ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ
Քառասնօրյա Փրկչի՝ Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայ Եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ։
Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ժողովուրդն այն անվանում է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են:
Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելական սովորությանը, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո:
Տյառնընդառաջը Հայ Եկեղեցում հանդիսավորապես տոնվել է դեռևս վաղ շրջանում: Այս մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տյառնընդառաջ տոնին նվիրված շարականը:
ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ՀԻՍՈՒՍԻ ԳԱԼՈՒՍՏԸ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱՃԱՐ
Քառասնօրյա մանուկներին տաճար տանելը Հին Ուխտի սովորությունն էր՝ նորածնին Աստծուն ներկայացնելու նպատակով, որի ընթացքում կատարվում էր մանուկների՝ տաճարին ընծայման և մայրերի մաքրագործման օրինադրված կարգը:
Ըստ ավանդության, երբ Հովսեփն ու Մարիամը Հիսուս Մանուկի հետ մոտենում են Երուսաղեմի տաճարին, արդեն մութ էր, և Տիրոջ մոտենալու պահին տաճարի արևելյան դուռը՝ վաղուց ի վեր Աստծու խոսքով փակված, ինքնիրեն բացվեց, որով կատարվեց Եզեկիել մարգարեի խոսքը. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու…, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով» (Եզեկ. ԽԴ 1-3): Տաճարի դռները բացվելիս մեծ դղրդյուն եղավ քաղաքում, որից բնակիչները դուրս վազեցին իրենց տներից՝ տեսնելու տաճար եկողին, և քանի որ մութ էր, իրենց հետ վառվող ջահեր և ճրագներ վերցրին: Մենք էլ նույն օրինակով ենք կատարում «Քառասնօրյա Տիրոջ տաճար գալստյան» տոնի նախատոնակը՝ վառվող ջահերով և մոմերով:
Տյառնընդառաջի մասին Ավետարաններում հիշատակություն կա միայն Ղուկաս Ավետարանչի մոտ (Ղուկ. Բ 22-38):
Ըստ հրեական օրենքի՝ զավակ ծնող յուրաքանչյուր կին, անմաքուր համարվելով, պարտավոր էր ծննդյան քառասունքին տաճար գնալ և ողջակեզ անել մի տարեկան գառ՝ սրբվելու, ինչպես նաև երկու տատրակ կամ աղավնի՝ մեղքերի համար: Աղքատ ծնողները կարող էին զոհել երկու տատրակ կամ աղավնի. մեկը՝ ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի համար (Ղևտ. ԺԲ 2-8):
Ըստ եկեղեցական ավանդության՝ տատրակը ողջախոհ թռչուն է համարվում և խորհրդանշում է Քրիստոսին: Իսկ աղավնին հանդարտ ու խաղաղ է, որը խորհրդանիշն է Քրիստոսի անսահման հեզության: Աղավնին հոգ է տանում ոչ միայն իր, այլև օտարի ձագերի համար, ինչպես Հիսուսն է Իր ողորմությունն ու գութը ցուցաբերում ոչ միայն արդարների, այլև մեղավորների հանդեպ:
Ինչո՞ւ պետք է Աստվածածինը կատարեր այս պարտականությունը: Չէ՞ որ նա «անսերմ հղությամբ» և «կուսական ծննդյամբ» էր ծնել իր զավակին, հետևաբար Աստվածածնի համար այս օրենքը անիմաստ էր, քանզի նրանից ծնվածը՝ աշխարհի Փրկիչը, հղացվել էր Սուրբ Հոգու զորությամբ: Որովհետև՝ Հիսուս, չեկավ ջնջելու օրենքն ու մարգարեությունները, այլ կատարելու Ի՛ր իսկ սահմանած օրենքը՝ որպես խոնարհության ու հեզության օրինակ:
Այս վերջին պատճառաբանությամբ էլ Քրիստոս ենթարկվեց Անդրանկաց օրենքի գործադրմանը: Ըստ այդ օրենքի՝ եգիպտացիների անդրանիկներին հասցրած պատուհասի ժամանակ Աստված հրամայել էր հրեաների բոլոր անդրանիկ արուներին նվիրել Իրեն (Ելք ԼԴ 19-20) ՝ Աստծու տաճարի ծառայության համար: Իսկ երբ հրեաները անապատում Մովսեսի բացակայության ժամանակ պաշտամունքի համար ոսկե հորթ շինեցին, և երբ Ղևիի ցեղը, Աստծու համաձայնությամբ գործակից եղավ Մովսեսին՝ հորթապաշտներին պատժելու (Ելք ԼԲ 26), Աստված նրանց ընտրեց որպես Իր պաշտոնյաներ, և այսպիսով բոլոր անդրանիկ արուները ազատվեցին այդ պարտականությունից (Թվեր Գ 12): Բայց արու անդրանիկների վրա պարտականություն դրվեց իրենց համար փրկանք վճարել ղևտացիներին՝ ըստ յուրաքանչյուրի կարողության:
Վերոհիշյալ երկու օրենքների գործադրությունը սովորաբար կատարում էին միասին, քառասունքի օրը:
Ավետարանում օրինական այս գործողությունների մասին մանրամասնություններ չեն հիշատակվում: Բայց նշվում է երկու կարևոր դեպք՝ կապված Սիմեոն ծերունու և Աննայի մարգարեությունների հետ:
ՍԻՄԵՈՆ ԾԵՐՈՒՆՈՒ ՄԱՐԳԱՐԵԱՑՈՒՄԸ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ
«Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդը արդար ու աստվածավախ էր …, և Սուրբ Հոգին էր նրա մեջ: Եվ Սուրբ Հոգուց հրամայված էր իրեն մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին: Նա, Սուրբ Հոգով առաջնորդված, եկավ տաճար, և երբ ծնողները բերին Հիսուս Մանկանը՝ նրա վրա կատարելու ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը Նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն և ասաց. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր Քո ծառային՝ ըստ Քո խոսքի, որովհետև աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար»
(Ավետարան ըստ Ղուկասի, Բ. 25-32)։
Ըստ ավանդության՝ Սիմեոնը յոթանասուներկու թարգմանիչ դպիրներից էր, ովքեր Եգիպտոսի Պտղոմեոս Եղբայրասեր թագավորի հրամանով Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարեն թարգմանեցին: Թարգմանության ընթացքում նա հանդիպում է Եսայու մարգարեության՝ «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի» (Եսայի Է 14) նախադասությանը, տարակուսում է, որ հեթանոսները կարող է չհավատան, և ջնջում է այն: Այդ պահին Սիմեոնի ներսում երկմտանքի զգացում է առաջանում և վրան նիրհ է իջնում: Երբ արթնանում է, հրաշքի է ականատես լինում. ջնջված մասը նույն տեղում նորից գրված էր, այն էլ ոսկյա տառերով: Սիմեոնը երանի է տալիս նրանց, ովքեր պիտի տեսնեն Կուսածին Մանկանը և արժանանան Նրան գրկելու երջանկությանը: Սուրբ Հոգին, որ առաջնորդում էր թարգմանիչներին և կատարում Իրենից երկյուղածների խնդրանքը, ասում է Սիմեոնին. «Մահ չես տեսնի, մինչև տեսնես Տիրոջ Օծյալին»:
Սիմեոնը, տաճարում հանդիպելով Մանուկ Հիսուսին, մարգարեական հոգով տեսնում է, որ Նա է Մեսիան, ում ինքը երկար սպասում էր: Նա այս առթիվ մի գեղեցիկ օրհնություն է ուղղում Մարիամին. «Լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար …, ահա՛ սա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան հակառակության: Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»(Ղուկ. Բ 34-35): Հովհաննես ավետարանիչն ասում է. «Այն լույսն է ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ» (Հովհ. Ա 9):
Սիմեոնի մարգարեացումով ավետվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոստացված Փրկիչ լինելը:
ԱՆՆԱՅԻ ՄԱՐԳԱՐԵԱՑՈՒՄԸ
«Եվ այնտեղ կար մի մարգարեուհի՝ Աննա անունով …: Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղեմի փրկությանն էին սպասում»
(Ավետարան ըստ Ղուկասի, Բ. 36):
Ղուկաս ավետարանիչը գրում է, որ Սիմեոնի հետ տաճարում «կար մի մարգարեուհի՝ Աննա անունով, Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից», և որ այս նվիրյալը տաճարում «գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն»: Աննան ութսունչորսամյա մի այրի էր, որ ընդամենը յոթ տարի էր ամուսնական կյանքով ապրել, այնուհետև թողել էր աշխարհիկ կյանքը և ապրում էր խիստ ծոմապահությամբ ու աղոթքով: Աննան ևս նույն ժամին Սուրբ Հոգու առաջնորդությամբ գտնվում էր տաճարում, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում Մանկան մասին, որը Երուսաղեմի փրկությունն է:
Մարիամ Աստվածածինը մանկության տարիները անցկացրել էր տաճարի այրիների խնամքի տակ, եղել Աննայի սանուհին, և այս առթիվ մեծ խնդություն էր մարգարեուհու համար՝ տեսնել իր սանուհուն և նրա զավակին:
«Եվ երբ ամեն ինչ կատարեցին Տիրոջ օրենքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը՝ Նազարեթ: Եվ մանուկը աճում ու զորանում էր՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհները Նրա վրա էին» (Ղուկ. Բ 39-40):
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ ՏՈՆԻ ԾԻՍԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան և Առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի Տաճար գալուն:
Եկեղեցու ատյանում արտասովոր լուսավորություն է տիրում: Հավատացյալները մասնակցում են աղոթքին՝ ձեռքներին մեկական մոմ: Այդ լույսը՝ որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ, ժամերգության ավարտին տանում են և լուսավորում իրենց օջախները: Այս ամենը կազմում է լույսի մի յուրօրինակ տոնախմբություն, որը Սիմեոնի՝ Քրիստոսին տված «Լույս» անվանման խորհուրդն ունի:
Տյառնընդառաջի նախատոնակին Եկեղեցում կատարվում է Անդաստանի կարգը՝ արտերի և այգիների օրհնությունը, որը ձմռան ավարտի և գարնանամուտի մունետիկն է:
Խարույկ վառելը ծիսական որևէ իմաստ կամ նշանակություն չունի: Սիմեոն Երևանցի կաթողիկոսը «Տոնացույցում» նշում է. «Հրի շուրջը պտտվելը խոտելի է, որը տգետների կողմից է ներմուծված»:
Ժողովրդական սովորույթ է նաև Տյառնընդառաջի կապակցությամբ նորապսակներին այցելելը:
Նորապսակները այդ տոնական օրը գալիս են եկեղեցի և այնտեղից լույս են տանում իրենց տուն:
ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ՝ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԸՆԾԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ
Տյառնընդառաջի՝ մանուկներին իրենց ծննդից քառասուն օր հետո տաճար տանելու և Աստծուն նվիրելու սովորությունը մնաց նաև մեր Եկեղեցում: Հայ մայրերը իրենց քառասնօրյա մանուկներին բերում են Եկեղեցի, ուր քահանան, Մաշտոց ծիսամատյանից քառասնօրյա մանուկների կարգ կատարելով, երեխային ընծայում է Աստծուն և խնդրում, որ Աստծու ողորմության շնորհը հաստատուն լինի մանկան վրա, որպեսզի Աստծու ամենազոր սուրբ աջը միշտ առողջ պահի նրան և արժանացնի սուրբ Հաղորդությանն ու Երկնքի արքայությանը: Քահանան այս կարգով միևնույն ժամանակ նաև երեխայի մոր համար է խնդրում, որ Աստված մաքրի նրա «մարմնի ախտը և հոգու բիծը», արժանացնի մտնելու աստվածային փառքի սրբություն՝ վայելելու անսպառ բարիքները: Ընծայման կարգը ավարտվում է «Պահպանիչ» և «Հայր մեր» աղոթքներով:
Տյառնընդառաջի տոնը ճշմարիտ լույսի, աստվածային լույսի տոնն է՝ «Ես եմ Լույսն աշխարհի» Հովհ. Ը 12, «Աստված Լույս է, և Նրա մեջ խավար չկա» Ա Հովհ. Ա 5:
0 կարծիք