Սուրբ Հովհան Ոսկեբերան
(344/54-407 թթ.)
Սուրբ Հովհան Ոսկեբերանը ընդհանրական եկեղեցու տասներկու վարդապետներից մեկն է: Ծնվել է Անտիոքում, ազնվականի ընտանիքում, ազգությամբ՝ ասորի: Հոր անունը Սեկունդոս էր, մոր անունը՝ Անթուսա: Հայրը մահացել է երբ նա տակավին մանուկ էր: Մոր բարի խնամքի շնորհիվ ստացել է լավ կրթություն՝ ուսանելով ժամանակի հռչակավոր հռետոր և ճարտասան Լիբանիոսի մոտ:
380 թվականին Մելիտոս եպիսկոպոսի թախանձագին հարկադրանքով սարկավագ է ձեռնադրվում: 386 թվականին Մելիտոսին հաջորդած Փլաբիանոս հայրապետը նրան քահանա է ձեռնադրում:
397 թվականին վախճանվում է Կոստանդնուպոլսի Նեկտարիոս պատրիարքը, Արկադիոս կայսրը, տեղյակ լինելով սուրբ Հովհան Ոսկեբերանի համբավի մասին, պատվիրում է, որպեսզի նրան անմիջապես, անաղմուկ բերեն Կոստանդնուպոլիս՝ պատրիարք ձեռնադրելու: 398 թվականին տեղի է ունենում նրա ձեռնադրությունը:
Իր հոտին նվիրված հովիվը ոչ միայն քաղցրությամբ էր խրատում, այլ երբեմն՝ հանդիմանությամբ, այդ էր պատճառը, որ շուտով անվանի հայրապետը շատ հակառակորդներ է ունենում: Այդ հակառակորդների թվին էր պատկանում նաև Եվդոքսիա թագուհին, որը հանդիմանվում էր հայրապետի կողմից արքունական հոռի բարքերի պատճառով: Իր թշնամիների սադրանքով 403 թվականին աքսորվում է, սակայն վախենալով ժողովրդի ցասումից և այդ օրերին տեղի ունեցած երկրաշարժից՝ արքունիքը ետ է բերում հայրապետին: 404 թվականին սուրբ Հովհան Ոսկեբերանը դարձյալ աքսորվում է Կիլիկիայի Կոկիսոն քաղաքը, ավելի ուշ՝ Պիցունդա: Չդիմանալով ճանապարհի դժվարություններին՝ 407 թվականին մահանում է: Նրա արտասանած վերջին բառերն են. «Փա՛ռք քեզ, Աստվա՛ծ, փա՛ռք քեզ, ամեն ինչի համար փա՛ռք քեզ»:
438թ. սուրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերվում և ամփոփվում է Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում:
Ընդհանրական եկեղեցու այս անխոնջ մշակի ոսկիբերան խոսքերը դարեր շարունակ առաջնորդել և կրթել են բազում եկեղեցական սերունդների: Նրա խոսքերից կատարված մեջբերումներ ենք հանդիպում ամենուր: Նա հայտնի է իր Աստվածաշունչ մատյանի գրքերի մեկնություններով: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել արդեն իսկ իր կենդանության օրոք:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հովհան Ոսկեբերանի հիշատակն ամեն տարի տոնում է երկու անգամ, նախ՝ Տասներկու վարդապետների շարքում` Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, ապա՝ առանձին` Խաչվերացի Է կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 կարծիք