Աստվածաշունչը և աղանդները

«Այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, ովքեր, սպրդեցնելով, կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու» (Բ Պետ. Բ 1)։

Մենք նույնպես ամենից առաջ սկսում ենք բոլոր բարիքների գլխից՝ հավատքից, և այն լսողներիդ ենք ներկայացնում՝ ոչ թե նոր բան ավելացնելով, այլ առաքյալների, մարգարեների, սուրբ հայրերի հիմքի վրա համառոտ խոսքով կառուցելով, որպեսզի որևէ մեկը չշեղվի ճշմարտությունից՝ անուս տգետների խոսքերը լսելով, որոնք ոչ թե ուղղափառ Եկեղեցու համաձայն են, այլ Աստվածաշնչից դուրս բաներ են և դեպի կործանում են առաջնորդում լսողներին (ս. Ներսես Շնորհալի)։

Խմենք Աստծո խոսքի կաթը Սուրբ Գրքի ստինքներից… Եվ կրթենք մեր մտքի քիմքը Սուրբ Գրքի գիտությամբ, որպեսզի մեզ և մեր ընկերներին փրկենք հերձվածողների հրապուրանքներից… Սուրբ Գրքի գիտությամբ քննենք այլաղանդների բազմաթիվ ուսմունքները և տեսնենք, թե նրանց դավանած ուսմունքը ընդհանրական առաքելական Եկեղեցո՞ւնն է… Իսկ մենք միմիայն սուրբգրային վարդապետությամբ այս ամենը պահենք, այլև Աստծուն աղոթենք (Սարգիս Շնորհալի)։

Մենք, երբ հերձվածողների դեմ ենք մարտնչում, այստեղից (Սուրբ Գրքից) ենք սպառազինվում։ [Պողոս առաքյալը] ասում է. «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության…»։ Պետք է ստուգությամբ քննել ամեն ինչ, քանզի Աստվածաշունչ Գրքերի խոսքերը հոգևոր զենքեր են… Չգիտե՞ք, որ Գրքերը միայն առաջին մարդկանց համար չգրվեցին, այլև մեզ համար։ Չե՞ք լսել Պողոսի խոսքը. «Բայց որպես խրատ գրվեց մեզ համար, մեզ, որոնց համար հասել է հավիտյանների վախճանը» (Ա Կորնթ. Ժ 11), կամ` «որպեսզի համբերությամբ և Գրքերի պարգևած մխիթարությամբ հույսը ընդունենք» (Հռոմ. ԺԵ 4)։

Այսուհետև փութանք ստուգությամբ քննելու Գրքերը, քանզի չենք կարող մեր փրկությանը հասնել, եթե հարաժամ չզբաղվենք Գրքերի [ընթեցանությամբ], ուղիղ ավանդությամբ և ստույգ վարքով (ս. Հովհաննես Ոսկեբերան)։

Պետք է և պատշաճ է, որ ամենաաննշան բանն իսկ առանց սուրբգրային վկայության չլինի։ … Արդ, ինձ էլ՝ այս ասողիս, հենց այնպես մի՛ հավատա, եթե այդ բանը Սուրբ Գրքից ցույց չտամ, որովհետև մեր այս հավատի վկայությունը ոչ թե բանիմացությունից է, այլ Սուրբ Գրքի հանդիմանությունից (ս. Կյուրեղ Երուսաղեմացի)։

[Պետք է] քննել, խորհել և կատարել այն, ինչ աստվածահաճո է՝ Սուրբ Գրքի ճշմարիտ վկայությամբ և չզբաղվել բազմախույզ խնդիրներով, որոնք հեռացնում են սուրբ հավատից (ս. Գրիգոր Լուսավորիչ)։

Եթե նախկինում աղանդների գաղափարական առանցքը կազմում էր սուրբգրային այս կամ այն գաղափարի թյուր մեկնությունը՝ հակառակ Եկեղեցու ուղղափառ դավանանքի և ավանդության, ապա այսօր աղանդները որդեգրել են նոր՝ չլսված հանդուգն գործելակերպ։ Ի տարբերություն մեր սահակ-մեսրոպյան և առհասարակ բոլոր հին ավանդական թարգմանությունների՝ բնագրի լեզվին և ոգուն հարազատ մնալու հիմնարար սկզբունքի, նրանք խմբագրում են Աստվածաշունչն ըստ իրենց դավանանքի՝ անճանաչելիորեն աղավաղելով Սուրբ Գրքի խորագրերն ու սրբազան բնագրերը։ Այսպես, Եհովայի վկաների Սուրբ Գրքի՝ «Նոր աշխարհ» թարգմանությունը Հին և Նոր Կտակարանների փոխարեն գործածել է համապատասխանաբար «եբրայական գրություններ» և «քրիստոնեական հունական գրություններ»։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու Աստվածությունը փաստող վկայությունները կամայականորեն նենգափոխվել են, անհետացել են դժոխք և դրախտ հասկացությունները. մահվանից հետո, ըստ նրանց, հոգին մեռնում է, և այլն։ Ս. Մայիլյանն իր «Ժամանակակից աղանդները Հայաստանում» գրքում այս թարգմանության առնչությամբ գրում է. «Ըստ էության՝ Ս. Գիրք չէ և կապ չունի Սուրբ Գրքի հետ այն առումով, ինչպես ընկալում են այդ քրիստոնյաները։ ՆԱ թարգմանությունը ոչ թե Աստծո խոսքն է մարդկությանը, այլ Կառավարության Ղեկավար մարմնի հրահանգները մարդկությանը» (1

Առհասարակ պետք է խստագույնս զգուշանալ աղանդների և մասնավոր հրատարակչությունների (Գեդեոն, Կենաց խոսք, Կենաց ջուր, Կենդանի հոսք և այլն) բոլոր հրատարակություններից և կարդալ միայն Մայր Եկեղեցու հրատարակած Աստվածաշունչ Մատյանը, լինի այն գրաբար, թե աշխարհաբար, իսկ ռուսերեն՝ միայն Պրավոսլավ Եկեղեցու սինոդական հրատարակությունները։

Նշենք նաև, որ Աստվածաշնչյան ընկերության հրատարակած Ս. Գրքի ցանկում բացակայում են իննը երկրորդականոն գրքերը:

———————————————————————-

(1) Ս. Մայիլյան, Ժամանակակից աղանդները Հայաստանում, Ս. Էջմիածին, 2000, էջ 215:

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ