Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է՝ վերանվանվելով Վահաբ:
Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն՝ զանազան պատասխանատու պաշտոններ է ստանձնում արքունիքում: Չնայած մեծացել և հասակ էր առել արաբական միջավայրում, բայց Վահանը գիտեր իր նախնիների մասին: Նա չէր մոռացել, որ ինքը եղել է քրիստոնյա և իշխանական տնից: 719 թ. Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին և վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ և տեսնել հայրենիքը՝ վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան՝ իմանում է ամիրապետի մահվան մասին և վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանի որոնումները: Վերջինս որպես ծպտված թափառական դեգերում է հայրենի երկրում, Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում՝ վերջնականապես հաստատվելով Սիրիայի Ռուծափ քաղաքում: Նահատակվում է 737 թվականին՝ մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը:
Սրբի հիշատակության օրը երգվում է հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:
0 կարծիք