Զաքարիա մարգարեն աստվածաշնչյան 12 փոքր մարգարեներից է։ Աստվածաշունչ մատյանում 14 գլուխներից բաղկացած նրա գիրքը ամենամեծն է փոքր մարգարեների գրքերից: Այն կոչվում է նաև հույսի գիրք, որ պատկերում է Աստծո թագավորության տարածումն Իսրայելում՝ Սողոմոնի տաճարի վերաշինման միջոցով։
Զաքարիայի մարգարեությունները վերաբերում են ն. Ք. 520-517 թվականներին, երբ Զորաբաբելն ու Հեսուն վերականգնում էին Երուսաղեմի Տաճարը: Հենց այստեղ է, որ Զաքարիան, իբրև Տիրոջ մարգարե, սկսում է իր առաքելությունը հրեաների մեջ և գործուն կերպով աջակցում տաճարի վերաշինությանը:
Զաքարիայի մարգարեությունը արժեքավոր է ոչ միայն իր տեսիլքներով, այլև Քրիստոսի` Մեսիայի գալստյան մասին մարգարեություններով (Զաք. 9-10, 11․ 12, 12․ 10, 13․ 7): Նա մարգարեացել է Մեսիայի (Հիսուսի) գալուստը, Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ, խաչելությունը, գեղարդով խոցվելը, երեսուն արծաթով վաճառվելը և այլն: Հետագայում ավետարանիչները, պատմելով Հիսուսի կյանքի վերոհիշյալ դեպքերի մասին, հիշատակել են Զաքարիայի մարգարեությունները։
Համաձայն Մատթեոս Ավետարանչի Զաքարիա մարգարեն սպանվել է Տաճարում (Մատթ. 23․ 35):
Զաքարիա մարգարեի ոգին և կեցվածքն ուսուցողական և կենդանի պատգամ են` ուղղված բոլորին, ովքեր ջանք և միջոց չպիտի խնայեն տաճարների, իբրև հավատի վկայարանների, վերականգնման և կառուցման համար, քանզի դրանք են որ վկայում են հույսի ու հավատի մասին, դրանք են, որ երաշխիք են ազգային միախմբման ու հարատևման:
Հայ Եկեղեցին Զաքարիա մարգարեի հիշատակը նշում է Հոգեգալստյան 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը։
0 կարծիք