Շավիղ Գ.
Հարց. Հետո Հիսուսին ո՞ւր տարան և ի՞նչ արեցին:
Պատասխան. Հրեշտակը երևաց Հովսեփին տեսիլքի մեջ և ասաց. «Վերցրո՛ւ տղային ու Նրա մորը, փախի՛ր Եգիպտոս ու այնտեղ մնա՛, մինչև որ ես քեզ կասեմ. որովհետև Հերովդեսը տղային է փնտրում սպանելու համար»: Հովսեփը գիշերը վեր կացավ և տղային ու Նրա մորը գաղտնի տարավ Եգիպտոս. այնտեղ որոշ ժամանակ մնաց, մինչև որ Հերովդեսը մահացավ (Մատթեոս Բ 15):
Հարց. Հիսուսի՝ Եգիպտոս գնալը կանխապես գրվա՞ծ էր:
Պատասխան. Այո՛, Եսայի մարգարեն գրում է. «Ահավասիկ Տերը, բազմած թեթևասահ ամպերի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը Նրա ահից պիտի դողան» (Եսայի ԺԹ 1):
Հարց. «Թեթև ամպ» ո՞ւմ համար է ասում:
Պատասխան. Աստվածածնի համար է ասում որովհետև Աստվածածինը, Հիսուսին գրկելով տարավ Եգիպտոս:
Հարց. Ինչո՞ւ է Աստվածածնին «թեթև ամպի» նմանեցնում:
Պատասխան. Թեթև ամպն իր մեջ անձրև ու մեգ չունեցող ճերմակ ու փայլուն մի ամպ է, որ Աստվածածնի անարատ լինելն է նշանակում, ինչպես որ Շարականն էլ է ասում. «Թացություն չունեցող թեթև ամպ»:
Հարց. Հետո Եգիպտոսից եկա՞ն:
Պատասխան. Այո՛, Հերովդեսի մահից հետո Տիրոջ հրեշտակը դարձյալ Հովսեփին տեսիլքի մեջ երևաց ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ տղային ու Նրա մորը և Իսրայել երկիրը գնա՛, որովհետև մահացան տղային փնտրողները» (Մատթեոս Բ 20): Եվ Հովսեփը Հիսուսին և Աստվածածնին վերցրեց, եկավ Գալիլիայի երկիր ու բնակվեց Նազարեթ կոչված քաղաքում: Հիսուս օրըստօրե մեծանում էր և մինչև երեսուն տարեկան լինելը Իր Ով լինելը մարդկանց չէր հայտնում և ապրում էր իբրև հասարակ մարդ (Մատթեոս Բ 23):
----------------------
Հին հղումը
0 կարծիք