Շավիղ Ա.

Շավիղ Ա.

Հարց. Սիրելի եղբա՛յր, դու ի՞նչ հավատքի ես պատկանում:

Պատասխան. Աստծու շնորհով քրիստոնյա եմ:

Հարց. Ինչպե՞ս ես դարձել քրիստոնյա:

Պատասխան. Սուրբ Երրորդության անունով մկրտվելով ու սուրբ Ավազանից ծնվելով:

Հարց. Սուրբ Երրորդությունն ի՞նչ է, կարո՞ղ ես ինձ բացատրել:

Պատասխան. Սուրբ Երրորդությունը մարդկորեն անհասկանալի, անճառելի է, ես չեմ կարող բացատրել, բայց այսքանը կարող եմ քեզ ասել, որ Երրորդության մեջ երեք անձ կա. Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված. երեք անձ, որ մեկ բնություն, մեկ զորություն և մեկ աստվածություն ունեն:

Հարց. Լավ չհասկացա. մի օրինակ ցույց տուր, որ խելքս հասնի:

Պատասխան. Ահա՛ քեզ օրինակ արևը. նախ՝ արևի գունդը, երկրորդ՝ լույսը և երրորդ՝ ջերմությունը. թեպետ երեք անուն կա, բայց երեքն էլ արև անունով ենք հիշում, այսինքն՝ արևի գունդը, արևի լույսը և արևի ջերմությունը, որոնք ամբողջը մեկ արև են և ո՛չ՝ երեք, որովհետև մեկը մյուսից բաժանված չեն: Նույնպես Երրորդության մեջ երեք անուն ենք հիշում՝ Հայր, Որդի, Հոգի. բայց երեքն էլ մեկ Աստծու անունով ենք հիշում, այսինքն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված: Սրանք երեքն էլ մեկ են և ոչ՝ երեք Աստված, որովհետև մեկը մյուսից բաժանված չեն, և երեքը մեկ բնություն, մեկ կարողություն ունեն:

Հարց. Հիմա փոքր-ինչ հասկացա. բայց առաջին հարցիս պատասխանը տվեցիր, թե քրիստոնյա ես, ես էլ ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում քրիստոնյա:

Պատասխան. Քրիստոսին հավատացող և Քրիստոսին աշակերտող:

Հարց. Աղաչում եմ քեզ, եղբա՛յր, Քրիստոսի ով լինելը ինձ բացատրիր, որ ես էլ Քրիստոսին աշակերտ լինեմ:

Պատասխան. Արդեն ասացինք, թե Երրորդության մեջ երեք անձ կա. Հայր, Որդի, Հոգի. այս երեք անձերից մեկը՝ Որդին, հավիտենությունից առաջ Հորից ծնված լինելով, սահմանված ժամանակին երկնքից խոնարհվեց ու սուրբ Կույս Մարիամի արգանդն իջավ:

Հարց. Դրա մասին կանխապես գրվա՞ծ էր:

Պատասխան. Այո՛, Դավիթը գրում է. «Նա թող իջնի որպես անձրև գեղմի վրա և որպես ցող՝ երկրի վրա» (Սաղմոս ՀԱ 6):

Հարց. Հետո ի՞նչ արեց Կույս Մարիամի արգանդի մեջ:

Պատասխան. Նրանից մարմին առնելով՝ միավորեց Իր Աստվածությանը և ինն ամսից հետո ծնվեց Կույս Մարիամից ու մեզ նման մարդ եղավ:

Հարց. Ասացիր, որ ստացած մարմինը միավորեց իր Աստվածությանը, ապա ինչո՞ւ ոմանք ասում են, թե լոկ մարդ ծնվեց:

Պատասխան. Այդ բանն ասում են նեստորականները: Այս պատճառով քրիստոնեական եկեղեցին նզովում է նեստորական աղանդը:

Հարց. Ապա մենք ինչպե՞ս պիտի հավատանք:

Պատասխան. Կատարյալ Աստված և կատարյալ Մարդ, հղացավ և ծնվեց Կույս մորից, և Կույս Մարիամին էլ Աստվածածին ենք դավանում և ոչ՝ մարդածին:

Հարց. Աստված և մարդ ծնելու մասին կանխապես գրվա՞ծ էր:

Պատասխան. Եսայի մարգարեն գրում է. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի Է 14):

Հարց. Որտե՞ղ ծնվեց:

Պատասխան. Բեթղեհեմի քարանձավում՝ մսուրի մեջ:

Հարց. Այդտեղ ծնվելը նախապես գրվա՞ծ էր:

Պատասխան. Ա՛յո, Միքիա մարգարեն գրում է. «Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի սակավամարդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզանից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան, և Նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է» (Միքիա Ե 2):

Հարց. Անունն ի՞նչ դրեցին:

Պատասխան. Անունը Հիսուս դրեցին:

Հարց. Քանի որ քարանձավի մեջ ծնվեց, այդ մասին մարդ իմացա՞վ:

Պատասխան. Տիրոջ հրեշտակը երևաց հովիվներին և ավետեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում…: Որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալ Տերն է» (Ղուկաս Բ 10-11), այսինքն՝ Քրիստոս:

Հարց. Արդյոք ուրիշ մարդ ևս իմացա՞վ:

Պատասխան. Արևելքից մոգեր եկան, Հիսուսին ընծա բերին ու երկրպագեցին:

Հարց. Որտեղի՞ց իմացան մոգերը:

Պատասխան. Երկնքում մեծ աստղ տեսան, որը նրանց առաջնորդելով մինչև Երուսաղեմ բերեց:

Հարց. Մոգերի գալու մասին նախապես գրված կա՞ր:

Պատասխան. Դավիթ մարգարեն գրում է. «Թարսիսի և կղզիների թագավորները նվերներ թող մատուցեն նրան: Արաբիայի և Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան» (Սաղմոս ՀԱ 10):

Հարց. Մոգերը կարողացա՞ն անմիջապես գտնել Հիսուսին:

Պատասխան. Ո՛չ, որովհետև երբ եկան Երուսաղեմ, աստղը ծածկվեց, ուստի Հերովդես թագավորին հարցրին. «Հրեից թագավորը որտե՞ղ ծընվեց. մենք նրա աստղը տեսանք արևելքում ու նրան երկրպագելու եկանք»: Եվ երբ Հերովդեսն այդ մասին լսեց, զայրացավ, տակնուվրա եղավ ու քահանայապետներին կանչելով հարցրեց. «Քրիստոսը որտե՞ղ պետք է ծնվի», նրանք էլ պատասխանեցին. «Բեթղեհեմում պետք է ծնվի» (Մատթեոս Բ 2):

Հարց. Ապա ի՞նչ արեց Հերովդեսը:

Պատասխան. Մոգերին Բեթղեհեմ ուղարկեց ու պատվիրեց, որ երբ Հիսուսին գտնեն, իրեն հայտնեն, որպեսզի ինքն էլ գնա երկրպագի Նրան:

Հարց. Դրա վրա կասկածում եմ. չլինի՞ թե Հերովդեսի նպատակը Հիսուսին սպանելն է:

Պատասխան. Այո՛, ինչպես որ հետո նշանը ցույց տվեց:

Հարց. Ի՞նչ նշան ցույց տվեց:

Պատասխան. Երբ մոգերը Բեթղեհեմ գնացին, նորածին Հիսուսին տեսան մսուրի մեջ դրված, երկրպագեցին ու իրենց ընծաները տվեցին, բայց Հրեշտակը չթողեց, որ նորից Երուսաղեմ վերադառնան ու Հերովդեսին իմաց տան Հիսուսի տեղը. ապա մի ուրիշ ճանապարհ ցույց տվեց, որով գնացին իրենց երկիրը, իսկ երբ Հերովդեսը իմացավ, որ մոգերն իրեն խաբել են, սաստիկ բարկանալով մարդ ուղարկեց, Բեթղեհեմի և նրա սահմանների մեջ եղած բոլոր երկու տարեկանից փոքր տղա երեխաներին կոտորել տվեց, որպեսզի Հիսուսն էլ նրանց մեջ մեռնի (տե՛ս Մատթեոս Բ 16):

Հարց. Մատթեոս Ավետարանչի խոսքին նայելով՝ Հիսուս այն ժամանակ հինգ, վեց օրական պետք է լիներ, ապա ինչո՞ւ է Հերովդեսը երկու տարեկան երեխաներին սպանել տալիս:

Պատասխան. Թեպետ Մատթեոսի խոսքից թվում է, թե մանուկների կոտորածը շատ մոտ է Հիսուսի ծնունդին, բայց երկու տարեկանից փոքրերին կոտորելուց իմացվում է, որ բավական ժամանակ անցած պիտի լիներ Հիսուսի ծնունդից մինչև մանուկների կոտորածը, ինչպես որ Մատթեոսի մեկնությունն է ասում :

Հարց. Ո՛հ, ինչ քարսիրտ, վատ մարդ է եղել Հերովդեսը: Արդարև, այդ անմեղ տղաների սպանդը իմ սիրտը շատ ցավեցրեց: Բայց նախապես գրված կա՞ր այս մասին:

Պատասխան. Երեմիա մարգարեն գրում է. «Մի ձայն է լսվում Ռամայում, ողբ, լաց ու գույժ. Ռաքելը ողբում է իր որդիներին, որդիների պատճառով չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք չկային» (Երեմիա ԼԱ 15):

Հարց. Ռամա ասվածը որտե՞ղ է, և կամ Ռաքելը ո՞վ է:

Պատասխան. Ռամա ասվածը մի գյուղ է Բեթղեհեմի ճանապարհի վրա՝ սուրբ Եղիայի վանքի մոտ, որ նաև Արեմաթեա են ասում: Ռաքելն էլ Հակոբ նահապետի կինն է, որ Խառանից գալու ժամանակ այնտեղ մեռավ, և նրա գերեզմանը Ռամայի ներքևում է:

Հարց. Արդյոք ինչո՞ւ էր լալիս:

Պատասխան. Ռաքելը՝ որպես Բենիամինի մայր, Հիսուսի պատճառով սպանվող մանուկներին իր զավակներն էր համարում:

--------------------------------
Հին հղումը
Հատկորոշիչներ՝

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...