Հինկտակարանյան այս սուրբերի նահատակության մասին պատմվում է Մակաբայեցիների երկրորդ գրքի Զ և Է գլուխներում:
Ն. Ք. Բ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ժողովուրդներն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա իր որդիներով ու եղբայրներով ապստամբում է այս որոշման դեմ` հավատարիմ մնալով Աստծո Օրենքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Հուդան, որն իր քաջագործությունների շնորհիվ ստացավ Մակաբեոս հունական մակդիրը, որ նշանակում է մրճահար, հարվածահար: Հետագայում այս մակդիրը տարածվեց ամբողջ ընտանիքի վրա, և նրանք կոչվեցին Մակաբայեցիներ:
Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր` քաջ, աստվածավախ և իմաստությամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, որն արգելված էր ըստ հրեական Օրենքի: Բայց նա, մանկուց սնված լինելով աստվածային պատվիրաններով ու օրենքներով, մերժում է այս առաջարկը` գերադասելով արիաբար մեռնել և բարի անուն թողնել, քան պախարակվել իր ընկերներից ու հարազատներից: Երկար կտտանքներ կրելուց հետո սուրբն ավանդում է իր հոգին` հետագա սերունդների համար դառնալով քաջության և ներշնչանքի աղբյուր:
Նույն այս շրջանին է պատկանում նահատակությունը մի քաջասիրտ մոր ու նրա յոթ զավակների: Նրանց էլ Եղիազար քահանայի նման պարտադրում են խոզի միս ուտել, սակայն Շամունան և իր յոթ որդիները հավատարիմ են մնում իրենց հայրերի հավատքին` արժանանալով կենաց անթառամ պսակին:
Սուրբ Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակը սովորաբար տոնվում է Վարդավառի երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
0 կարծիք