Հարց. Հասկացա, որ քրիստոնեության նշանը երեսը խաչակնքելն է: Եթե միայն այդ է, ուրեմն շատ դյուրին է քրիստոնեությունը: Թեպետ դու սկզբից մեզ վախեցրիր քրիստոնեությունը դժվարին մի բան ներկայացնելով: Երես խաչակնքելուց հեշտ բան չկա: Մեկ օրում հազար անգամ կարող եմ խաչակնքել:
Պատասխան. Քրիստոնեությունը մի մեծ և կարևոր նշան ևս ունի: Եթե այն քո մեջ չլինի, որքան էլ խաչակնքես, ճշմարիտ քրիստոնյա չես լինի:
Հարց. Այդ նշանը ո՞րն է, բացատրիր ինձ:
Պատասխան. Քրիստոնեության մեծ և անհրաժեշտ նշանը եղբայրասիրությունն է, այսինքն՝ ընկերոջդ պետք է այնպես սիրես, ինչպես ինքդ՝ քեզ: Աստված Մովսեսին ասաց. «Պետք է սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ՝ քեզ» (Ղևտ ԺԹ 18): Նաև Քրիստոս իր աշակերտներին ասաց. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես ԺԳ 35):
Հարց. Իմ սիրելի ընկերն ո՞վ է:
Պատասխան. Յուրաքանչյուր մարդ քո ընկերն է: Պետք է սիրես, որովհետև քեզ նման մարդ է:
Հարց. Օտարներն ինձ ինչպե՞ս ընկեր կլինեն, որ ես սիրեմ նրանց:
Պատասխան. Հիմա քեզ մի հարց տամ: Մի քանի հոգով ճանապարհորդում եք մի քանի քաղաք, օրինակ Պոլիս, Դամասկոս, Երուսաղեմ և այլն: Այդ մարդիկ քեզ անծանոթ են, բայց միասին եք ճանապարհորդում: Սակայն նրանցից մեկը քո ազգականն է: Եթե մեկը քեզ հարցներ, թե այն քաղաքը, որ գնացիր, մենա՞կ էիր, թե՞ ընկերներ ունեիր, ի՞նչ կպատասխանեիր նրան: Կասեիր՝ շատ ընկերներ ունեի, թե՞ անծանոթների մասին ոչինչ չէիր ասի, այլ միայն այն ազգականիդ մասին ակնարկելով՝ կասեիր, թե մի ընկեր ունեի: Տուր այս հարցի պատասխանը:
Հարց. Ի՞նչ կարիք կա հարցնելու: Պարզ է, որ միասին ճանապարհ գնացող մարդիկ՝ թե՛ օտար, թե՛ ազգական, իրար ընկեր են լինում:
Պատասխան. Եթե գիտես, որ միասին ճանապարհորդող մարդիկ իրար ընկեր են լինում, ինչո՞ւ ես հարցնում, թե սիրելի ընկերս ո՞վ է: Չգիտե՞ս, որ բոլոր քրիստոնյաները ծնվել են սուրբ Ավազանից և Աստծուն որդեգիր են դարձել: Բոլորը մի Սեղանից են ճաշակում
և բոլորը դավանում են մեկ Սուրբ Երրորդություն: Ամենքն էլ միասին ճանապարհորդ են դարձել՝ երկնքի արքայություն գնալու համար: Եվ պետք է գնան, եթե մեղքից զգուշանան: Ուստի բոլոր քրիստոնյաներին ընկերոջ նման պետք է սիրես, թե՛ օտար լինի,
թե՛ ազգական:
Հարց. Եթե ընկերս ինձ չսիրի, ես նրան պետք է սիրե՞մ:
Պատասխան. Այո՛, քեզ չսիրողներին պետք է սիրես, որ հայտնի լինի Քրիստոսին աշակերտ լինելդ: Եթե քեզ սիրողներին սիրես, ինչո՞վ կտարբերվես անհավատներից, ինչպես և Քրիստոս ասաց. «Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞
որ մաքսավորներն էլ նույնն են անում» (Մատթեոս Ե 46):
Հարց. Ապա ինչո՞ւ է հին օրենքը գրում. «Ընկերոջդ սիրի՛ր և թշնամուդ ատի՛ր»:
Պատասխան. Այո՛, հին օրենքում այդպես է ասվել, բայց Քրիստոս հրամայեց. «Եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթեոս Ե 20):
Հարց. Քրիստոս ինչո՞ւ է պատվիրում, որ մեր արդարությունը ավելին լինի, քան հրեաներինը:
Պատասխան. Զ Շավիղի մեջ Հին և Նոր Ուխտերի տարբերությունը պատմեցինք: Չհասկացա՞ր, թե որքան տարբերություն կա: Աստված հրեաներին Եգիպտոսից ազատեց, իսկ մեզ՝ դժոխքից: Նրանց քանանացիների երկիրը՝ Երուսաղեմ խոստացավ տանել, իսկ մեզ՝ Վերին Երուսաղեմ և անվախճան փառք խոստացավ: Դրա համար մեր արդարությունը նրանցից ավել պետք է լինի, որովհետև մեզ ավելին է խոստացած:
Հարց. Ի՞նչ պետք է անենք, որ նրանցից ավել լինի մեր արդարությունը:
Պատասխան. Եթե ընկերներին սիրենք և թշնամիներին ատենք, հավասար կլինենք հրեաներին: Բայց եթե մեր թշնամուն սիրենք, նրանցից ավելին կլինենք, ինչպես Քրիստոս հրամայեց. «Սիրեցե՛ք ձեր թշնամուն», և այս ասելուց բացի Իր երկնավոր Հոր բնությունն է մեզ բացատրում, որ Նրան նմանվենք. «Որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթեոս Ե 45): Ուստի մենք, որ Իր ստեղծած ծառաներն ենք, խտրություն պետք է չդնենք մարդկանց միջև: Թե՛ լավին և թե՛ վատին պետք է սիրենք, որովհետև մեզ նման մարդ են: Լավն ու վատը որոշելը Աստծու գործն է:
Հարց. Միայն սա՞ է ավելին:
Պատասխան. Ո՛չ, այլ պատվիրաններ ևս կան, որովհետև հին օրենքն ասում է, թե մարդ մի՛ սպանիր. «Ով մարդ սպանի, պարտական է դատաստանի», մինչդեռ Քրիստոս ասում է. «Ով զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի» (Մատթեոս Ե 22): Ուստի եթե մենք միայն մարդ չսպանենք, հրեաներին կնմանվենք, մինչդեռ մենք նույնիսկ չպետք է բարկանանք մարդու վրա, որպեսզի նրանցից ավելին լինենք: Տե՛ս, որ մեր բարկությունը ավելի մեծ հանցանք է, քան մարդասպանությունը:
Հարց. Կա՞ ուրիշ պատվեր ավելի:
Պատասխան. Թեպետ շատ պատվերներ կան ավել, բայց բոլորն էլ մի առ մի ասելը ավելորդ համարեցինք՝ ձանձրություն չպատճառելու համար: Սակայն այս մի պատվերը, որ շատ կարևոր է, կցանկանայի բացատրել: Որովհետև հին օրենքը հրամայում է աչք հանողի աչքը հանել և ատամ հանողի՝ ատամը: Բայց Քրիստոս ասում է. «Չարին հակառակ չկանգնել, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» (Մատթեոս Ե 39): Ուստի եթե մեզ հարվածողներին մենք էլ հարվածենք, հրեաներին կնմանվենք, բայց երբ մենք մեր մյուս երեսը դարձնենք, մեր արդարությունը նրանցից ավելին կլինի:
--------------------
Հին հղումը
0 կարծիք