Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Զաքարիա մարգարե:
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Զաքարիա մարգարե, Գ. 7 – Դ. 9
Այսպէս ասաց Ամենակալ Տէրը. «Եթէ իմ ճանապարհներով գնաս եւ պահես իմ հրամանները, դու կը լինես դատաւորը իմ Տան. եւ եթէ պահես իմ գաւիթները, քեզ կը դարձնեմ մէկը նրանցից, որոնք ահա շրջում են դրանց մէջ: Բայց լսի՛ր, Յեսու մե՛ծ քահանայ, դո՛ւ եւ քո մերձաւորները, որ նստած են քո առաջ, քանզի նրանք գիտակ կանխատես մարդիկ են: Ահա ես բերում եմ իմ ծառային՝ Շառաւիղին, քանի որ այն քարի վրայ, որ դրեցի Յեսուի դիմաց, եօթը աչքեր կան. ահա ես խորխորատ պիտի փորեմ, – ասում է Ամենակալ Տէրը, – եւ պիտի շօշափեմ այդ երկրի ամբողջ անօրէնութիւնը մէկ օրում: Այն օրը, – ասում է Ամենակալ Տէրը, – բոլորդ պիտի կանչէք, իւրաքանչիւրն իր ընկերոջը, որթատունկի եւ թզենու տակ»:
Եւ հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, դարձաւ եւ արթնացրեց ինձ, ինչպէս մարդ արթնանում է իր քնից, եւ ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում դու»: Ես ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձոյլ մի աշտանակ եւ նրա վրայ գունդ. գնդի վրայ՝ եօթը ճրագ, ճրագների վրայ՝ եօթը բերաններ»: Աշտանակի վրայ կային երկու ձիթենիներ, մէկը՝ վառուած գնդի աջ կողմում եւ մէկը՝ ձախ կողմում: Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ, ես հարցրի եւ ասացի. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»: Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»: Ես ասացի. «Ո՛չ, Տէ՛ր»: Պատասխան տուեց Հրեշտակը եւ ասաց ինձ. «Սա Տիրոջ խօսքն է Զօրաբաբէլին՝ ասուած ոչ թէ մեծ զօրութեամբ եւ ուժգնութեամբ, այլ իմ հոգո՛վ, – ասում է Ամենակալ Տէրը: – Ո՞վ ես դու՝ մե՛ծ լեռ, որ կանգնած ես Զօրաբաբէլի առաջ, ես կը հանեմ ժառանգութեան քարը՝ շնորհների հաւասարութիւն շնորհելու նրան»: Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. «Զօրաբաբէլի ձեռքերը հիմք գցեցին այս Տանը եւ նրա ձեռքերն էլ կը կանգնեցնեն դա»: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ:
Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, ԺԲ. 28 – ԺԳ. 3
Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ: Միթէ բոլո՞րն էլ առաքեալներ են. միթէ բոլո՞րն էլ մարգարէներ են. միթէ բո լո՞րն էլ ուսուցանողներ են. միթէ բոլո՞րն էլ զօրութիւններ գործողներ են. միթէ բոլո՞րն էլ բժշկելու շնորհ ունեն. միթէ բոլո՞րն էլ լեզուներ են խօսում. միթէ բոլո՞րն էլ թարգմանում են: Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին: Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կը տամ ձեզ:
Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են: Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ: Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ:
Ավետարան ըստ Մատթեոսի, ԻԳ. 34-39
Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»: Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»: Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԴՁ. Սրբոյն Զաքարիայի մարգարէին։
Օրհ. ակ. Որ զաստուածային։ Հրց. աձ. Որ յերկնային, իւր սարօքն։ Մեծ. աձ. Զքեզ երեւեալ։ Մնկ. եւ Հմբ. դձ. Որ զյառաջագոյն։ Ժմտ. Տէր որ հիմնեցուցեր։ Ճշ. շրկ. աձ. Ճառագայթ:
0 կարծիք