Հարց. Եթե այդպես է , ապա զգաստ լինենք, խրատին հետևենք, և առանց մյուսներին նայելու՝ ես իմ գլուխն ազատեմ: Ուրիշ ի՞նչ խրատ ունես տալու:
Պատասխան. Ժամանակին պարծեցար, թե շնություն չես անում, ես էլ լռեցի՝ ասածդ որպես ճշմարտություն ընդունելով: Բայց ինչ որ ասում ու պարծենում էիր, բոլորն էլ սուտ էր, վախենում եմ՝ այս պարծանքդ էլ սուտ լինի:
Հարց. Ես դատարկ տեղը չեմ պարծենում, իրոք որ ուրիշի մոտ շնության չեմ գնացել ոչ մի անգամ:
Պատասխան. Շնությունը միայն ուրիշի մոտ գնալը չէ: Մի՞թե չլսեցիր, որ Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց շնացող կոչեց, նաև մի՞թե Քրիստոս չասաց. «Ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթեոս Ե 28):
Հարց. Նման բաներ ինձ հետ շատ է պատահում և շատ է նեղում, որովհետև կամքիս հակառակ ցանկությունս շատ է բորբոքվում, երբեմն էլ այնքան սաստիկ է նեղում, որ քիչ է մնում մեղքի որոգայթի մեջ ընկնեմ: Եթե մի հնար կա սրանից ձերբազատվելու, ցո՛ւյց տուր, խնդրում եմ:
Պատասխան. Դրա միակ հնարը պահքն է:
Հարց. Ես շատ եմ պահք պահում, բայց անօգուտ:
Պատասխան. Դրա պահքն այլ է, որը չգիտես: Այդ ախտի կրակը բորբոքող քամին երեք դռներից է ներս մտնում. հենց այդ դռներն են, որ պետք է փակել, որպեսզի քամին չփչի և կրակն էլ չբորբոքվի:
Հարց. Որո՞նք են այդ դռները:
Պատասխան. Այդ երեք դռներն են՝ աչքը, ականջն ու բերանը: Աչքով վատ բանին ես նայում, ականջով լսում ես չար խոսքեր ու զազիր, անհամեստ երգեր, իսկ բերանով խոսում նույն աղտեղի խոսքերը: Այս քամիներն են, որ գալով բորբոքում են ցանկության կրակը, թեպետ միտքդ այնտեղ չէ, չես ուզում նայել կանանց, բայց կանանց մեջ ես պտտվում: Չես ուզում չար խոսքեր լսել, բայց անառակների ու գուսանների հետ ես լինում: Եթե իրոք չես ուզում շնանալ, ապա այդ երեք դռները պիտի փակես, որ հանգիստ լինես:
Հարց. Դա նույնպես ըմբռնեցի, ինչպես և Քրիստոսի կամքը: Եթե այլ խրատներ կան, որ չգիտեմ, շարունակի՛ր ուսուցանել:
Պատասխան. Ահա մի խրատ ևս մտաբերեցի. քանի որ Քրիստոսի կամքն ամբողջապես ըմբռնեցիր, հանկարծ ետ չդառնաս նորից և արժանանաս Քրիստոսի հանդիմանական խոսքին:
Հարց. Ո՞րն է Քրիստոսի հանդիմանությունը:
Պատասխան. «Այն ծառան, որ գիտե իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի» (Ղուկաս ԺԲ 47):
Հարց. Գնալով պատվերներդ սաստկացնում ես, վերջը չգիտեմ՝ ուր ես հասնելու:
Պատասխան. Քեզ սաստի՞կ թվաց ասածներս, հապա եթե Մատթեոսի գրածը կարդաս, ի՞նչ ես ասելու. «Չար և ծույլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, և հավաքում այնտեղից, ուր չեմ ցանել. դու պետք է իմ այդ դրամը լումայափոխների մոտ դնեիր, և ես գալով տոկոսով միասին պահանջեի այն, ինչ որ իմն է» (Մատթեոս ԻԵ 26-27):
Հարց. Կարծես այդ խոսքերը չհասկացա, խնդրում եմ, բացատրի՛ր:
Պատասխան. Խոսքերն այդ բացատրված են վաղուց, որովհետև Քրիստոս, երբ աշխարհ եկավ, սկզբում մարդկանցից գործ չպահանջեց, այլ միայն հավատ. «Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի» ասաց, բայց հավատը հաստատելուց հետո գործ էլ պահանջեց՝ ասելով. «Թող տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն երկնավոր Հորը»: Այս խոսքից երևում է, թե հավատի շնորհ տալուց հետո մեզանից բարեգործության պտուղ է ցանկանում, որով էլ պարտական ենք մնում: Երկնավոր անհասանելի պարգևների փոխարեն ինչո՞վ պիտի վճարենք մեր պարտքերը, եթե ոչ բարեգործության պտուղներով միայն և Աստծու պատվիրաններն անթերի կատարելով: Եվ եթե մենք մեր կենդանության օրոք չվճարենք այդ պարտքերը, ապա Քրիստոս դատաստանի օրը հավատի շնորհների պարգևների հաշիվը պիտի պահանջի մեզանից ու հանդիմանի:
Հարց. Այդ առավել երկյուղալից էր:
Պատասխան. Եթե անհոգության ես մատնված, ապա երկյուղալից խոսքը դեռ հետո պիտի լսես, ինչպես որ Մատթեոս ավետարանիչն է գրում. «Արդ, դրանից առեք այդ քանքարը և տվեք նրան, ով տասը քանքար ունի. քանի որ ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի: Իսկ այդ անպիտան ծառային հանե՛ք դուրս, արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտում» (Մատթեոս ԻԵ 28-30): Ուրեմն, եթե որևէ մեկը մկրտությամբ ու հաղորդությամբ ստացած շնորհները չբազմապատկի, այսինքն՝ համապատասխան կյանքով չապրի, այլ միայն այդքանով համարի, թե փրկված է և բարեգործ չլինի. պիտի զրկվի իր նախկին շնորհներից, իսկ նրա վախճանը հավիտենական դատապարտություն է: Ա՛յ, սա իրոք սարսափելի է:
0 կարծիք