Աստծո խոսքի՝ մեզ վրա թույլ ներգործելու պատճառների մասին

«Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խոսքն է: Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են և ապա սատանան գալիս և տանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն: Եվ որոնք որ ապառաժի վրա են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձությման ժամանակ` հեռանում, իսկ այն, որ փշերի մեջ ընկավ, այդ նրանք են, որ, երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով` խեղդվում և անպտուղ են լինում: Իսկ այն, որ պարարտ հողի վրա է, նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը` ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս» (Ղուկ. Ը 11-15)։

Ինչո՞ւ է այսօր Աստծո խոսքը թույլ ներգործում մեզ վրա։ Ինչո՞ւ հնում քրիստոնյաներն ավելի զգայուն էին նրա նկատմամբ։ Առաջին խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որ Աստծո խոսքն աճի և հասունանա մարդու սրտում, ծուլությունն ու անփութությունն են։ Հիսուս Քրիստոս Իր սերմնացանի հռչակավոր առակում այս մասին ասում է. «Սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզերքին»։ Ճանապարհը խոհրդանշում է ծույլ ու անբան մարդու սիրտը (ըստ Հովհ. Ոսկեբերանի մեկնության)։ Ինչպես ճանապարհին թափված սերմն է անցորդների ոտքի կոխան դառնում, այդպես էլ ծույլ ունկնդիրը ուշադրություն չի դարձնում Աստծո խոսքին։ Նրա համար դատարկ և ունայն պատմություններն ավելի ախորժելի են, քան իրեն քրիստոնեական կյանքի մեջ հաստատող խրատները։ Ահա նման անփութության մի օրինակ։

Մի հույն վարժապետ չէր կարողանում հասնել այն բանին, որ ժողովուրդն իրեն ունկնդրեր, երբ խոսում էր պետական կարևորագույն գործերի մասին։ Այդժամ նա սկսում է պատմել մի մտացածին պատմություն այն մասին, թե ինչպես մի պատանի ամռանը մի մարդու ավանակ է վարձում, որ մի քաղաքից մյուսը գնա։ Երբ կեսօրին արևն սկսում է կիզել, երկուսն էլ ցանկանում են շոգից պատսպարվել ավանակի ստվերի ներքո, սակայն վիճելով՝ սկսում են հրմշտել իրար ստվերի համար։ Պատանին ասում է, որ ինքն է վարձել ավանակին, ուստի նրա ստվերը ևս իրեն է պատկանում, իսկ տերը, թե՝ վարձով է տվել առանց ստվերի։ Պատմելով այսքանը՝ վարժապետը թողնում է իր տեղը, որ հեռանա, սակայն ժողովուրդը ետ է պահում նրան՝ պահանջելով, որ ավարտի պատմությունը և ասի, թե ինչպես լուծվեց վեճը։ Այդժամ վարժապետը ծիծաղում է և ասում. «Ի՜նչ մարդիկ եք դուք։ Ավանակի ստվերի մասին լսել ուզում եք, իսկ հայրենիքի փրկության մասին՝ ոչ»։

Այդպիսին են որոշ քրիստոնյաներ. երբ նայում են, լսում կամ կարդում ունայն բաներ, բնավ չեն ձանձրանում, թեկուզ այն տևի մի ամբողջ օր։ Իսկ Աստծո խոսքը կարդալու կամ լսելու ժամանակ չունեն։

Մյուս խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որ Աստծո խոսքն արմատավորվի մարդկանց սրտերում և պտղաբերի, խստասրտությունն է։ Հիսուս Քրիստոս խստասիրտ մարդկանց նմանեցնում է քարերի. «Եվ ուրիշ մի մասն ընկավ ապառաժի վրա. երբ բուսեց, չորացավ խոնավություն չլինելու պատճառով»։ Ինչպե՞ս է մարդը դառնում քարի նման։ Մեղքի մեջ հարատևելով։ Իմաստունն ասում է. «Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը» (Առակ, ԺԸ 3), այսինքն՝ երբ մարդը վարժվում է անօրեն գործերին, չի լսում ո՛չ խղճի խայթոցները, ո՛չ էլ քարոզիչների հանդիմանությունները։

Երրորդ խոչընդոտը կենցաղային հոգսերն ու հաճույքներն են։ Փրկիչը այս ամենը արտահայտեց «փշեր» բառով. «Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին»։ Քիչ չի պատահում, երբ մարդիկ խանդաղատանքով, երբեմն էլ արցունքով են իրենց մեջ ընդունում Աստծո խոսքը, թվում է՝ ուզում են մաքրագործվել մեղքերից ու ճշմարիտ ուղի գտնել։ Հետագայում, սակայն, չցանկանալով զրկվել որևէ ժամանակավոր բարիքից կամ էլ ցանկանալով առավել բազմապատկել հարստությունը՝ իրենց հոգևոր տկարության պատճառով մնում են այնպիսին, ինչպիսին եղել են։ Ուստի Տերն ասում է. «Չե՛ք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթ. Զ 24)։ Մանավանդ մարմնական կրքերն ու արծաթասիրությունը թույլ չեն տալիս, որ Աստծո խոսքը պտղաբերի մարդու սրտում։ Սրանք են փրկարար սերմերի՝ Աստծո խոսքի ընդունման և հոգում պահելու հիմնական խոչընդոտները (1

(1) Как читать Библию? М. 1996, стр. 12-14.

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ