451 թ. մայիսին Ավարայրի ճակատամարտում հանուն հայրենիքի, քրիստոնեական հավատքի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայ եկեղեցու մեծագույն սրբերից են։ Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը։
Հայ ժողովրդի քրիստոնեացումից ի վեր Հայ եկեղեցին ու հայրենիքի պաշտպանության գործը սերտորեն կապված են եղել միմյանց հետ: Սրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է։ Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր և Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ։ Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին։ «Եվ սեղան կանգնեցնելով՝ ամենասուրբ խորհուրդը կատարեցին. պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. և առավոտյան սուրբ Հաղորդություն ընդունեցին»,- գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:
Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
0 կարծիք