Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Վահան Գողթնեցի։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, 7. 1-7
Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ իմ պատուիրանները պահպանի՛ր քո մէջ: Որդեա՛կ, պատուի՛ր Տիրոջը եւ զօրացի՛ր, եւ բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր: Որդեա՛կ, պահի՛ր իմ պատուիրաններըեւ դու կ՚ապրես, պահպանի՛ր իմ խօսքերը, ինչպէս աչքի բիբը: Կապի՛ր դրանք քո մատներին եւ գրի՛ր սրտիդ տախտակի վրայ: Իմաստութեանն ասա՛, որ քեզ քոյր լինի, եւ խելքը թող դառնայ քո մտերիմը, որպէսզի դրանք քեզ պահպանեն օտար ուչար կնոջից, երբ նա իր խօսքերով հրապուրի քեզ: Իր տան պատուհանից աչքը ճանապարհինյառած՝ նա նայում է անմիտ պատանիներին եւթեթեւամիտ երիտասարդներին:
Եզեկիել մարգարե, 12. 17-19
Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, հացդ կարօտութեա՛մբ կեր եւ ջուրդ տանջանքներո՛վ ու նեղութեա՛մբ խմիր: Եւ ասա՛ այդ երկրի ժողովրդին. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմի բնակիչներին. Իսրայէլի երկրում իրենց հացը կարօտութեամբ են ուտելու, իրենց ջուրը գարշանքով են խմելու, որպէսզի իրենց երկիրն ամբողջութեամբ կործանուի, որովհետեւ նրա բոլոր բնակիչներն ամբարշտութեան մէջ են»»:
Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 8. 12-27
Այսպէս, ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով, որովհետեւ, եթէ ըստ մարմնի ապրէք, կը մեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կապրէք, որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ, քանի որ չստացաք ծառայութեան հոգին վերստին երկիւղի մէջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրութեան հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր: Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թէ Աստծու որդիներ ենք. եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին: Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ, որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար, քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. եւ ոչ միայն այսչափ. այլ եւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը, որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ, իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն՝ համբերութեամբ սպասում ենք դրան: Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։ Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխօսում սրբերի համար:
Ավետարան ըստ Ղուկասի, 21. 12-19
Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
Սրբոյն Վահանայ Գողթնացւոյն:
Մկ. և համբարձի` բձ. Զարմանալի է:
0 կարծիք