Ըստ ավանդության, Ոսկյանները Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, ովքեր առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին և, նրա քարոզներից ազդված, մկրտվում՝ դառնալով քրիստոնյա։ Նրանցից գլխավորը՝ Խռուսին (հայերեն՝ Ոսկի, այստեղից էլ՝ Ոսկյաններ) ձեռնադրվում է նաև քահանա։
Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանները մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում։ Առաջնորդվելով աստվածային պատգամով՝ նրանք գալիս են հայոց արքունիք՝ քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն։ Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները՝ Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, ովքեր մկրտություն են ստանում Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ։ Վերջիններս իրենց գլխավորի՝ Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյաններ։ Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին՝ հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին՝ Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց։
Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են։ Նրանց հիշատակությունը, ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը, և կամ՝ Սուքիասյանց տոնի հետ միասին։
0 կարծիք