Սուրբ Խարեթյանները († 523) ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեգրան քաղաքում:
Զ դարի հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա՝ բնակիչներին հուդայականության դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը՝ հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին հրամայում է այրել խարույկի վրա, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին` բանտարկում: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց՝ պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են՝ ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա մահը ձեռքբերում է», և անվախորեն հանձնվում են տանջանքների:
Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին, և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ս. Խարեթյանների, սուրբ վկաներ Արտեմիոսի, Քրիստափորի, և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակը նշում է Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 կարծիք