Սուքիասյանք

Բաժին՝ Սրբեր

Նահատակվել են 130 կամ 140/150 թթ. Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ կամ Սուկավետ (Սուքիասյան) կոչված լեռներում:

Անվանումն ստացել են իրենց առաջնորդ Սուքիասի անունից, որը նկատվում է հունական Հյուսիքոս անվան աղավաղված ձևը և նրա մկրտության անունն է. նախկինը եղել է Բահաթրա կամ Բարաքաթրա: Պահպանվել է Սուքիասյանց վկայաբանությունը, որը համարվում է վաղ շրջանի սրբախոսական երկ: Ճառընտիրները և Հայսմավուրքները, որոնցից քաղում է նաև Հովհաննես Ե. Դրասխանակերտցին, այս գրվածքը վերագրում են Անտոն գրչին: Մ. Ավգերյանը ենթադրում է, որ խոսքը Անտոն Անապատավոր Հռովմայեցու մասին է: Ըստ վկայաբանության՝ Սուքիասյանք ալանաց իշխաններ էին, Սաթենիկ թագուհու ազգակիցները, և ապրել են հայոց արքունիքում: Ոսկյանների քարոզությամբ նրանք դավանափոխ են եղել և մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով: Ոսկյանց նահատակությունից հետո արքունիքը լքած Սուքիասյանք առանձնացել են Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ լեռան ստորոտում, որը, ինչպես կարծում են, հետագայում նրանց անվամբ կոչվել է Սուկավ կամ Սուկավետ: 44 տարի անց Սուքիասյանք նահատակվել են Ալանաց թագավոր Գիգիանոսի մարդկանց ձեռքով: Վկայաբանության մեջ հանվանե հիշատակված են սրանց մկրտական անունները. Սուքիաս, Ղուկիանոս, Պողիքտես, Կոդրատոս, Անտիոքոս, Իքսորոն, Մեմնաս, Փոկաս, Սերգիոս, Դոմետիոս, Ադրանիոս, Զոսիմոս, Բիկտորիոս, Թալկիսոս, Հորդանես, Անաստաս, Թեոդորոս ևն (մոտ 60–70 հոգի): Ըստ Հայսմավուրքի՝ Գրիգոր Ա. Լուսավորիչը նրանց վկայության վայրում կառուցել է եկեղեցի: VII– IX դդ. Սուքիասյանց վկայաբանությունը թարգմանվել է վրացերեն:

Հայ եկեղեցին ս. Սուքիասյանց հիշատակը տոնում է Առաջավորաց պահքին հաջորդող երեքշաբթի օրը, իսկ երբ հիշյալ օրը տոնվում է Տյառնընդառաջը՝ ս. Ատոմյանց հիշատակի հետ: Սուքիասյանց նվիրվել է շարական՝ «Շարական սրբոց Սուքիասանց».

«Ստուգութեամբ տեղեկացեալ հարցանելով զմարգարէն, ով ելցէ ի լեառըն տեառն սրբութեան: Ահա տեսաք զՍուկաւետ լեառըն դիտակ և բնակարան վըկայեացն…»

(Շարական, ԿՊ, 1853, Էջ 634):

[divider]

Քնարիկ Տեր-Դավթյան

[hr]

Գրկ. Յայսմաւուրք, ԿՊ, 1730, օգոստ. 27: Ավգերյան Մ., Լիակատար վարք և վկայաբանութիւն…, հ. 2, Վնտ., 1811, էջ 113–120: «Սոփերք հայկականք», հ. 19, Վնտ., 1854, էջ 33–56: Գալուստյան Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997: Памятники армянской агиографии, Е., 1973, с. 176–185.[hr]
 
Նյութը քաղված է «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից, Երևան, 2002, էջ 945։
Հատկորոշիչներ՝ սուրբ, Սուքիասյանք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...