ Այսպիսի պնդումները հակասում են հենց Քրիստոսի բառերին, Ով հաղորդության համար երբեք չօգտագործեց խորհրդանիշ բառը։ Քրիստոս նաև մեկ այլ տեղ ասաց, որ ով Իր մարմինն ու արյունը չճաշակի, նա երբեք հավիտենական կյանք չի ունենա։ Յուրաքանչյուր մկրտված քրիստոնյա եկեղեցական մեծ տոներին` տարվա ընթացքում 4 կամ 5 անգամ, պետք է հաղորդություն ստանա։ Սակայն եթե դու այնպիսի մարդ ես, որ սիրտդ սառած է Աստծո հանդեպ, ապա գոնե տարին մեկ անգամ` Սուրբ Զատկի տոնին, պետք է հաղորդություն ստանաս եկեղեցում, որպեսզի ներքին էությամբ չդադարես քրիստոնյա լինելուց։

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողությունը։ Խորանի վրա բարձրաստիճան հոգևորականը հանում է իր զգեստները, գոգնոց կապում և լվանում, յուղով օծում է 12 հոգու ոտքեր։ Սա արվում է Քրիստոսի արարքի նմանողությամբ, երբ Քրիստոսը լվաց իր 12 աշակերտների ոտքերը՝ խոնարհության նշան ցույց տալով ու ասաց, թե՝ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք։

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Աւագ Եշ.։ Պահք։ Յիշատակ վերջին ընթրեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։

Օրհ. գձ. Վերաձգողն երկնից, իւր սարօքն: Առաւօտու երգ՝ Որսացան զանձն (ողբաձայն)։ Քրզ. Փառաւորեսցուք։ Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց ես։ Մնկ. ակ. Այսօր կանգնեցաւ։ Քրզ. Վասն խաղաղութեան։ Աղթ. Սուրբ ես Տէր։ Սաղմոս ՂԳ. (ողբաձայն)։ Աւետարան։ Ճառագայթեալ։ Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր գալստեանդ։ Ապա կարգ արձակելոյ զապաշխարողսն ըստ Տօնացուցի։

Ի Ճաշուն ծածկեսցեն զՍեղանն եւ ասացեն զմնացեալ Ողորմեայսն։ Ապա Խոնարհեցո եւ Ապրեցո։ Մեսդ., Գիրք, Աւետարան։ Մինչ ընթեռնուցուն զսա, ելցէ պատարագիչն ի Սեղանն եւ զգեստաւորիցի եւ քաղեսցէ զԽորհուրդն մինչեւ ի Հաւատամք։ Քրզ. Աղաչեսցուք։ Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց ես։ Հմբ. ակ. Այսօր կանգնեցաւ։ Քրզ. Վասն խաղաղութեան։ Աղթ. Հայր գթած։ Սաղմոս, Գիրք, Աւետարան։ Ապա բացցեն զՍեղանն եւ ասասցեն զՀաւատամքն։ Սրբ. Որ վերանստիս։

Յորժամ պատարագիչն հասանիցէ՝ Եւ տուր մեզ համարձակաձայնին, աւագ երէցն ի բեմն, ունելով ի ձեռին զխաչն եւ զԱւետարանն՝ կարդասցէ զբանն Սըրբոյն Բարսղի եւ յաւարտիլն, սկսանիցեն Հայր մեր։

Յորժամ վճարիցի Քրիստոս պատարագեալն, դպիրքն ասացեն զտաղս՝ Եկայք մարդիկք ամենայն։

Յերեկոյին՝ զկարգ Ոտնլուային ըստ Տօնացուցի։

Ի գիշերին հսկումն է։

, , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ