Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է։
Ըստ ավանդության, հայոց մեծ դարձից հետո սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թ.: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացյալ կաթողիկոսին, նրա մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղը իր աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում:
Սբ Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների մեծագույն սրբություններից են։ Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասը իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ Աջը Հայ Եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը։
Սբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո հանդիպող երրորդ շաբաթ օրը։ Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ Պատարագ։ Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք։ Տոնն ունի նաև իր նախատոնակը։
0 կարծիք