Արտաքսման կիրակի

Բ. Արտաքսման կիրակի

[Ծննդ. Գ]

ԴՐԱԽՏԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Մեղքը` բոլոր չարիքների պատճառ և մեր ապերջանկության արմատ

«Ճաշակմամբ պտղոյն ճաշակեցին զդառնութիւն մեղաց և մահու»

(Շարական)

Մեծ պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստանում է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից, այսինքն` մեզ հիշեցնում է մարդու` դրախտից արտաքսվելը: Օրվա շարականն այդ դժբախտ դրվագի պաղատախառը եղերերգությունն է:

Որ զօրէնս սրբութեան պահոց
Նախ ի դրախտին աւանդեցեր,
Զոր ոչ պահելով նախաստեղծիցն`
Ճաշակմամբ պտղոյն ճաշակեցին
Զդառնութիւն մեղաց և մահու:
Վասն որոյ շնորհեա՛ մեզ, Տէր, ճաշակել
Զքաղցրութիւն Քոց պատուիրանաց:
Որ զանազան վիրօք մեղաց
Հարաք յոգիս ի թշնամւոյն
Եւ ի բազմապատիկ հիւանդութեանս
Կարօտացաք Մարդասիրիդ
Բառնալոյ զցաւս մեր:
Վասն որոյ բժշկեա՛ զմեզ, Քրիստո՛ս, Որպէս մարդասէր:
Թարգմանություն.
Դու, ով Տեր, նախ դրախտում հաստատեցիր
Պահքի սուրբ օրենքը,
Որը մեր նախածնողները չպահեցին
Եվ արգելված պտուղն ուտելով`
Ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը:
Ուստի շնորհի՛ր մեզ, Տեր, որ ճաշակենք
Քո պատվիրանների քաղցրությունը:
Թշնամին զանազան մեղքի վերքեր
Բացեց մեր հոգիների մեջ.
Բազմաթիվ հիվանդությունների մեջ ընկանք.
Եվ կարոտ մնացինք Մարդասերիդ,
Որ մեր ցավերը վերցնես:
Ուստի բժշկի՛ր մեզ, Քրիստո՛ս,
Իբրև մարդասեր:

Գալով շարականի ակնարկած աստվածաշնչյան դեպքին, հակառակ այն իրողության, որ գրեթե ամեն ոք ծանոթ պիտի լինի այդ հեքիաթանման պատմությանը, մենք ավելորդ չպիտի նկատենք հատկապես Մեծ պահքի այս օրերին մեկ անգամ ևս այն կարդալ` աստվածաշնչյան բնագրի պարզության մեջ: Արարիչն Աստված երբ Իր ստեղծած մարդուն դրեց դրախտում, նրան հետևյալ պատվերը տվեց. «Դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից կուտես, բայց բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անկասկած կմեռնես…» Եվ օձն Աստծո ստեղծած կենդանիներից ամենախորամանկն էր: Օձը մոտեցավ կնոջը և ասաց.

– Իրա՞վ է, որ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չպետք է ուտեք:

– Դրախտի բոլոր ծառերի պտուղներից կարող ենք ուտել,- պատասխանեց կինը,- բայց Աստված ասաց, որ դրախտի մեջտեղում գտնվող ծառի պտուղից չուտենք և նրան չմոտենանք, որպեսզի չմեռնենք:

– Վստահ եղեք, որ չեք մեռնի,- ասաց օձը կնոջը,- Աստված այդ պատվերը ձեզ տվեց, որովհետև գիտեր, որ այն օրը, երբ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք` ճանաչելով բարին ու չարը:

Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղն ախորժաբեր ու աչքին շատ հաճելի է և ցանկալի` մարդուն իմաստուն դարձնելու համար, առավ նրա պտուղից և կերավ, տվեց նաև իր ամուսնուն, և նա էլ կերավ: Այն ժամանակ երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են: Ուստի թզենու տերևները միմյանց կապեցին և իրենց համար ծածկույթ սարքեցին:

Եվ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ երեկոյան դեմ դրախտում քայլում էր, և Ադամն ու Եվան Աստծո ներկայությունից պահվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված Ադամին կանչեց.

– Ո՞ւր ես:

Եվ նա ասաց.

– Քո ձայնը դրախտում լսեցի և վախեցա, քանզի մերկ էի և ծածկվեցի:

– Ո՞վ ասաց քեզ, որ մերկ ես,- հարցրեց Աստված:

– Արդյոք այն ծառի՞ց կերար, որից պատվիրեցի, որ չուտես:

– Կինը, ում ինձ տվեցիր, կերավ այդ պտուղից,- ասաց Ադամը:

– Այս ի՞նչ արեցիր,- կնոջն ասաց Աստված:

– Օձն ինձ խաբեց, և կերա,- ասաց կինը:

Եվ Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Նրանց համար նախապես բնական սովորույթները` սողալ, ծնել, աշխատել, հանկարծ վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար Աստծո և մարդու միջև և ապա` բնության ու մարդու միջև: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը` գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան: Բնության ամենից հրաշալի երևույթը, այսինքն` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և ամենից հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի: Եվ բոլոր այս դժբախտություններն իրենց լրումին հասան, երբ «Տեր Աստված եդեմական դրախտից դուրս հանեց ու արտաքսեց մարդուն` մշակելու հողը, որից նա ստեղծված էր…» (Ծննդ. Բ 16-24):

Ադամ-Եվայի պատմությունը յուրաքանչյուրիս պատմությունն է, դժբախտաբար, հավերժորեն կրկնվող և մշտնջենապես ներկա: Մարդկանցից ո՞վ չի ունեցել իր փորձության ժամերը` ճիշտ Ադամի և Եվայի նման: Ո՞վ չի հրապուրվել «արգելված պտուղի» տեսքով, ո՞վ իր նմանների կամ իր ներաշխարհի ձայնը չի լսել. «Մի վախեցիր, կեր, կհասունանաս, կիմաստնանաս, աչքերդ կբացվեն, կմեծանաս, փորձառություն ձեռք կբերես» և տակավին սրանց նման հազար ու մի փսփսուքներ: Ո՞վ իր ձեռքն «արգելված պտուղին» չի երկարել, և, վերջապես, ո՞վ այն նաև ուրիշներին չի տվել… Ո՞ր մեղքն իր կամավոր կամ ակամա մեղսակիցները չի ունեցել:

Եվ այս բոլորից հետո ո՞վ արդարև չի զգացել իր «աչքերի բացվելը» և թե «մերկացած է» իր անմեղությունից, որն ունենալուն անդրադարձել է միայն այն ժամանակ, երբ արդեն կորցրել է այն: Եվ ինքն իրեն «մերկացած» զգալուց հետո ո՞վ չի խուսափել շրջապատի աչքերից, ծնողներից, անկեղծ ու հարազատ բարեկամներից` հակառակ նրա, որ նման զգացումներ չուներ իր մեղսակից «բարեկամների» առաջ: Ո՞վ չի հեռացել իր կրոնից, իր եկեղեցուց, որոնց մեջ մարդն զգում է Աստծո ներկայությունը: Ո՞վ չի թաքնվել սև ակնոցների կամ զանազան դիմակների ետևում: Ո՞վ չի պնդացրել իր երեսը կամ չի խուսափել դիմացինի աչքերի մեջ նայելուց` վախենալով, որ միգուցե կարդացվի իր աչքերի մեջ գրված պատմությունը:

Վերջապես, ո՞վ չի զգացել կամ ուրիշի դեմքին չի կարդացել իր կամ նրա` «դրախտից արտաքսված» լինելը… Սրանք այլևս Աստվածաշնչի էջերից վերցված պատմություններ չեն` մարդու նախածնողների մասին, գրված երեք հազար տարիներ առաջ: Սրանք այժմեական և ամենօրյա երևույթներ են, որոնց դերակատարներն ամեն օր և ամենուրեք ապրող, շրջող ու շնչող մարդիկ են. ե՛ս եմ, դո՛ւ ես, նա՛ է, ամենքս ենք: Ամենքս էլ Շնորհալու հետ կարող ենք առանց ստելու ասել. «Գող եղէ մեղաց, գտող կորստեան, գուբ ինձ փորեցի»(9): Կամ հաստատել սաղմոսի խոսքը. «Ամենեքեան խոտորեցան ի միասին և անպիտանացան…» (Սաղմոս ԾԲ 4):

Ցանկանո՞ւմ եք, որ շարունակենք նախամարդու և մեր պատմությունների մյուս նմանությունները: Քանի՞ հոգի ենք տեսել, մենք էլ նրանց մեջ, որ կարող են քաջություն ունենալ իրենց անկումի մեջ պատասխանատվության իրենց բաժինը տեսնելու. չէ՞ որ մարդու սովորությունն է իր վրիպումներին իբրև պատասխանատու միշտ ուրիշին մատնանշելը, այս խոսքերն ամենքս էլ չե՞նք ասել. «Սատանան ինձ խաբեց, կանայք անկումիս պատճառը եղան կամ` տղամարդիկ ինձ այս վատ ճանապարհով առաջնորդեցին» և նման հազարումի պատճառներ` ինքներս մեզ արդարացնելու համար:

Ուրեմն, Ադամի պատմությունը բառի թուրքերեն իմաստով, արդարև, «ադամի»(11) պատմությունն է, յուրաքանչյուր ադամորդու պատմությունը, բոլորիս ողբերգությունը: «Դրախտում» սկսված պատմությունը նրանից դուրս բոլոր ժամանակներում շարունակվել է, շարունակվում է մեր ժամանակներում, պետք է կրկնվի մինչև այն օրը, երբ վերջին մարդը դառնա հող, որից վերցվել էր:

Ի՞ՆՉ Է ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՈՒՂԸ

Եթե դրախտից արտաքսման պատմության մեջ Ադամն ու Եվան ներկայացնում են ընդհանրապես մարդուն, ի՞նչ են խորհրդանշում մյուսները` արգելված պտուղը և օձը:

Պետք է իմանալ կամ վերհիշել, որ դրախտում, բացի տարբեր տեսակի սովորական ծառերից, կան գերբնական հատկություն ունեցող երկու ծառեր, որոնք են «կյանքի ծառը» «բարու ու չարի գիտության ծառը» (Ծննդ. Բ(2) 9): Նախածնողներն արտոնված էին ուտելու ինչպես բոլոր ծառերից, նաև` «կյանքի ծառից»: Արգելվածը բարու ու չարի գիտության ծառի պտուղից ուտելն էր: Այս ծառերը խորհրդանշում են Աստծո պատվիրանները, որոնք հավաքաբար կազմում են երկու խումբ. դրական պատվիրաններ և ժխտական պատվիրաններ (12): Դրական պատվերներ են, օրինակ, «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով», «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. ԻԲ 37, 39, Ղուկ. Ժ 27, Մատթ. ԺԲ 30-31): Եվ տակավին բազմաթիվ ուրիշներ, որոնք մեզ ասում են` բարի՛ եղիր, արի՛ եղիր, գթա՛ծ ու ողորմա՛ծ եղիր, սիրի՛ր խաղաղությունը և տարածի՛ր, «Արա ուրիշներին այն, ինչ ուզում ես, որ քեզ անեն» (Հմմտ. Մատթ. Է 12) և այլն, և այլն: Այս տեսակ պատվերն եր պահելն արդարև «կյանքի ծառից ուտել» է նշանակում, այսինքն` տիրանալ անմահությանը, հավերժական կյանքին:

Այս պատվիրանները մեզ ներքնապես առողջ են պահում, մտքի և հոգու խաղաղությամբ օժտում, մինչև իսկ երկարացնում երկրի վրա մեր կյանքը. «Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ» (Ելք Ի 12),- ասում է մեկ ուրիշ դրական պատվեր:

Իսկ գերբնական բնություն ունեցող մյուս` «բարու ու չարի գիտության ծառը», խորհրդանշում է Աստծո ժխտական պատվիր անները, որոնք միշտ «մի՛» արգելական մասնիկն ունեն, օրինակ` «Մի՛ գողացիր», «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Սուտ մի՛ խոսիր», «Ինձնից բացի ուրիշ աստված մի՛ ունեցիր» (Ելք Ի., 3. 13-16), «Մի՛ արա ուրիշներին այն, ինչ չես ուզում, որ ուրիշները քեզ անեն» և այլն, և այլն: Սրանց պտուղից չպետք է ուտենք. եթե ուտենք, անկասկած բարոյապես կմեռնենք, երբեմն` նաև ֆիզիկապես: Արդարև բազմաթիվ օրենքներ կան, որոնք մարդասպանի համար մահ են վճռում: Շնացողը պետք է քարկոծվի (Բ. Օրենք, ԻԲ. 13-30, Ղևտ., Ի. 10-21), ասում է Հին Կտակարանի օրենքներից մեկը, կռապաշտին մի՛ ապրեցրեք (Ելք, ԻԲ. 20), հրահանգում է մեկ ուրիշ օրենք:

Արդ, «մեղք» ասվածն այս պատվերներին կամ օրենքներին դեմ գործելն է: Երբ Աստված մարդուն որևէ արարք արգելում է, դա անում է ոչ թե քմայքի համար, այլ որովհետև այդ արարքն, ի վերջո, վնասակար է մարդուն, դեմ է նրա բնությանը: Աստված, իբրև տիեզերքի ճարտարապետ և կյանքի ստեղծող, գիտի, թե ո՛ր արարքներն են մարդու համար վնասակար, ճիշտ հոր նման, ով գիտի, թե ինչն է վնասակար իր զավակի համար և ինչը` օգտակար, և ըստ այնմ ասում է` այս բանն արա և այն բանը մի արա: «Արգելված պտուղն», ուրեմն, այն բոլոր բաներն են, որոնք վնասակար են մարդկային բնությանը:

Իրերի այս լույսի տակ յուրաքանչյուր մեղք իր բնական պատիժը նախ իր մեջ է պարունակում. հաշիշամոլը, խաղամոլը, գինեմոլը, կնամոլը ի վերջո նյութապես և ֆիզիկապես անպատճառ պետք է պատժվեն, այսինքն` դրամը վատնելով և առողջությունը կորցնելով: Իսկ բարոյական կորուստն անկասկած է և ամբողջական, հաճախ` անդարմանելի ու հավիտենական…

Բացի այս, յուրաքանչյուր մեղանչական արարք արհամարհանք է Աստծո իմաստության հանդեպ, անհնազանդություն` Աստծո կամքին, առնվազն անտարբերություն` Աստծո սիրուն:

Երբ Աստված «ասում» է, Նրա «ասածն» այլևս տարակույսի տակ չէ: Այդ «ասվածը» բացարձակ և ամբողջական ճշմարտություն է: Եվ Աստծո «ասածը» տիեզերքի մեջ անմիջապես «լինում» է. «Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»: Եվ լույս եղավ» (Ծննդ., Ա. 3): Արդ, տիեզերական այս երևույթը պետք է կրկնվի նաև մարդկանց կյանքում, այն տարբերությամբ, որ այն պետք է լինի նաև մարդու համագործակցությամբ: Աստված երբեք Իր կամքը չի պարտադրում մարդուն, ում ազատ կամքով է ստեղծել. սա է մարդու և կենդանիների միջև հիմնական տարբերությունը: Աստծո կամքը տիեզերքի այլ մարզերում տիրական և վերջնական է, ներառյալ կենդանիները, իսկ երբ հերթը մարդուն է հասնում, Աստված պարզապես ասում է` «արա՛» կամ «մի՛ արա»: Նախաձեռնությունը մարդուն է թողնում: Աստծո «ասածի» հանդեպ անտարբեր գտնվել կամ (ինչը հոռեգույն է) գիտակցաբար անտեսել Նրա պատվերը, նշանակում է իրեն, իր խելքն ու կամքը գերադասել Աստծուն և Նրա իմաստությանը: Սա ամենաաններելի հավակնությունն է մարդու համար: Եվ սրա մեջ է պատժի խստության ու լրջության գաղտնիքը, պատժի, որը տրվեց նախածնողներին և տրվում ու տրվելու է բոլոր դարերի բոլոր անուղղելի մարդկանց, հատկապես հանդերձյալ կյանքում: Կարող է հարց ծագել, թե ինչպե՞ս իմանանք, որ այդ պատվերները մեզ Աստծուց են գալիս, ինչի՞ց իմանանք, որ մարդիկ իրենց մտածումները, իրենց կամքը և իրենց իմաստությունը չեն վերագրել Աստծուն: Մի պահ իրավունք տանք նման տարակույսի: Սակայն մի՞թե նաև մեր բարձրագույն կարողությունները, մեր բանականությունը և մեր խղճմտանքը չեն հաստատում այդ պատվերների ճշմարիտ լինելը: Բոլոր մարդիկս էլ համաձայն չե՞նք ասելու, որ իզուր տեղը մարդ սպանելը սխալ է: Մի պահ երևակայենք, որ ուրիշները մեզ կամ մեր հարազատներին այն անեն, ինչ մենք ենք ցանկանում անել ուրիշներին: Եթե գոհ մնացինք, ուրեմն ճիշտ է. շարունակենք այդ անել, իսկ եթե դժգոհ մնացինք, ուրեմն այդ արարքը սխալ էր: Բոլորս էլ համաձայն չե՞նք, որ ստախոսությունը, շնությունը, զրպարտությունն ու նմանները սխալ և ընկերության ու անհատի համար վնասակար են: Արդարացուցիչ պարագաներ մատնանշելը կնշանակի կամ սոփեստության բավիղները մտնել, որտեղից դուրս գալը գրեթե անհնար է և կամ` պաշտպանվող հանգամանքները չեն մտնում վերոհիշյալ բառերի սահմանները:

ՄԵՂՔԻ ՀԱՆԴԵՊ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԱԿՈՒՄ

Արդ, եթե մարդը գիտի զատորոշել չարը բարուց, սխալը ճշմարտությունից և համոզված է բարու` լավ ու չարի` վատ լինելու մեջ, ինչո՞ւ են չարիքներն այնքան համատարած և բարիքներն` այնքան սահմանափակ, ինչո՞ւ քաղաքակրթության զարգացման հետ չարիքները շատանում և բարիքները նվազում են: Յուրաքանչյուր «ինչու»-ին խելահաս լինելը մի ուրիշ հավակնություն է, որից պետք է աշխատենք հեռու մնալ: Սակայն այս հարցը մեզ առաջնորդում է դեպի մի գաղափար, որն աստվածաբանության մեջ ծանոթ է որպես «ադամական մեղք» բացատրությամբ, իսկ գիտության և ընկերաբանության (սոցիոլոգիա, թարգմ.) մեջ` «ժառանգականություն»:

Գիտականորեն հաստատված իրողություն է, որ մանկան ծնողները, մինչև իսկ մի քանի սերունդներ առաջվա նախածնողները ոչ միայն իրենց արյունն են փոխանցում զավակներին, այլ նաև առողջությունը կամ վատառողջությունը: Ժառանգական են որոշ հիվանդություններ, ինչպես նաև մասնավոր հակումներ ու հատկություններ, գեղարվեստի, առևտրի, արհեստների և այլ ձիրքեր ու տաղանդներ: Ժառանգական այս օրենքով փոխանցվում են նաև բարի կամ հոռի բարոյական հակումներ, առաքինություններ և մոլություններ: Արդ, քրիստոնեական աստվածաբանությունն ասում է, որ մարդու բարոյական հակումներն իրենց ակունքից իսկ պղտորված են:

Աստվածաշունչը բացեիբաց ասում է. «Մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է» (Ծննդ. Ը 21): Այսինքն` մարդկանց միտքը մանկությունից իսկ հաստատված է չարիք «խնամելու»: Սա ահավոր հավաստում է, բայց, դժբախտաբար, ճշմարիտ է նաև կյանքի փորձառությամբ: Ներշնչված մի ուրիշ հոգի ասում է. «Մայրս ինձ անօրենութեամբ հղացավ և մեղքով ծնեց» («մայր» բառն այստեղ ծնողների փոխարեն է, ովքեր միշտ երկուսն են): Հիսուսն իր ժամանակակից սերունդը կոչում է «չար և շնացող»: Սա կարելի է կրկնել գրեթե բոլոր սերունդների համար:

Ուրեմն մարդկության «ջուրն» իր ակունքից իսկ պղտորված է: Աստվածաշնչական և փորձառական այս իրողությունները փրկագործական իր վարդապետության հիմքը դարձրեց Պողոս առաքյալը, և որոնք ավելի մշակեցին ու իրենց լրումին կամ ծայրահեղության հասցրին օգոստինոսները և կալվինները: Պողոս առաքյալն ասում է. «Մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ` մահը» (Հռոմ. Ե 12): Նույն հատվածի շարունակության մեջ աստվածաբան առաքյալն ավելացնում է. «Մեկ մարդու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության մատնվեցին… մեկ մարդու անհնազանդությամբ շատ մեղավորներ եղան»:

Ուրեմն Աստվածաշունչը և մարդկային փորձառությունը համաձայն են, որ բոլոր մարդիկ այս կամ այն ձևով «չարիք խնամելու», չարիք նյութելու են հետամուտ: Չարիքի այս գաղափարը որտեղի՞ց աշխարհ մտավ, որտեղի՞ց սողոսկեց մարդու միտք և երևակայություն, երբ Աստծո ստեղծած բոլոր արարածները, ըստ Աստվածաշնչի հավաստման, «բարի» (Ա. Տիմոթեոս, Դ. 4) էին: Այս հարցումը այնքան բնականորեն ծագում է բոլոր դարերի սերունդների մտքում և, անշուշտ, ծագել է նաև Ծննդոց գրքի հեղինակի կամ հեղինակների մտքում, և նրանք մեզ ծանոթ պատասխանն են տվել` մատնանշելով «ՕՁԻՆ»:

Այս պատմությունները բանավոր փոխանցված և գրի առնված ժամանակ մարդկությունը դեռ մանուկ էր: Իսկ մանուկները բարոյական կամ վերացական ճշմարտությունն երը կարող են հասկանալ լոկ պատմություններով, հեքիաթներով, առակներով և օրինակներով: Բարձրագույն կրոնական ճշմարտությունները եթե մանուկ մարդկությանը հայտնվեին իրենց վերացական ձևով, ոչ միայն չպետք է հասկացվեին, այլև մոռացման պիտի դատապարտվեին` արմատավորված չլինելով մտքերում կամ սրտերում: Բայց երբ աստվածային նախախնամությամբ դրանք դրվեցին պատմության հետաքրքրաշարժ ափսեի մեջ, հրապույր հագան ու հասկանալի դարձան և դրոշմված մնացին հիշողություններում:

Չարը կամ չարիքը, որը կյանքում հաշվի առնվելիք շատ կարևոր իրականություն է, իր ծագման լուծումը պետք է գտներ մարդկային մտքում: Եվ մանուկ մարդկության համար այն իր լուծումը գտել է աստվածաշնչային ներշնչմամբ այս պատմությունն երի մեջ` այնքան պարզ, հասկանալի և թելադրական եղանակով, որքան չպետք է կարողանար տալ և ոչ մի իմաստասեր, ոչ մի աստվածաբան, ոչ մի գիտնական: Ծննդոց գրքի արվեստագետ ու ներշնչված հեղինակն այդ դժվար լուծումը գտել է օձի կերպարում:

Մարդը ոչինչ այնքան զզվանքով և սարսափով չի դիմավորում, որքան օձին. կարծես տարօրինակ ժխտական մագնիսականություն ունի այս կենդանին: Մարդկային այս խորշանքը կարելի է բացատրել նաև այն իրողությամբ, որ նախապատմական մարդը թերևս ոչ մի բանից այնքան չի նեղվել և տառապել, որքան օձերից ու բազմատեսակ այլ սողուններից, որոնք, հավանաբար, վխտացել են այդ դարերում, և որոնց հետ մարդը շարունակաբար պետք է պայքարեր թե՛ նրանցով բնակված քարայրներին տիրելու և թե՛ գրեթե ամեն քայլափոխի նրանցից պաշտպանվելու համար, երբ որևէ սողուն անակնկալ փաթաթվում էր ոտքերին: Եվ զգացած հանկարծական սարսափը մարդու մեջ այլևս վերածվել է նախնական բնազդի, որը շարունակվում է մինչ օրս:

Նախամարդու համար բնության մեջ օձից ավելի չար և օձից ավելի գարշելիորեն խորամանկ ոչինչ չկար: Խանգարում էր քարայրում նրա հանգստին և արգելք ու խոչընդոտ էր բնության մեջ նրա շրջագայությանը: Ուստի երբ աստվածային հայտնությունը անհրաժեշտ համարեց մարդկանց սովորեցնել, թե բնության մեջ գործող չար մի ուժ կա, որին հետո «սատանա» անունը պիտի տրվեր և որը մարդկանց ապերջանկության պատճառն ու աշխարհում տիրող չարիքի աղբյուրն է, նրան դրախտում օձի կերպարանքով մարմնավորված ներկայացրեց:

Աշխարհում վխտացող բոլոր չարիքների արմատը մարդու մեղանչական բնության մեջ է: Այն աղետները, որոնք առաջ են գալիս բնական երևույթներից` երկրաշարժից, հեղեղից, հրդեհից և այլն, մարդու գլխին եկած չարիքներից ամենափոքր տոկոսն են և չեն բաղդատվում պատերազմներից, հալածանքներից, հափշտակություններից, չարաշահություններից, անիրավություններից ու սրանց նման ընկերային բազմաթիվ արարքներից առաջ եկած չարիքների հետ, որոնք գործնականում կազմում են մեղք ասված վերացական իմացության ամբողջությունը:

Ուրեմն, Մեծ պահքի Բ. կիրակին նախածնողների ողբերգության միջից մեզ հիշեցնում է, թե մեղք ասվածը Աստծո կամքի և օրենքի անտեսումն է, որը մեզ բաժանում է մեր երջանկության աղբյուրից` մեր Արարչից:

Դրախտային այս դրվագը մեզ հիշեցնում է նաև, թե յուրաքանչյուր մեղք ի՛ր պատիժն ի՛ր մեջ ունի: Ինչպես յուրաքանչյուր վնասակար մանրէ իր մեջ իր թույնն ունի, որը կամ հիվանդացնում, կամ մեռցնում է մարմինը, այնպես էլ յուրաքանչյուր մեղք հոգին, այսինքն` մարդու մտածումների և ներքին ապրումների իմանալի աշխարհը, խանգարելու, այլասերելու, մեռցնելու կարողությունն իր մեջ ունի: Մարդիկ վնասակար մանրէների ավերիչ ազդեցությունը դարմանելու կամ նրանց գործունեությունը չեզոքացնելու համար դեղեր են հնարել: Նման կարելիություններ չկա՞ն, արդյոք, որոնցով նաև մեղքը չեզոքացվի կամ նրա ավերիչ արդյունքների առաջն առնվի: Աստծո նախախնամությունը մարդու համար այդ դարմաններն էլ է հայթայթել: Աստված նախամարդուն նախ հույսն էր տվել, որ մի օր նրա «զավակը» պիտի ջախջախի «օձի» գլուխը (Ծննդ., Գ. 15): Եվ աստվածային այդ խոստումն իրականացավ Աստծո Որդու մարմնացումով, Ով միաժամանակ «Մարդու Որդի» եղավ և հնարավորություն ստեղծեց, որ ադամորդին կարողանա իրեն ազատագրել մեղքի ճիրաններից` վերագտնելու համար իր կորուսյալ դրախտը: Սրա մասին մեզ հետ կխոսի Մեծ պահքի 3-րդ կիրակին:

Շարական Արտաքսման կիրակիի (Բ. պատկեր)

Որ դառնութեան պտղոյն ճաշակն,
Որով մեռաք արդարութեան,
Պահելով Քո քառասնօրեայ փոխեցեր
Ի քաղցրագոյն օրինաց քոց ճաշակումն:
Աղաչեմք` արբո՛ մեզ, Տէ՛ր, զուրախարար սիրոյ
Քո զբաժակն:
Որ անապական ծննդեամբդ Քո լուծեր
Զերկունս նախամօրն, Մարիա՛մ, Մա՛յր Աստուծոյ.
Բարեխօսեա առ Միածին Որդին լուծանել զկապանս մեղաց մերոց.
Եւ աղաչեա փրկել զանձինս մեր ի փորձութենէ:

 

Թարգմանություն.
Դառը պտուղի մեր ճաշակումը,
Որով կորցրինք արդարությունը,
Քո քառասնօրյա պահքով փոխեցիր
Քո օրենքի ավելի քաղցր ճաշակումին:
Խմեցրու մեզ, Տե՛ր, Քո սիրո ուրախարար բաժակը:
Մարիա՛մ, Մա՛յր Աստծո, որ անապական ծնունդովդ
Նախամոր երկունքը մեղմեցիր, բարեխոսի՛ր Միածին Որդուդ,
Որ քանդի մեր մեղքի կապանքները,
Եվ աղաչի՛ր, որ փրկի մեզ փորձությունից:
----------------------------------------------------------------
(9) Հայոց ժամագիրք, Գիշերային ժամ, երգ «Աշխարհ ամենայն»:
(11) «Ադամ» թուրքերեն նշանակում է մարդ: Ծագում է եբրայերեն «ադամ» բառից, որը երկու նշանակություն ունի` հող և մարդ:
(12) Դրական» և «ժխտական» եզրերին համարժեք գործածական են «հանձնառելի» և «հրաժարելի» ձևերը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Գալստյան կիրակի

Զ. Գալստյան կիրակի   ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ...

Դատավորի կիրակի

Ե. Դատավորի կիրակի [Ղուկաս, ԺԸ. 1-8] ԱՂՈԹՔ...

Տնտեսի կիրակի

Դ. Տնտեսի կիրակի [Ղուկաս, ԺԶ. 1-8]...