Աստվածահայտնություն

ԽՈՐՀՈՒՐԴ՝ ՄԵԾ ՈՒ ՍՔԱՆՉԵԼԻ

«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է»։

Ավետարան ըստ Ղուկասի, 2, 10-11

Արևելք։ Տարբեր կրոնների, վարդապետությունների, ծեսերի մարդկային բարոյա-հոգեբանական մի աշխարհ, ուր ճշմարիտ լույսի շողերը բոցկլտում, կայծկլտում ու մարում էին խավարի անթափանց երակներում, ուր կարեկցանքն ու գութը, ապառաժներում ծվարած անթև հավքի պես, անտեր ու անզոր էին, ուր կարոտյալներին ուղղված սիրո արտահայտությունը բաքոսների՝ գինու դատարկված անոթներից բուրող տտմահոտ էր սոսկ և ուրիշ ոչինչ։

Արուսյակից խաբված ու արուսյակով հմայված մարդը մոռացել էր իր արարչատես պատկերի մասին ու մթան տուտն առած՝ աներկյուղ գնում էր խավարամած, խավարածին ճանապարհներով՝ կորցրած ճշմարիտ Աստծո պարգևած շնորհները, Նրա մեծ ու անպարփակ սերը։

Մինչ քրիստոնեական աշխարհի կրոնական, բարոյական ու իմացական նկարագիրը նման էր օվկիանոսում անղեկ նավի անհեռանկար ու վտանգավոր ընթացքին։ Սեփական կամքին ապավինած մարդկության մի մասը տակառի ջրում արտացոլված իր պատկերով էր հրճվում, իսկ մյուսը՝ հոգևոր անդունդի խորշերում փրկության ելքեր որոնում, որոնում Նրան, Ով պիտի գար ու մի օր ջախջախեր օձի գլուխը։ Եվ թեպետ մեղավոր մարդը հեռացել էր իր Արարչից, ընկել մոռացության նիրհի մեջ, սակայն ամենագութ ու ամենատես Անճառելին չէր լքել Իր բանական հոտին և նրան փրկելու Իր ծրագիրն ուներ՝ Խորհուրդ՝ մեծ ու սքանչելի, և սպասում էր այն իրականացնելու ժամանակին, սպասում էր մարդու՝ իր փրկությանը ինքնակամ պատրաստ լինելու ժամանակին և այն գիտակցությանը, որ Աստծո բացակայությամբ ապրելը ոչ թե կյանք է, այլ՝ մահ, մահ՝ հոգևոր ու հավիտենական։ Մեղքի պատճառով դրախտից արտաքսված մարդը ճաշակեց չարի ու բարու, գիտության ծառի պտղից, սակայն ոչ՝ կենաց ծառի և զրկվեց հավիտենական կյանքից։

Հազարամյակներ շարունակ Սուրբ Հոգին ընտրյալների միջոցով մարդկությանն ակնարկում էր Աստծո սպասվելիք ծրագրի, այն է՝ մարդեղացած Որդու հայտնության, Նրա ծննդյան, երկրի վրա ապրած կյանքի, ուսմունքի, հրաշքների, չարչարանքների, մահվան մասին (Միք. Ե 2, Եսայի ԺԱ 1, Թ 1-2, Զ 9-10, ԼԵ 5-6, Սաղմ. ՀԱ 10-15, Երեմ. ԼԱ 15, 0սեե ԺԱ 1, Մաղաք. Գ 1…)։

«… Տերն Ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և Նրա անունը պետք է լինի Էմմանուել» (Եսայի, Է 14), որ նշանակում է թե՝ «Աստված մեզ հետ է»։

Եվ ահա հասավ ժամանակը։ Երկնքում անսովոր պայծառությամբ փայլատակող աստղը մարդուն ազդարարեց բեթղեհեմյան մսուրի մեջ ծնված Մանկան՝ Աստծո Որդու մասին։ Հիրավի՝ մեծ ու սքանչելի Խորհուրդ, դեռևս երբևէ չտեսնված զարմանահրաշ երևույթ։

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց» (Հովհ. Գ 16) նրան։ Տիեզերքի արարիչը աստվածային Իր բարձունքից իջավ աշխարհ, ընդունեց Իր իսկ ստեղծած արարածի կերպարը, մարդեղացավ, կրեց երկրային կյանքում մարդուն բնորոշ հույզն ու ապրումը, դարձավ աղքատ ու կարոտյալ, հեզ ու խոնարհ, ճաշակեց ցավ ու դառնություն, տարավ նվաստացում ու չարչարանքներ, խաչ ելավ, որպեսզի Իր կյանքով, Իր խաչի ճանապարհով փրկի մարդուն հավիտենական մահից։

Ինքը՝ ճշմարտությունն ու ճանապարհը, Ինքը՝ Աստված, մարդեղացած աշխարհ եկավ, որպեսզի ընկած մարդուն բարձրացնի, առաջնորդի խավարից դեպի լույս զվարթը և աստվածացնի, անհույս դեգերումներից՝ դեպի առագաստն ապահով, մահից դեպի փառավոր հավիտենություն։

Ահա թե ինչու համայն քրիստոնյա աշխարհի համար Տիրոջ ծննդյան օրանշումը անձնական ու անանձնական բոլոր տոների տոնն է՝ Արքայատոնը։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, առաքելական ժամանակներից ի վեր, ամեն տարի հունվարի 6-ին խորհրդապաշտական ու սքանչելի արարողակարգով, ներքին խինդով ու ցնծությամբ կատարում է անսկիզբ ու անվախճան Աստծո՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։

Դարեր շարունակ հունվարի 5-ի երեկոյան մատուցվող Սուրբ Ծննդյան ճրագալույցի Պատարագը մեզ մտովի, հոգու ու հավատի աչքերով, սուրբ Էջմիածին Բեթղեհեմից տեղափոխում է հեռավոր այն օրերի Բեթղեհեմը, ուր գիշերապահ հովիվների հետ դառնում ենք ականատեսը Տիրոջ փառքի, նրանց հետ ունկնդրում մարդկության Բարի Հովվի ծնունդն ազդարարող հրեշտակի քաղցրալուր ավետիսն ու երկնային զորքի օրհներգությունը, վայելում երկնակամարում ճառագող պայծառ Աստղի շողարձակումն ու մոգերի՝ աշխարհակալ երկրային երեք թագավորների հետ մեր խոնարհումը բերում խանձարուրում փաթաթված Երկնային մեծ ու ահեղ Թագավորին, որի իշխանությունն անսկիզբ է ու անվախճան, որի կամքը հիմն է անվերապահ արդարության ու ճշմարտության։

Եվ վերջապես՝ մոգերի հետ, կենդանի Աստծուն մեր մեջ առած, առհավետ փոխում մեր կյանքի ուղին։

Իսկ հունվարի 6-ին մատուցվող Ծննդյան Պատարագին առնում ենք ավետումը Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ոչ միայն Ծննդյան, այլև Նրա Մկրտության, մեր մեջ Նրա՝ որպես Աստված հայտնության, ճաշակում Տիրոջ մարմինն ու արյունը և դառնում Նրա հավիտենական կյանքի մի մասնիկը։

Խորհուրդ՝ մեծ ու սքանչելի, սուրբ ու սրբազան պահ.

– Քրիստոս ծնաւ ու յայտնեցաւ.

Եվ սուրբ ու սրբությամբ հնչող արձագանք.

– Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի։

 

ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ

Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է։ Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են լույս սփռել այս հրաշալի իրադարձության վրա:

Այսպես, երբ Գաբրիել հրեշտակապետը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին, Մարիամը հարցրեց. «Այդ ինչպե՞ս կարող է պատահել»: Քանի որ Աստված ընտրել էր ամենախոնարհ, ամենահեզ, ամենաառաքինի, Աստծուն ամենահավատարիմ կնոջը, ապա հարցն այս բխում էր ոչ թե նրա թերահավատությունից, այլ ճշմարտությունն իմանալու ցանկությունից: Ուստի, երբ հրեշտակի պատասխանը լսեց, հնչեց նրա միանգամայն տրամաբանական հնազանդությունը. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը»: Այսօր, ցավոք, բազում մարդիկ այդ հարցը տալիս են առաջին հերթին թերահավատությամբ և երբեմն էլ ծաղրանքով. իբրև թե՝ ինչպե՞ս կարող է կույսը որդի ունենալ: Սակայն Աստված մարդկանց միշտ նախապատրաստում է նման մեծ իրադարձությունների և հրաշքների համար, որպեսզի, երբ դրանք տեղի ունենան, մարդիկ չընկնեն գայթակղության մեջ: Շատ դեպքեր, որոնք կատարվել են Հին Կտակարանում, նախօրինակն ու ստվերն էին այն մեծ իրադարձությունների, որոնք կատարվելու էին Նոր Կտակարանում: Աշխարհի արարման ժամանակ երկիրը բույսեր աճեցրեց և պտղաբերեց առանց սերմի և առանց աշխատանքի՝ միայն Աստծո խոսքով: Ճիշտ նույն կերպ էլ այս դեպքում. առանց մարդկային սերմի, միայն Աստծո զորությամբ կույսը հղիացավ և որդի ծնեց:

Քրիստոս ծնվեց Բեթղեհեմում: Ավետարանում այս մասին գրված է, թե, երբ Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ հասան, Մարիամի ծննդաբերելու օրերը լրացան, և նա քարայրում ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց ու դրեց մսուրի մեջ: Այն փաստից, որ ծննդաբերության ժամանակ որևէ կողմնակի անձի ներկայություն չի հիշատակվում, և նշվում է, որ Աստվածամայրն ինքը Մանկանը խանձարուրի մեջ փաթաթեց, Եկեղեցու հայրերը հետևյալ եզրակացությունն են արել. Աստվածամայրը միայնակ՝ առանց կողմնակի օգնության ծնեց իր Որդուն, քանզի այդ ծննդաբերությունը Սուրբ Կույսի համար չէր ուղեկցվում ծննդաբերող կանանց հատուկ ցավերով:

Որոշ Եկեցիներում Քրիստոսի Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Այս տարբեր ամսաթվերի գոյության պատճառը հետևյալն է: Նախկինում Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց՝ Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ ուխտի էին գնում Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարել` նույն օրում երկու վայրերն էլ այցելել չկարողանալով: Այդ պատճառով երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին, իսկ Հայաստանի քրիստոնյաներն ինչպես սովորել էին Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին: Ուրախալի է, որ մեր ժողովուրդն այսօր ևս հավատարիմ է իր ճշմարիտ ավանդությանը. առաքյալների ու հայրերի կարգածի համաձայն՝ Փրկչի Ծնունդը տոնում է ճիշտ օրը` հունվարի 6-ին։

Քրիստոսի Սուրբ Ծննդյան առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս՝ ասելով. «Քրիստոս ծնաւ և հայտնեցաւ», որի պատասխանն է` «Օրհնեալ է Ծնունդը Քրիստոսի»:

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ