Սուրբ Հակոբոս Տյառնեղբայրը կապող օղակն է ավետարանական սրբերի և Գործք Առաքելոցում հիշված սրբերի միջև: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան բնորոշում է «արդար» մակդիրով:
Վարքագրական աղբյուրների համաձայն՝ ոմանք բռնանում են նրա վրա և պատվիրում, որ բարձրանա աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսի: Սակայն նա բարձրանալով՝ սկսում է խոսել Հիսուս Մեսիայի մասին, որ նստած է Աստծո աջում և որ գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատեր հավատքի են գալիս, բայց ուրիշներ սրբին աշտարակից վայր են նետում: Ըստ ավանդության՝ թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում: Նրա անունով մեզ է հասել ընդհանրական մեկ թուղթ:
Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Հակոբոսը նրա «եղբայրը», ազգականը՝ ըստ մարմնի: Այս երկու սուրբերի անուները միասին են տոնախմբվում՝ խորհրդանշելու համար Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ:
Հայ Եկեղեցին ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Ս. Ծնունդին նախորդող Ավագ Տոների ժամանակ:
0 կարծիք