Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է։ Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական իր աթոռին։ Մասնակցել է 381 թ. Կոստանդնուպոլսի Տիեզերական ժողովին։ Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաև հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սուրբ Խաչի երևման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում։ Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» գրվածքը, որ ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության։ Ըստ ավանդության, Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցու Սուրբ Ստեփանոս մատրան մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտել է Կյուրեղ Հայրապետը։
Սուրբ Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ՝ Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։
0 կարծիք